Ի՞նչ կարող է սովորել Նորվեգիան Հայաստանից

08/03/2012

Ինձ բախտ էր վիճակվել երկու շաբաթով այցելել Հայաստան, մասնավորապես, հնարավորություն էր ընձեռված հանդիպումներ ունենալ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների հետ:

Ես նորվեգացի հոգեբույժ եմ եւ առաջին անգամ այցելել էի Հայաստան 2011թ. ապրիլին` մասնակցելով Երեւանում կայացած Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովին: Առաջին իսկ այցելությունից հմայվել էի հայի բացառիկ կերպարով, տպավորված էի իմ նկատմամբ ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքից: Տպավորված էի նաեւ Հայաստանում հոգեբուժության ոլորտում ամրագրված չափանիշներով, որոնք ներկայացվեցին գիտաժողովի ժամանակ: Հոգեբուժության մեջ իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է առաջին փսիխոտիկ էպիզոդի դեպքերը, եւ քանի որ Երեւանում գործում է նմանատիպ այցելուների համար հատուկ կլինիկա, դիմեցի Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանին` եւս մեկ ճանաչողական այց կատարելու խնդրանքով: Առաջարկս ընդունվեց` առանց ավելորդ վարանումների: Իմ երկու այցերը բազմաթիվ մտքերի տեղիք տվեցին մեր երկու երկրների մասին: Ի զարմանս ինձ, մեր երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ բնակչությամբ քիչ են` 4.9մլն եւ 3 մլն, կրթությունը եւ գիտելիքը բարձր է գնահատվում, ինչպես նաեւ` անձի ազատությունը: Երկու երկրներում էլ որպես պետական կրոն քրիստոնեությունն է, եւ մշակույթն էլ իր մեջ ներառում է երաժշտությունը, թատրոնն ու գրականությունը: Կարծում եմ, որ այս հանգամանքները նպաստեցին, որ ես ավելի հեշտությամբ ներգրավվեմ Երեւանի առօրյա կյանքին: Թեեւ գեթ մեկ բառ անգամ չէի հասկանում հայերեն, բայց ինձ զբոսաշրջիկ չզգացի: Այդ անկաշկանդությունը որոշ չափով առնչվում էր նաեւ Նանսենի անվան հետ, որը հայերի համար Նորվեգիայի հետ կապված դրական ասոցիացիաներ է առաջացնում: Համաձայն ԱՀԿ-ի` Նորվեգիան համարվում է ապրելու համար լավագույն երկրներից մեկն աշխարհում: Այդուհանդերձ, չնայած այդ «բարեկեցությանը», կյանքում ունենք այնպիսի հիմնախնդիրներ, որոնք չնկատեցի Հայաստանում: Այս հանգամանքն ինձ մտածելու եւ խոհերս ձեզ հետ կիսելու առիթ տվեց: Փոքրաթիվ լինելով հանդերձ, դուք ավելի շատ դժբախտություններ եք տեսել, քան շատ այլ երկրներ: Ցեղասպանությունն ավելի քան 1.5 մլն մարդու կյանք է խլել` իր ազդեցությունը թողնելով յուրաքանչյուր ընտանիքի պատմության վրա, ավերիչ երկրաշարժը 25.000 մարդու կյանք է խլել, վերջին պատերազմը ձեր 5000 երիտասարդ մարդու կյանք է խլել. այդուհանդերձ, ես հանդիպեցի ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրված մարդկանց, Ձեզ նայելով` երբեք չեմ զգացել, որ դուք ձեզ այդ ամենի զոհն եք համարում:

Անցյալ ամառ Նորվեգիայում 77 երիտասարդների կոտորած եղավ: Նորվեգիան այսօր էլ ճգնում է թոթափել այդ ողբերգության հետեւանքները: Վստահ եմ, Նորվեգիան հայերից «դասեր» ունի առնելու. ինչպես շարունակել կյանքը նման ահռելի փորձություններից հետո: Իմ այցելության ժամանակ Նորվեգիայի օրաթերթերում քննարկվում էր գիշերը տուն վերադարձող երիտասարդ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների քանակի տագնապալի աճի մասին: Տեղի տալով ընկերներիս եւ ընտանիքիս` ինձ տված` զգույշ լինելու եւ օտար երկրում գիշերով մենակ չքայլելու խորհուրդներին` որոշել էի գիշերը մնալ հյուրանոցում: Սակայն, արդեն առաջին իսկ գիշերը մենակ զբոսնում էի: Ես մենակ չէի, բազմաթիվ մարդիկ եւս զբոսնում էին. ապահովության զգացում կար: Երեւանն` իր մեկ միլիոնից ավելի բնակչությամբ, գրեթե երեք անգամ ավելի մեծ քաղաք է, քան Օսլոն, սակայն Օսլոյում երեկոյան միայնակ ես չէի կարող քայլել: Ինչո՞ւ: Իմ հայ ընկերների հետ ունենալով քննարկումներ, ես հասկացա, որ հայերն ունեն իրենց քաղաքի համար «արժանապատվության կոդեքս», եւ որ բոլորն էլ ցանկանում են պահպանել քաղաքի «համբավը»: Մյուս խնդիրը, որ կա Նորվեգիայում` այն է, որ մարդիկ շատ են օգտագործում ալկոհոլ, հարբած վիճակում լինում են հասարակական վայրերում, ինչն ուղեկցվում է պրոբլեմատիկ վարքագծով, ընդհուպ` ավարտվում բռնությամբ: Շատ դեպքերում մեծ քաղաքների հենց կենտրոնում կարելի է տեսնել մարդկանց խմբեր, ովքեր թմրանյութ են օգտագործում կամ` զբաղվում թմրանյութի վաճառքով: Հայաստանում զարգացած է ալկոհոլային խմիչքների արտադրությունը, Հայաստանը համարվում է դեպի Եվրոպա թմրանյութի տեղափոխման տարանցիկ ճանապարհ, բայց ես փողոցներում չտեսա հարբած, թմրանյութ օգտագործած մարդկանց: Ինչո՞ւ. լավ վարքագծի կոդեքսը կարող էր բացատրության մի մասը լինել: Ո՞րն է գաղտնիքը, ինչպե՞ս է ձեզ հաջողվում, ինչպե՞ս է, որ ձեր երիտասարդները վարում են առավել առողջ կենսակերպ, չեն չարաշահում ալկոհոլն ու համատարած թմրանյութ չեն գործածում: Ինչպես նշել էի, Հայաստան այցելության հիմնական նպատակն էր` ծանոթանալ Երեւանի «Առաջին էպիզոդի հոգեբուժական» կլինիկային: Կլինիկան գործում է դեռեւս 2005 թվականից: Շատ տպավորիչ էր: Ներկայում Նորվեգիայում այս շեշտադրմամբ շատ քիչ կլինիկաներ են գործում: Առաջին էպիզոդիկ հոգեբուժական կլինիկաներն ընդհանրապես համաշխարհային մասշտաբով լայն տարածում գտած ծրագրեր են իրականացնում, ինչն էլ փաստում է, որ հայ հոգեբույժները, չնայած իրենց սահմանափակ ռեսուրսներին, կարողացել են անել լավագույնը: Երեւանում այցելել եմ տարբեր հոգեբուժական հաստատություններ: Ամենուրեք տեսա բարձր պրոֆեսիոնալիզմ, իրենց գործի հանդեպ խորը նվիրվածություն: Հանդիպել եմ հոգեբույժների, ովքեր նվիրվածությամբ աշխատում են ավելի քան 50 տարի: Ինչ խոսք, Նորվեգիայում եւս կան նման մասնագետներ, ինչը վկայում է հոգեբուժության փորձառության համընդհանրության մասին, եւ թե ինչպիսի անձնային խթան է այս աշխատանքը: Հայաստանն ունի 176 հոգեբույժ, իսկ Նորվեգիան` 1300: Իսկապես հիացած եմ Հայաստանում աշխատող իմ գործընկերներով: Չնայած ռեսուրսների այս տարբերությանը, մեր երկու երկրներն ունեն ինքնասպանության վերաբերյալ նույն ընկալումը. 2010 թվականին Հայաստանում ինքնասպան է եղել 300 մարդ, իսկ Նորվեգիայում` 550: Այս ցուցանիշը երկու երկրների համար էլ չափից շատ է, բայց եւ ավելի ցածր է, համեմատած Հայաստանին հարող շատ այլ երկրների: Հայ հասարակության մեջ կան որոշ գծեր, որոնք պետք է պահպանել: Որո՞նք են դրանք: Եթե մենք սա ավելի լավ հասկանայինք, այն կարող էր երկու երկրների համար էլ օգտակար լինել:

