Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը երեկ պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: «Իսկապես հիասթափված ենք հեռարձակողի որոշումից` չմասնակցել այս տարվա մրցույթին: Չնայած Եվրոպական հեռարձակողների միության եւ մրցույթը հյուրընկալող երկրի հեռարձակողի ջանքերին` ապահովել Հայաստանի սահուն մասնակցությունը, այնուամենայնիվ, մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները հանգեցրին այս ցավալի որոշմանը»,- մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է «Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:
Երեկ Հանրային հեռուստատեսությունը ներկայացրել է «Եվրատեսիլ-2012»-ից հրաժարվելու դրդապատճառները: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006-ից ակտիվորեն մասնակցել է` «Եվրատեսիլ», իսկ 2007-ից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից: 2011թ. դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն անցավ համերաշխության մթնոլորտում եւ բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է մայիսին Վիեննայում տեղի ունենալիք դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Հեռւստաընկերությունն այսուհետեւ նույնպես պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, եւ «Եվրատեսիլի» հետ` մասնավորապես: Այդուհանդերձ, ափսոսանքով հայտնում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012թ. մայիսին կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար: Թեեւ Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում` նաեւ նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, որեւէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է: Համոզված ենք, որ այն մթնոլորտը, որը ձեւավորվել է նմանատիպ եւ այլ հակահայկական հայտարարությունների եւ գործողությունների ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը, մեր պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է: Մենք հետագայում էլ շարունակելու ենք մասնակցել «Եվրատեսիլին» եւ ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի այդ մրցույթին»,- ասված է Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ: