Մարտի 8-ի նախօրեին Ռուսաստանի բնակչության շրջանում անցկացված Հասարակական կարծիքի համաժողովրդական կենտրոնի հարցումների համաձայն` իրենց երկրի ամենագեղեցիկ կինը նախկին «Միսս տիեզերք» Օկսանա Ֆեոդորովան է, իսկ ՌԴ ամենախելացի կնոջ դափնիները բաժին են ընկել Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ` վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականներում տեղ է զբաղեցրել երգչուհի Ալլա Պուգաչովան, որին համարում են եւ՛ խելացի, եւ՛ գեղեցիկ: Հարցման մասնակիցները հայտարարել են, որ ոչ ոք իր խելքով չի կարող գերազանցել Մատվիենկոյին: Ամենախելացի քաղաքական գործիչների թվում է նաեւ Իրինա Խակամադան (10%): Հարցվածների 5 տոկոսը քվեարկել է Ալլա Պուգաչովայի եւ Թինա Կանդելակիի «խելքի օգտին», 3 տոկոսն էլ կարծում է, որ ամենախելացի կինը երկրում հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն է: Հարցվածների 2 տոկոսն էլ ամենախելացի կին է համարում իր կնոջը կամ ընկերուհուն: Ձայների մեկ տոկոսն են ստացել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կինը` Սվետլանան, ՌԴ վարչապետի կինը` Լյուդմիլա Պուտինան, գրող Պոլինա Դաշկովան եւ այլք: