Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` թեեւ վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այդուհանդերձ, ամեն տարի աշխարհում կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ, որոնց կեսը` ոչ անվտանգ պայմաններում:
Համաձայն ԱՀԿ-ի ուսումնասիրությունների` աշխարհի մասշտաբով մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության արհեստական ոչ անվտանգ ընդհատման բարդություններով, ավելին` յուրաքանչյուր տարի հղիության արհեստական ընդհատման հետեւանքով մահանում են 70.000 կանայք, իսկ տասնյակ-հազարավորների մոտ ծանր բարդություններ են առաջանում: Աշխարհի բոլոր երկրներում գործում է որոշակի պայմաններում հղիությունն արհեստական ընդհատելու վերաբերյալ օրենք: Վերջին տարիներին ԱՄՆ որոշ նահանգներում առողջապահական ոլորտի մասնագետները նույնիսկ բուռն քննարկումներ են սկսել հղիության արհեստական ընդհատման թույլատրելի ժամկետը կրճատելու ուղղությամբ` դրան զուգահեռ` ունենալով կոռուպցիոն ռիսկերի զգալի մեծացման մտահոգությունը: Որոշ երկրներում առհասարակ արգելված է աբորտը, եւ չնայած այդ արգելքին` հղիությունների արհեստական ընդհատումները կատարվում են գաղտնի պայմաններում` այդ պետություններում ստեղծելով ստվերային գումարների հսկայական շրջանառություն: Աշխարհում, ինչպես նաեւ` Հայաստանում, հղիության արհեստական ընդհատումների խնդիրն այսօր էլ մտահոգիչ է: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հավաստմամբ` Հայաստանում վերջին 10-12 տարիների ընթացքում նկատվում է աբորտների ստաբիլ անկման ցուցանիշ: «Մենք ունենք երեք համազգային «Ժողովրդագրական եւ առողջապահական» կոչվող հետազոտություն, որն իրականացվում է 5 տարին մեկ: Երրորդ` 2010թ. հետազոտությունների տվյալներով` Հայաստանում աբորտների տենդենցը գնում է դեպի անկում: Եթե մենք 2000թ. ունեինք 60% աբորտների ցուցանիշ, ապա 2005թ.` 48% էր։ Այսինքն` մոտավորապես հղիությունների կեսն ավարտվում էր աբորտով: Այսօր մենք ունենք մոտ 25-30% աբորտների թիվ»,- վստահեցնում է Գ. Հայրապետյանը: Մինչդեռ նվազման միտումը չի նշանակում, որ հղիության արհեստական ընդհատումների դեպքերը քիչ են, քանի որ անկումը միանշանակ պայմանավորված է նաեւ հակաբեղմնավորիչների լայն կիրառումով: Ներկայումս դրանց ձեռքբերումը դարձել է առավել մատչելի, հետեւաբար` բնակչությունն իրազեկված է այդ ճանապարհով հղիությունից խուսափելու մասին: Վերջին տարիներին ինչպես` համաշխարհային, այնպես էլ` հայաստանյան շուկայում հայտնվել են հղիությունը կանխող դեղորայքներ, որոնք, սակայն, մեր երկրում չունեն հաշվառում, վաճառվում են առանց մասնագետի ցուցումի կամ դեղատոմսի, եւ ցանկացած կին կարող է այն օգտագործել: Բժիշկներից շատերը փաստում են, որ դեղորայքի օգտագործումից հետո առաջացած բարդություններով շատ կանայք են դիմում բուժհաստատություններ:
