Թույան նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնատերեւ ծառ է։ Երիտասարդ ծառի սաղարթը նեղ բրգաձեւ է, հետո դառնում է ձվաձեւ։ Ճյուղերը գտնվում են զուգահեռ հորիզոնական հարթություններում։ Փշատերեւները մանր են` 3-4 սմ երկարությամբ, թեփուկանման, հպված ընձյուղներին։ Տրորելիս սուր բուրմունք է անջատվում` հաճախ անվանում են բուրանոճի փշատերեւ։ Դանդաղ է աճում, բարձրությունը հասնում է 8-15 մ։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի արեւելյան մասն է։ Եվրոպա է բերվել 1541 թ.։
Թույա Արեւմտյանը` THUJA OCCIDENTALIS, ըստ հնէաբանների` ի սկզբանե աճել է Հարավ-Արեւմտյան Ասիայում։ Հյուսիսային Չինաստանի լեռներում տարածված է նոճազգիների ընտանիքին պատկանող Կենսածառ արեւելյանը (Biota orientalis), որը հնուց մշակվում է Հայաստանում։ Կենսածառը հայտնի է «տույա» անվանմամբ։
Կենսածառը առաջին հայացքից նման է թույային, սակայն ճյուղավորված է եւ հաճախ չունի հիմնական բուն։ Փշատերեւիկը տրորելիս արձակում է տհաճ հոտ։ Ընձյուղները դեղնակարմրավուն են, տափակ։
Թույան ունի բազմաթիվ պարտեզային ձեւեր` լացող, արծաթավուն, բրգաձեւ, թզուկ, մուգ կանաչ, մոխրա-կանաչ, ոսկե-կանաչ, դեղին, եւ այլն։
Թզուկ թույան հեշտությամբ կարելի է աճեցնել տանը, այն օգտակար կլինի բնակարանի օդը մաքրելու եւ բուժահումք ստանալու համար։ Հարստացնում է օդը բացասական բուժիչ իոններով, մանրէասպան ֆիտոնցիդներով, դեպի իրեն է ձգում միկրոսկոպիկ փոշու հատիկները, որոշ վնասակար նյութեր։ Բույսը պետք է դնել լուսավոր տեղում, սակայն ոչ արեւի ճառագայթների տակ, ձմռանը` 6-14 C ջերմաստիճան ունեցող տարածքում։ Եթե որոշեք տանը ունենալ թզուկ թույա, ապա բույսը պետք է պարբերաբար «լողացնել»։ Թույան բազմանում է սերմերով, կանաչ կամ փայտացած շիվերով։ Թույայի վրա հաճախ են պատվաստում կենսածառը։
Թույայի քիմիական բաղադրությունը ուսումնասիրված է մասամբ, այն չի կիրառվում գիտական բժշկությունում։ Բույսը կիրառվում է հոմեոպաթիայում։ Հայտնի է, որ թույայի փայտանյութը պարունակում է 0,12 տոկոս դեղին գույն ունեցող եթերային յուղ, ֆլավոններ, դաբաղանյութ, մեծ քանակությամբ խեժ, սապոնինների հետքեր, թուին, փինին, փիլեն, թոքսիֆոլին, փինիպիկրին։
Հետաքրքրությունը թույայի հանդեպ տարեցտարի աճում է, ապացուցված է, որ այն կանխարգելում եւ ճնշում է նոր առաջացող քաղցկեղի բջիջների աճը։
Թույայի եւ եթերային յուղի հակասնկային ակտիվությունը մի քանի անգամ ավելի է այլ փշատերեւների համեմատությամբ։ Բույսի մանրէասպան հատկությունները վաղուց ի վեր օգտագործվում են ժողովրդական բժշկությունում։
Կարեւոր է իմանալ, որ չափաբաժինները գերազանցելու դեպքում բույսի պատրաստուկները բացասական ազդեցություն կունենան երիկամների, միզուղիների վրա։ Բույսը պարունակում է ոչ մեծ քանակությամբ թունավոր նյութ` «թույոն», այն կարող է ջղակծկումներ առաջացնել։
Հոմեոպատիկ պատրաստուկները ոչ միայն զուրկ են նման անցանկալի (տոքսիկ) ազդեցությունից, այլեւ ունեն օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություն, չզիջելով էխինացեային, այլ նաեւ կարգավորում են մակերիկամների աշխատանքը։
