Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հայազգի հավակնորդ Մաքսիմ Վերների բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը (կրճատումներով)
– Մաքսիմ, քո տարիքում երիտասարդների մեծ մասը դեռ սովորում է, ավելի շատ գիտելիքներ կուտակում ու հետո միայն սկսում քաղաքական գործունեություն ծավալել: Ինչո՞ւ որոշեցիր «շտապել»:
– Որովհետեւ դա հրատապ է, հրատապ իմ երկրի ու իմ սերնդի համար: Ճգնաժամի հետեւանքները սարսափելի են, բայց եթե մենք գիտենք, թե ինչպես արձագանքել դրանց, այդ վիճակից դուրս կգանք ավելի ուժեղացած: Այդ իսկ պատճառով որոշեցի ներկայումս ինքնազոհաբերության գնով ինձ վրա պարտականություն վերցնել ապագայի համար:
– Դու քեզ անվանում ես «երիտասարդության թեկնածու»: Իսկ ի՞նչ խնդիրներ ունի Ֆրանսիայի երիտասարդությունը: Արի՛ խոսենք նաեւ Ֆրանսիայում բնակվող հայ երիտասարդների խնդիրների մասին:
– Ավելի երիտասարդ սերունդները Ֆրանսիայում առկա ոչ ստանդարտ իրադրության զոհն են: Իսկապես, նրանք առաջիններից են, ովքեր իրենց վրա են զգում ճգնաժամը: Նրանք թոշակ չեն ստանալու, չեն կարողանալու անշարժ գույք կամ այլ սեփականություն ձեռք բերել: Չնայած երիտասարդները գտնում են աշխատանք ուսման երկար տարիներից հետո, բայց այդ աշխատանքային պայմանագրերն էլ կայուն չեն: Հայ երիտասարդների մասին` նրանք բավականին ինտեգրված են ֆրանսիական հասարակությանը: Նրանք եւս ֆրանսիացի են, ուստի ունեն նույն այն խնդիրները, որոնք ունեն ֆրանսիացի երիտասարդները:
– Քո հարցազրույցներից մեկում նշել էիր, որ «հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ երիտասարդները»: Եթե ընտրվես Ֆրանսիայի նախագահ, ինչպիսի՞ն կլինի քո տեսակետն այս հարցի շուրջ:
– Ես կառաջարկեմ ԵՄ անդամ երկրներին ընդունել իրենց շարքերը թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին` 10 տարի փորձաշրջանով: Դրա շնորհիվ սահմանները կբացվեն, իսկ Եվրոպան նոր շարժիչ կունենա: Սա կօգնի նաեւ երկու երկրների հաշտեցմանն ու զարգացմանը:
– Ըստ քո կանխատեսումների` քանի՞ տոկոս ձայն կստանաս ընտրությունների ժամանակ:
– Կարծում եմ, 1 միլիոնից ավելի ֆրանսիացի կքվեարկի իմ օգտին: Բայց ինձ դեռ 500 ստորագրություններ են պետք, որպեսզի իրավունք ստանամ մասնակցելու ընտրություններին, ու ես ավելի քան 350 ստորագրություններ այսօրվա դրությամբ արդեն ունեմ:
– Ի՞նչ կարծիք ունես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին:
– Ես հավատում եմ, որ պետք է ներդրումներ կատարել կրթական համակարգում, սովորեցնել ու բացատրել ֆրանսիացի երիտասարդներին, թե ինչ է այդ օրենքն իրենից ներկայացնում: Այդ դեպքում նրանք էլ դեմ կլինեն Ցեղասպանության ժխտմանը:
– Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց…
– Իմ դիրքորոշումն այն է, որ պատմությունն առկա է յուրաքանչյուրի սրտում:
Օրենքը կարող է զարգացում ունենալ, բայց դա ոչինչ չի փոխի: Ուստի, եթե մենք ցանկանում ենք պաշտպանել ֆրանսահայերին, մեզ պետք է ոչ թե «թերապեւտիկ» օրենք, այլ կրթական ոլորտում գործունեություն, հիշողության պարտավորություն Ֆրանսիայի ողջ երիտասարդության համար:
– Ֆրանսիայում գործող ո՞ր հայկական կազմակերպություններն են արդեն հայտարարել քեզ աջակցելու մասին: Բացի այդ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է հայ համայնքի դիրքորոշումը քո առաջադրման մասին: Ի՞նչ ես կարծում, նրանք կքվեարկե՞ն քո օգտին:
– Հայկական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացիները չեն քվեարկելու որպես մեկ մարդ, նրանք տարբեր համոզմունքներ ունեն: Հույս ունեմ, որ կլինեն շատերը, ովքեր ինձ կաջակցեն, բայց, միեւնույն ժամանակ, հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր այլ դիրքորոշում ունեն:
– Դժվա՞ր է հայտնի լինել առօրյայում:
– Ես հայտնի չեմ, ու դա շատ ավելի լավ է: Վատ կլիներ, եթե ես չկարողանայի ապրել նորմալ կյանքով, լինել ընտանիքիս ու ընկերներիս հետ, լինել հասարակական վայրերում ու այսպես շարունակ: Ես սիրում եմ իմ ազատությունը: Ես դերասան չեմ, այլ քաղաքական գործիչ: Այսպիսով, անձնական կյանքի ու քաղաքական գործունեության միջեւ սահմանն ավելի քան պարզ է դառնում:
– Ովքե՞ր են քո ընկերները, եւ ո՞ւմ հետ ես ազատ ժամանակիդ մեծ մասն անցկացնում: Դժվա՞ր է լինել միաժամանակ լավ քաղաքական գործիչ եւ լավ ընկեր:
– Ամենաշատը տեսնում եմ այն ընկերներիս, ովքեր որոշեցին աջակցել ինձ ընտրարշավի ընթացքում: Իսկ մյուսներին տեսնելու համար շատ քիչ ժամանակ եմ ունենում: Այն քաղաքացիները, ում հանդիպում եմ ամեն օր, տալիս են ինձ այն ամենը, ինչի կարիքը ես ունեմ. նրանք են իմ սոցիալական կյանքն ընտրարշավի ընթացքում: Եվ դա ավելի քան բավականացնում է ինձ:
– Իսկ հայերեն գիտե՞ս, ընտանիքում հայերեն խոսո՞ւմ եք:
– Չէ, գիտեմ հայերեն մի քանի արտահայտություններ, տանը միշտ ֆրանսերեն ենք խոսել: Ես որոշել էի հայերեն սովորել, բայց այնքան էլ լավ սովորող չեմ (ժպտում է.- Ն.Դ.):