«Հաշվի առնելով այդ դեղորայքի առանձնահատկությունը` մենք պետք է որոշակի վերահսկողության մեխանիզմ ստեղծենք, քանի որ չի գրանցվում ոչ մի տվյալ, թե իրականում այս ճանապարհով քանի աբորտ տեղի ունեցավ: Կարծում եմ` նմանատիպ դեղորայքի վաճառքն անհրաժեշտ է իրականացնել բժշկի ցուցումով, դեղատոմսով, որպեսզի նախ` կանանց մոտ հետեւանքներ չլինեն, բացի դա` ունենանք տվյալներ, թե այդ ճանապարհով որքա՞ն արհեստական ընդհատում է գրանցվել: Տվյալ դեպքում` աբորտների անկումն այնքան մեծ չի լինի, որքան մենք ունենք»,- ասում է Գ. Հայրապետյանը` հավելելով, որ նույն հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում բարձրացել է հակաբեղմնավորիչների օգտագործման ցուցանիշը: Օրինակ` եթե 2005թ.վերարտադրողական տարիքում գտնվող կանանց 20-21%-ն էր օգտագործում հակաբեղմնավորիչներ, ապա հիմա` 27-28%-ը: Այլ կերպ ասած` Հայաստանում գոյություն ունի թաքնված աբորտի խնդիրը, որի տվյալներին առայժմ չեն տիրապետում համապատասխան մասնագետները: Ի դեպ, Գ. Հայրապետյանի հավաստմամբ` Հայաստանում գոյություն ունեցող Ընտանիքի պլանավորման 75 կենտրոններն անվճար տրամադրում են հակաբեղմնավորիչներ բոլոր այն մարդկանց, ովքեր դիմում են այդ գրասենյակներ: Այս ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցով եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ: Այնուամենայնիվ, արձանագրելով, որ մենք ունենք աբորտների 25-30% ցուցանիշ, արդյո՞ք արժանահավատ են այդ թվերը, եթե հաշվի առնենք, որ գյուղական հեռավոր համայնքներում վիրահատական այդ միջամտությունը երբեմն կատարվում է տնային պայմաններում. «Ես համաձայն չեմ այս հարցադրման հետ, քանի որ Հայաստանում դեղորայքային ճանապարհով են դա իրականացնում, իսկ եթե, այսպես ասած` «դասական» աբորտ է, ապա դա իրականացնում են հիվանդանոցներում: Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում աբորտից ոչ մի մահացության դեպք չի եղել, ինչը նշանակում է, որ տրամադրվում է բարձր որակի ծառայություն, եւ մարդու կյանքի վրա դա չի ազդում: Սա փաստում է այն մասին, որ տնային պայմաններում աբորտ իրականացնելու դեպքում մենք պարտադիր մայրական մահացությունների դեպքեր կարձանագրեինք: Բարեբախտաբար, չունենք նման դեպք»: Ինչ վերաբերում է աբորտների թիվը նվազեցնելու պետական քաղաքականությանը, ապա Գ. Հայրապետյանը չի կիսում այն պետությունների մոտեցումը, որոնք արգելում են աբորտը: Բացի մարդու իրավունքի խախտումից` օրենքով արգելքը իր հետ բերում է նաեւ ազգային անվտանգության խնդիր. «Որովհետեւ, եթե դու արգելում ես աբորտները` որակն ընկնում է, եւ երկիրը կորցնում է մեծ թվով մայրեր, որոնք կարող էին շատ երեխաներ ունենալ: Եթե անգամ չես կորցնում, ապա անորակ աբորտից հետո մեծանում է անպտղության ռիսկը: Հայաստանում օրենքը բավականին լիբերալ է»:
Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխա է սպանվում