Թույայի հոմեոպաթիկ պատրաստուկները կիրառվում են քրոնիկ պրոստատի, ադենոմայի, երիկամների եւ միզուղիների հիվանդությունների, հոդատապի, ռեւմատիզմի, օստեոխոնդրոզի, ջրգողության, արգանդի եւ աղիների արյունահոսության, բրոնխների ասթմայի դեպքում։
Հոմեոպաթիայի հիմքում ընկած է հետեւյալ իմաստասիրական մոտեցումը. «Եթե որեւէ նյութ առողջ մարդու մոտ առաջացնում է ինչ-որ հիվանդության հայտանիշներ, ապա այդ նյութը կարող է բուժել այդ հիվանդությունը»։
Բերենք մեկ օրինակ. եղենջատենդ ալերգիկ բնույթի հիվանդությունը բուժվում է եղինջի տերեւի թուրմով։ Սակայն եղինջը ունի նաեւ մի շարք հակացուցումներ` հիպերտոնիա, տրոմբոֆլեբիտ, աթերոսկլերոզ, արգանդի եւ ձվարանի ուռուցքներ, արյունահոսող պոլիպներ։
Հոմեոպաթիան` կիրառելով «Նմանը բուժել նմանով» սկզբունքը, առաջարկում է նույն բուժող հումքի չնչին չափաբաժիններ։ Սակայն կա մի օրինաչափություն` որքան փոքր է չափաբաժինը, այնքան մեծ է դրա ազդեցությունը։ Մեկ այլ, առաջին հայացքից` զարմանալի հանգամանք եւս` լուծող նյութի մեջ բացակայում են հումքի մոլեկուլները։
Հաջորդ առանձնահատկությունը այն է, որ եթե պահպանվում են բժշկի կողմից նշանակված չափաբաժինները, ապա հոմեոպաթիկ միջոցը կօգնի, եթե այն «հարմար» է ձեր օրգանիզմին, եւ չի վնասի հակառակ դեպքում։
Ի՞նչ է նշանակում` «հարմար» է։ Հոմեոպաթը ձգտում է գտնել այն միջոցը, որը հարմար է տվյալ անձի գենետիկ եւ այլ առանձնահատկություններին, այսինքն` կիրառում է համապատասխանության սկզբունքը։
Եվ, վերջապես, մարդու ուղեղը ֆիքսում է տասնյակ-հազարավոր նյութերի բաղադրությունը եւ հատկությունները, ըստ այդ հայտանիշների տարբերելով դրանք։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ նյութի միկրոսկոպիկ չափաբաժնի դեպքում ուղեղը «արտադրում» է համապատասխան հրահանգներ։
Ոգեթուրմի պատրաստման եղանակը եւ կիրառումը
Թույայի փշատերեւները մանրացրեք (տրորեք), ավելացրեք հավասար քանակի 96 տոկոսանոց էթիլային սպիրտ, տարան խցանեք։ Այդ ընթացքում մանրակրկիտ մանրացրած հումքի բջիջների թաղանթները տարրալուծվում (այրվում) են, եւ հումքի կենսաբանական ակտիվ նյութերը անցնում են ոգեթուրմի մեջ։ Այս գործողությունը անվանվում է մացերացիա։
Երկու շաբաթ թրմելուց հետո լուծույթը քամեք, ոգեթուրմին ավելացրեք 45 տոկոսանոց սպիրտ (1։1)։ Ստացվում է 10 տոկոսանոց լուծույթ, այն կոչվում է տինկտուրա։
– 1 մլ տինկտուրային խառնեք 9 մլ 50 տոկոսանոց սպիրտ, թափահարեք 30-100 անգամ (որքան շատ, այնքան լավ), այս լուծույթը կոչվում է «երկրորդ տասնորդական» կամ 3 x։
– 10 մլ երկրորդ տասնորդական լուծույթը խառնեք 90 մլ 50 տոկոսանոց սպիրտի հետ, կրկին թափահարեք, այս լուծույթը կոչվում է «երրորդ տասնորդական» կամ 6x։
– Շարունակելով այս «1մլ+9մլ+թափահարում» ընթացքը` ստանում են 12x, 30x եւ այլ բաղադրությամբ լուծույթներ։
Նշանակումները արվում են ոչ միայն ըստ հիվանդության, այլեւ ըստ մարդու առանձնահատկությունների։ «Թույա» հոմեոպաթիկ միջոցները կիրառվում են հետեւյալ դեպքերում.
– գլխացավ, միգրեն, գլխապտույտ, եռաճյուղ նյարդի ձախակողմյան նեւրալգիա (կարմրություն, սառնության զգացում, ցավագին տիկեր դեմքի վրա),
– արտադրություն քթից, պոլիպներ, շնչառության խախտում, գորտնուկներ եւ պոլիպներ ձայնալարերի վրա, խռպոտություն, չոր հազ,
– ցավեր ազդրերում, ուսերի, ծնկների եւ այլ, հոդերում, ծանրության զգացում վերջույթներում,
– ցավոտ միզարձակություն, արգանդի էրոզիա, մաստիտ, պրոստատի ադենոմա, սեռական ֆունկցիայի խանգարում,
– երիկամների պաթոլոգիայով բնորոշվող հիպերտոնիա։
Ընդունում են 5-ական կաթիլ 3x, 6x լուծույթներ, օրը 3 անգամ, անկախ սնվելուց։ Կանխարգելիչ նպատակով` շաբաթական երկու անգամ։
Վաճառքում կա «Թույա։ Մեդնի վսադնիկ» կաթիլներ։ Արտադրվում է նաեւ «Թույա» յուղը։
Բուժման կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման ընթացքում հակացուցված են ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը։ Մեկ կում սուրճը կարող է ընդհատել բուժման շղթան։ Կարեւոր է խորհրդակցել բժիշկ հոմեոպաթի հետ։ Հակացուցված է հղիներին։
Ադենոիդներ. Կաթեցրեք 2 կաթիլ Թույայի յուղ (դեղատնային) յուրաքանչյուր քթանցքի մեջ, որից հետո երեխային պառկեցրեք 5-10 րոպե։
Ռինիտ. Պետք է պառկեք, 2 կաթիլ թույայի յուղ կաթեցրեք աջ քթանցքին, թեքեք գլուխը դեպի աջ, 30-60 վայրկյան հետո` ձախ քթանցքին, եւ թեքեք գլուխը այդ կողմ։ Կրկնեք 2-3 անգամ` մի քանի րոպե ընդմիջումներով, մինչեւ շնչառությունը բացվի։
Արթրիտ
– Մեկ ճ/գ թարմ փշատերեւը 1 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով, խմեք 50-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 3-4 օր` ցավերի սրացման ժամանակ։ Շփեք բույսի ոգեթուրմով`
– 1 ճ/գ թարմ փշատերեւը մեկ շաբաթ թրմեք 100 մլ օղու մեջ մութ տեղում, կանոնավոր թափահարեք տարան։ Քամեք։ Ընդունեք 5-ական կաթիլ, մեկ ճ/գ ջրով` որպես կանխարգելիչ միջոց վարակային համաճարակի, նաեւ գրիպի, մրսածության դեպքում։
Թութք. Բուժման համար պիտանի է տարածված, այլ ոչ բրգաձեւ բուրանոճու փշատերեւը։ 2 ճ/գ հումքը 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 400 մլ եռջրում։ Թուրմի գույնը պետք է նմանվի սեւ թեյին։ Դրեք թրջոցներ 10-15 րոպե տեւողությամբ։ Հատկապես արդյունավետ է հիվանդության նախնական շրջանում։
Գորտնուկ. 20 գ բուրանոճու փշատերեւը 12 օր թրմեք 100 մլ օղու մեջ։ Բացեք կափարիչը, 1-2 օր թողեք այդ վիճակում, այնուհետեւ փակեք եւ քամեք։ Օրը 5-6 անգամ մշակեք գորտնուկը ոգեթուրմում թրջված փոքր բամբակե խծուծով (լուցկու չոփի չափ)։ Օգնում է բաց վարդագույն գորտնուկի դեպքում։
Մաշկի առաձգականությունը պահպանող թեյ. Խառնեք կեսական թ/գ կանաչ եւ սեւ թեյ, 1 թ/գ մանրացրած բուրանոճու փշատերեւը։ 20 րոպե թրմեք 250 մլ եռջրւմ։ Խմեք 1 թ/գ` մեղրի հետ խառնած։
Լոգանք. 350-400 գ բուրանոճու փշատերեւը 3 ժամ թրմեք 4-5 լ եռջրում, կաթսան ծածկեք լաթով։ Քամեք, ավելացրեք լոգանքի ջրին։ Լոգանքի տեւողությունը` 20-30 րոպե, ջերմաստիճանը` 36-38 C։ Եթե չունեք անհատական անընկալունակություն, ավելացրեք 3-5 կաթիլ գիհու եթերային յուղ։
Կորյակներ. Մեկ ճ/գ թույայի փշատերեւին ավելացրեք 500 մլ եռջուր, 15 րոպեից դրեք կրակի վրա եւ հասցրեք եռման ջերմաստիճանի, թրմեք 2 ժամ` փակ կափարիչի տակ։ Քամեք, մզեք հումքը։ Այդ թուրմով օրը 1-2 անգամ լվացեք դեմքը։