Մյուս խնդիրը Նորվեգիայի համար այն է, որ երիտասարդ կանայք հոգեկան ցավի եւ անկայունության դեպքում կարող են վնասել իրենց` կտրվածքներ անելով, հասցնելով ընդհուպ մինչեւ խորը արյունահոսության, եւ ողջ կյանքում մնալ սպիներով: Հայաստանի մասնագետները նշում են, որ նման երեւույթի հազիվ թե հանդիպես Հայաստանում: Ինչո՞ւմ է կայանում հետեւյալ վարքագծային տարբերությունը:

Մյուս էական տարբերությունը մեր երկու ազգերի միջեւ` ընտանիքի հետ անցկացվող ժամանակի խնդիրն է: Հայերի մոտ կյանքը կենտրոնանում է ընտանիքի շուրջ, ժամանակակից կյանքի հետ մեկտեղ, հաջողվում է պահպանել ընտանեկան կյանքը: Այցելել եմ ընտանիքների, որտեղ կային տարբեր տարիքի անդամներ, նրանք տունը լցրել էին խինդ ու ծիծաղով: Ինչ խոսք, հասկանում եմ նաեւ, որ սա կարող է ունենալ իր վատ կողմերը` պայմանավորված ընտանեկան շատ խիստ կանոններով, կարող են լինել քողարկված բռնություններ: Մինչդեռ, Նորվեգիայում, աշխատանքից հետո, բավական շատ ժամանակ է հատկացվում ընկերներին եւ ակտիվ ժամանցին:

Հաջորդ հարցը, որ կցանկանայի առանձնացնել` ստիգմայի խնդիրն է, ամոթի զգացումը, որ առկա է Հայաստանում` հոգեկան հիվանդությունների հետ կապված: Բայցեւ պետք է ասեմ, որ ընտանիքը միայնակ չի թողնում իր հիվանդին եւ տանում է բժշկի մոտ, հնարավորինս աջակցում է նրան` առանց թաքցնելու: Նորվեգիայում հոգեկան առողջության խնդիրներով այցելուները հաճախ միայնակ են այցելում բժշկին, եւ շատ դեպքերում խնդիրներ են ծագում բուժման ընթացքում ընտանիքին ներգրավելու առումով:

Ամփոփելով, ասեմ, որ Հայաստանում անցկացրած օրերը բավականին արդյունավետ էին: Ես շնորհակալ եմ իմ հայ ընկերներից, ընդհանրապես հայ ժողովրդից` նման ընդունելության եւ հյուրասիրության համար: Ինձ բացառիկ հնարավորություն տրվեց ճանաչելու հայկական կյանքը, ուսումնասիրելու Հայաստանում հոգեբուժության ակունքներն ու առկա նորարարությունները: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մեր երկու երկրները «ստեղծվել են մեկը մյուսի համար»` ունենալով շատ տարբերություններ եւ ընդհանրություններ: Համոզված եմ` մեր երկրների համագործակցությունը կարող է նպաստել, նոր խոր իմաստ հաղորդել գաղափարների եւ մտքերի փոխանակմանը:

Անն Ֆայերդեն, բ.գ.թ.,
Օսլո, Նորվեգիա