Վերջերս հրապարակվեց «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը, որի տվյալները բավականին հետաքրքիր եւ նույնիսկ զարմանալի են: Հայաստանում նույնպես տարածված երեւույթ է, երբ սեռն իմանալուց հետո շատ կանայք դիմում են աբորտի: Ըստ զեկույցի տվյալների` Հայաստանում տարեկան 1400 աբորտ կատարվում է միայն նրա համար, որ երեխան աղջիկ է: Սա, բնականաբար, նաեւ նշանակում է, որ Հայաստանը կորցնում է նույնքան թվով ապագա մայրեր: «Մենք ունենք վերարտադրողական առողջության հետ կապված ծրագիր, որի ղեկավարն այս վերջին 5-6 տարվա ընթացքում մշտապես ասում էր, որ Ազգային վիճակագրական տվյալներով` տղաների թիվը բավականին մեծ է, ինչը չի կարող ճիշտ լինել: Ուսումնասիրեցինք տվյալները, ավելի հետ գնացինք: 1993-ից, երբ արդեն տեխնոլոգիաները թույլ էին տալիս ստուգել պտղի սեռը` Հայաստանում սկսեց շեղում նկատվել: 1993-2012թթ. շեղումը հասել է 110-120 տղա` 100 աղջկա պայմաններում: Իրականում բնական սահմաններում պետք է լինի 102-106 տղա եւ 100 աղջկա: Ինչո՞ւ, որովհետեւ տղաներն ավելի թույլ են որպես պտուղ եւ ավելի հաճախ կարող են մահանալ մինչեւ իրենց վերարտադրողական տարիքին հասնելը: Այսինքն` որպեսզի բնությունն այդ բալանսը կարգավորի»,- վստահեցնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը` հավելելով, որ 100 աղջկա դեպքում 120 տղայի շեղումը չի կարող լինել բնական: Ինչեւէ, արձանագրելով շեղումը եւ գիտակցելով, որ սա բավականին լուրջ հետեւանքներ ունեցող խնդիր է` կատարվել է ուսումնասիրություն: Ի դեպ, վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի եւ Հնդկաստանի օրինակներից կարելի է հետեւություն անել ընտրովի աբորտների, սեռով պայմանավորված շեղումների բացասական հետեւանքների մասին: 1970-ականներին մեկ երեխայով ընտանիքի քաղաքականությունը ներդրվեց Չինաստանում, իսկ Հնդկաստանում դերակատարում ունեցավ տղա երեխայի հանդեպ մեծ թուլությունը, ինչի հետեւանքով առկա է սեռերի շեղում` լուրջ հետեւանքներով: Նշենք նաեւ, որ Հնդկաստանում դեպքեր են լինում, երբ ծննդաբերելուց հետո մայրը` չցանկանալով աղջիկ երեխա, չի կերակրում այնքան ժամանակ, մինչեւ երեխան մահանա: «Սեռերի շեղման հետեւանքով ավելանում է կրիմինալը, բարձրանում է կանանց թրաֆիկինգը, որովհետեւ նրանց թիվը չի համապատասխանում հասարակության մեջ առկա կանանց թվին: Այսօր տարբեր գնահատումներով` Չինաստանում 40-60 միլիոն ամուսնական տարիքի տղամարդ չեն կարողանում գտնել իրենց զույգին: 60մլն-ը մեծ պետությունների (Ֆրանսիա, Լեհաստան) ազգաբնակչության թիվ է: Այն երկրները, այդ թվում Հայաստանը, որտեղ ծնելիությունը ցածր թիվ է կազմում, զրկվում են ապագա մայրերից: Ճիշտ է` կարելի է նման դեպքերում հարսնացու բերել Հյուսիսից, բայց հայ ազգը մոնոլիտ ազգ է եւ դրսից երկիր այլազգի «ներմուծելն» այնքան էլ չի ընդունում»,- ասում է Գ. Հայրապետյանը: Ինչեւէ, թեեւ Գ. Հայրապետյանը պնդում է, որ մեր հասարակության մեջ գերակշռում է արական սեռը, եւ սեռերի շեղումը մեծ է, այդուհանդերձ, հասարակության մեջ արմատավորված է այն գիտակցությունը, որ Հայաստանում կանանց թիվը զգալի գերազանցում է տղամարդկանց թվին, ավելին` բանակը չի համալրվում: Այս դիտարկմանն ի պատասխան, Գ. Հայրապետյանն ասաց. «Հասարակության մեջ ճիշտ է տարածված, որովհետեւ վերարտադրողական տարիքի շրջանակներում` 19-40 տարեկան կանանց թիվն ավելի շատ է: Դա բացատրվում է արտագաղթով, մեր ունեցած պատերազմով եւ այլ հանգամանքներով, որոնք այդ տարիքային խմբի վրա ազդեցություն ունեցան»: 1993-ից մինչեւ 2012թ. ծնված 0-19 տարիքային գոտում աղջիկ-տղաների թվաբանությունը հուշում է, որ Հայաստանում արդեն ունենք 50.000-ից ավելի տղա: Սեռային շեղման հետեւանքները կարող են լինել հանցագործությունների աճի տեսքով, քանի որ մենք ունենալու ենք տղամարդկանց մի ահռելի բանակ, որոնք որոշակի տարիքում չեն կարողանալու բավարարել որոշակի պահանջներ: Գ. Հայրապետյանի կարծիքով` այս խնդիրը կարող է լուրջ արտահոսքի պատճառ դառնալ, մանավանդ, որ մեր ազգը միգրացիոն պրոցեսների հակում ունի: «Կլինի եւս մեկ լուրջ պատճառ արտագաղթելու համար. մարդը չի կարողանալու իր զույգին գտնել իր հայրենիքում: Սա կարող է նաեւ մշակութային խնդիր լինել, որովհետեւ մշակույթը կրող մեծամասնությունը վտանգվում է, եւ մեծաթիվ ազգաբնակչություն ունեցող երկրներով շրջապատված լինելով` մենք կարող ենք մշակութային հավասարակշռությունը կորցնել: Եթե մեր տղամարդիկ գնան դուրս կամ դրսից բերեն այլ ազգի կին` կլինի նաեւ մշակութային շեղում: Մենք այսօր տեսնում ենք բավականին մեծ ներգաղթ Պարսկաստանից, եւ չի բացառվում, Թուրքիայի սահմանը բացելուն պես մեծ ներգաղթ ունենանք նաեւ այդ երկրից: Այս առումով ձուլվելու խնդիր կառաջանա»,- կանխատեսում է Գ. Հայրապետյանը` ավելացնելով, որ կարող է նաեւ զարգանալ թրաֆիկինգը: Այսինքն` Հայաստան «կներկրվեն գողացված» կանայք: Նա նաեւ հիշեցնում է, որ սեռային շեղման պատճառով արտագաղթող տղամարդկանց խումբը լինելու է աշխատանքային այն ներուժը, որը պետք է Հայաստանում ստեղծեր տնտեսական բարիքներ: Ինչեւէ, հոկտեմբեր ամսին Եվրախորհուրդը սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ Հայաստանի, Վրաստանի, Ալբանիայի եւ Ադրբեջանի վերաբերյալ հռչակագիր է ընդունել, քանի որ ԵԽ երկրներից այս չորս պետություններում է շեղումը բացահայտ նկատվել: «Այնտեղ կա երկու հիմնական կետ` հավաքագրել տվյալներ, արգելել սեռի բացահայտումը ծնողներին: Հայաստանը վերոնշյալ չորս պետություններից առաջին երկիրն է, որ հավաքագրեց տվյալներ, եւ արդեն հետազոտությունն ունենալը բավականին լավ ցուցանիշ է: Ես չեմ կարծում, որ սեռի բացահայտումն արգելելը ելք է, որովհետեւ այն ընդամենը կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը: Մենք կփորձենք այս տարի ավելի խորքային հետազոտություն իրականացնել եւ դրա հիման վրա իրականացնել կանխատեսումներ»,- ասում է Գ. Հայրապետյանը` հավելելով, որ օգտագործելով տվյալները` նախ պետք է բարձրացնեն ժողովրդի մեջ ընդհանրապես կնոջ դերի մասին իրազեկումը: Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստանում տղա երեխայի նախընտրությունը վեց անգամ ավելին է, քան աղջիկ երեխայինը: Ընդ որում` 10 անգամ ավելի մարզերում է, 4 անգամ ավելի` Երեւանում:
Ինչեւէ, Հայաստանին, որը գտնվում է պատերազմական գոտում, անհրաժեշտ է ուժեղ բանակ: Ուժեղ բանակ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ տղաներ, իսկ տղաներ ունենալու համար` մայրեր: Ամեն տարի մենք կորցնում ենք 1400 ապագա մայր: Կարծում ենք` սա լուրջ եւ մտահոգիչ ցուցանիշ է: