Ալբեր Քամյու «Արվեստագետը բանտում»

08/03/2012 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Մինչեւ «De Profundis»-ը եւ «Ռեդինգի բանտի բալլադը» գրելն Ուայլդը ջանադրաբար ճգնում էր իր իսկ կյանքի օրինակով ապացուցել, որ ամենավսեմ մտքի եւ տաղանդի բարձրագույն եւ շլացնող հմայքները բավարար չեն, որպեսզի արարիչ ծնեն: Սակայն նա աշխարհում ոչինչ այնքան չէր կամենում, որքան մեծ արվեստագետ դառնալը, եւ քանզի արվեստը նրա համար միակ Աստվածն էր, չէր էլ կարող ենթադրել, թե ինքն Աստծո ընտրյալը չէ: Ուայլդը ելնում էր այն բանից, որ գոյություն ունի երկու աշխարհ` առօրեականության աշխարհը եւ արվեստի աշխարհը` առաջինը տաղտկալի եւ միապաղաղ է, այնինչ արվեստի ստեղծագործությունը մշտապես բացառիկ է: Եվ նա երես թեքեց իրականությունից, որպեսզի կենա բացառապես իդեալական գեղեցկության շողերում, ինչպես նրան էր թվում: Նրա գլխավոր հույսն իր կյանքն արվեստի ստեղծագործության փոխակերպելն ու ըստ նրբաճաշակ ներդաշնության օրենքների ապրելն էր:

Արվեստի փառաբանման մեջ ոչ ոք այդքան հեռու չէր գնացել եւ ոչ ոք իր կյանքի այդ շրջանում ավելի քիչ արվեստագետ չէր եղել, քան ինքը: Նա քամահրում էր իրականությունը` հանուն գեղեցկության, սակայն նա ինքը, ըստ ճշմարիտ արվեստի չափանիշների, ոչինչ էր: Այդ ժամանակաշրջանի իր ողջ ստեղծագործությունը նման էր Դորիան Գրեյի դիմանկարին, որ սարսափազդու արագությամբ խորշոմներով էր պատվում, իսկ բնորդը պահպանում էր պատանությունն ու հմայքը: Ինչ վերաբերում է նրա կյանքին, որից նա պատրաստվում էր գլուխգործոց արարել, ապա դրան նա իր արժանվույն գնահատականն է տալիս «De Profindus»-ի հենց առաջին իսկ էջերում: Իր իսկ խոսքերով ասած, նա կամենում էր հանճարն իր ներդնել` կյանքի, իսկ տաղանդը` արվեստի մեջ: Շլացուցիչ ասույթը դուր եկավ Անդրե Ժիդին, եւ նա հռչակեց այն: Բայց դա լոկ ասույթ էր: Սակայն այդ հանճարը կամ տաղանդը լիովին բավարար է թե կյանքի համար, եւ թե ստեղծագործության: Պարզ է, որ տաղանդը, որ կարողացել է ստեղծել արվեստի նմանակում, ունակ էր դրսեւորելու իրեն թեթեւսոլիկ եւ աննշան` կյանքում: Ամեն երեկո «Սավոյեում» ճաշելու համար պարտադիր չէ հանճար կամ նույնիսկ ազնվական լինելը, հարկ է պարզապես կարողություն ունենալ: Անդրե Ժիդը նկարագրում է Ուայլդին` որպես մի տեսակ ասիական Բաքոս, Ապոլոն, հռոմեացի կայսր: «Նա ճառագում էր»,- հաղորդում է Ժիդը: Անկասկած: Սակայն ինչ է ասում Ուայլդը բանտում. «Ամենամեծ արատը մակերեսայնությունն է»:

Տարակուսելի է, թե ՈՒայլդը մինչ բռնադատվելը ընդհանրապես խորհրդածե՞լ է այն մասին, թե աշխարհում գոյություն ունեն զնդաններ: Եթե նա մտածել է այդ մասին, ապա սոսկ լուռ համոզվածությամբ, որ դրանք գոյություն ունեն ոչ իր կարգի մարդկանց համար: Նա նույնիսկ, դատելով ըստ ամենայնի, ենթադրում էր, որ արդարադատության ապարատն այլ նպատակ չունի, քան իրեն ծառայելը` արտոնյալ էակին, քանզի հենց ինքն առաջինը դատավեճ ձեռնարկեց լորդ Դուգլասի հոր դեմ: Բայց դատն անսպասելիորեն շրջվեց իր դեմ, եւ դատարանը նրան դատապարտեց: Կամենալով օրենքը ծառայեցնել իրեն` նա ստիպված էր ենթարկվելու նրան: Հենց այդ ժամանակ էլ նա իմացավ, որ գոյություն ունեն բանտեր: Առաջ դա նրան չէր հետաքրքրում: «Սավոյեն» ջեռուցում էին:

Չնայած նա հիանում էր Շեքսպիրով, ում ազնվատոհմ եւ բարձրաստիճան հերոսներն այնքան հաճախ են հայտնվում կալանավորի վիճակում, կարելի է ասել, որ նա հիանում էր դրանով` չհասկանալով, քանզի իր բոլոր արարքներում եւ մտադրություններում նա սահմանազատվում էր կալանավորների ցեղից: Եթե արվեստը նրա միակ կրոնն է, ապա նա այնտեղ փարիսեցի է: Չէ՞ որ Ուայլդին մեծահոգությունը չէր բավում` գոհացնում էր, եւ հետագայում նա ապացուցեց այդ: Նրան չէր բավում երեւակայությունը, եւ այլ մարդկանց մեջ նա տեսնում էր լոկ հանդիսատեսների եւ ոչ թե` դերասանների կամ զոհերի: Ինչպես իսկական դենդի, ով չափազանց տարված էր զարմացնելով եւ ենթարկելով, եւ սրանով իսկ զրկում էր իրեն որեւէ ճշմարտությամբ զարմանալուց կամ դրան ենթարկվելուց, եթե նույնիսկ դա երջանկության ճշմարտությունն է, չնայած իր գլխավոր զբաղմունքը դրա ետքից ընկնելն էր: Այն երջանկությունը, որին նա հետամուտ էր, հառնում էր իր դեմ մոդայիկ դերձակի հանդերձանքով. «Իմ սխալը,- գրում է նա «De Profundis»-ում,- այն էր, որ ես աշխատում էի մոտ լինել այն ծառերին, որոնք աճում էին, ինչպես ինձ էր թվում, այգու արեւկողմում, եւ խուսափում էի մյուս կողմից` նրա խավարի եւ մռայլության պատճառով»:

Բայց հանկարծ արեգակը մարեց: Դատարանը, որով զբաղվելու համարձակությունը նա իր վրա վերցրեց, դատապարտեց նրան: Այն աշխարհը, որի համար նա ապրում էր, հանկարծ տեսավ նրա իսկական դեմքը` միջակ եւ այդու վանող, եւ նա ասես թոկից փախավ: Վարկաբեկությունն առավել վարկաբեկիչ հալածանք առաջ բերեց: Դեռեւս լիովին չհասկանալով, թե ինչ է կատարվում, նա խելքի եկավ խցում` բանտային հագուստով, ստրուկի կարգավիճակում: Այժմ ո՞վ նրան օգնության կգա: Եթե պերճաշուք կյանքը միակ իրականությունն է, ապա կնշանակի` հենց այդ աշխարհիկ հանդերձներով իրականությունն էլ նրան բանտ նետեց: Եթե կարելի է ապրել միայն անտառի արեւկողմում, կնշանակի` այդ գարշահոտ խավարում նա պետք է անհուսությունից մեռնի: Սակայն մարդն արարված է ոչ այն բանի համար, որպեսզի մեռնի, եւ այդ պատճառով էլ խավարից վեր է: Ուայլդն ընտրեց կյանքը թեկուզ տառապանքի մեջ, քանզի հենց տառապանքի մեջ գտավ փաստարկներ կենաց օգտին: «Գիտե՞ք արդյոք,- ասում էր նա շատ ժամանակ անց Անդրե Ժիդին,- որ ինձ ինքնասպանությունից փրկեցին կարեկցանքով: Կարեկցանքը, որ ունակ է հուզելու տառապյալին, չի կարող սերել արտոնյալ մարդկանցից, այլ լոկ նրանցից, որ տառապում են նրա հետ մեկտեղ: Բանտի բակում, անծանոթ կալանավորը, որ ոչ մի անգամ չէր խոսել Ուայլդի հետ, նրա ետեւից քայլելիս հանկարծ շշնջաց. «Օսկար Ուայլդ ես ձեզ խղճում եմ, քանի որ դուք, երեւի, ավելի շատ եք տառապում, քան մենք բոլորս»: Ուայլդը ցնցված պատասխանեց, որ` ոչ, որ այստեղ ամենքն էլ տառապում են նույնքան: Կսխալվե՞մ արդյոք` ենթադրելով, որ այդ պահին Ուայլդը երջանկություն ապրեց, որի մասին նա առաջ չէր էլ կասկածում: Նրա մենությունն ավարտվեց: Պարոնը հասարակությունից, որ բանտ էր ընկել եւ դեռեւս չէր հասկանում` իրականություն է դա, թե մղձավանջային երազ, հանկարծ տեսնում է լույսը, որ ամեն ինչ իր տեղն է դնում: Նա ամաչելու բան չունի, բացի մի բանից` բայց այստեղ արդեն ամոթն այրող է, չէ՞ որ նա մի ժամանակ համախոհն էր այն աշխարհի, որը դատում եւ շուտափույթ դատավճիռներ է կայացնում` մինչ մոմի լույսի ներքո ընթրելու գնալը: Նա գիտե, որ իր եղբայրները նրանք չեն, ովքեր «Ռիցում» են ապրում, այլ նա է, ով բանտարկյալների զբոսանքի ժամանակ, շղթայված իր առջեւից ընթանալով, կցկտուր նախադասություններ է փնթփնթում, եւ նա, ում մասին գրվելու է «Ռեդինգի բանտի բալլադը», եւ ում ծանրումեծ քայլերը լսվում են լուսաբացին այլոց միջեւ` բանտի միջանցքներում: «Այս բոլոր դժբախտների մեջ, ովքեր կալանված էին ինձ հետ այս սարսափելի վայրում, չի գտնվի մեկը, ով խորհրդանշորեն կապված չէ կենաց գաղտնիքին»,- գրում է նա իր ամենաթեթեւսոլիկ ծանոթներից մեկին:

Միաժամանակ նա ըմբռնում է արվեստի գաղտնիքները: Այն օրը, երբ Ուայլդին բերեցին պարտապանների դատարան, որպեսզի ըստ նրան հալածողների հնարամիտ ծրագրի` նա այնտեղ իմանա, երկու ոստիկանի արանքում կապված ձեռքերով կանգնած, իր լիակատար սնանկության մասին, եւ իր հին ընկերը` միակը ծաղրաբան ամբոխի մեջ, հանդիսավոր գլխարկը բարձրացրեց` ի նշան հարգանքի առ նրա տառապանքը, այդ օրը կուրությունից ազատված Ուայլդը գրառեց, որ այդ մի շարժմունքը «բացեց իր համար կարեկցանքի բոլոր աղբյուրները»: Եվ այդ պահից ի վեր նա ունակ եղավ հասկանալու Շեքսպիրին ու Դանթեին, որոնց մասին այդքան խոսում էր` առանց ճշմարտապես նրանց ճանաչելու, եւ կարողացավ գրել մարդկային ցավից ծնված աշխարհի ամենահիասքանչ գրքերից մեկը: «De Prufundis»-ում հնչում է այն լեզուն, որը նախկին Ուայլդը չէր կարող գտնել, եթե նույնիսկ փնտրեր, եւ հենց առաջին նախադասությունից իր վաղ շրջանի տեղծագործությունների փխրուն եւ շողշողուն շինությունները փշուր-փշուր են լինում: Ըստ էության` դա մի մարդու խոստովանանք է, ով ընդունում է, որ մոլորված էր ոչ այնքան կյանքի հանդեպ, որքան` արվեստի, որ կամենում էր դարձնել իր միակ կյանքը: Նրա համար ակնհայտ է դառնում, որ կամենալով զատել արվեստը տառապանքից` նա կտրել է նրա արմատներից մեկը եւ խլել է ինքն իրենից իսկական կյանքը: Հանուն գեղեցկությանը ծառայելու` նա մտադրվել էր բարձրացնել այն ողջ աշխարհի վրա, սակայն, կալանավորի հագուստ զգենալով, հասկացավ, որ իր արվեստը մարդկանցից ցածր է դասել, քանզի նա զորու չէ որեւէ բան տալու տնանկին: Ոչ «Սալոմեում», ոչ էլ «Դորիան Գրեյում» ոչինչ համահունչ չէ կալանավորի սրտին: Փոխարենը` «Արքա Լիրում» եւ «Պատերազմ եւ խաղաղությունում» կա երջանկություն եւ ցավ, որ հասկանալի է նրանց, ովքեր լալիս եւ վրդովվում են մեր անարգելի տառապանքի տներում: Երբ Ուայլդն իր խցում հատակն էր մաքրում, լվանում էր ձեռքերով, որ մինչ այդ ոչնչով իրեն նեղություն չէին տվել, բացի հազվագյուտ ծաղիկներին շփվելիս, իր նախկին ստեղծագործություններից եւ ոչ մեկը չէր կարող նրան օգնել, ինչպես որ չէր կարող նրան օգնել ոչինչ, որ գրվել էր արեւի տակ, բացի մեծագույն ճիչից, որ արտահայտում է համընդհանուր վիշտը: Ոչ վաղ շրջանի Ուայլդի գեղեցիկ նախադասությունները, ոչ նրա նրբագեղ հեքիաթները այժմ չէին կարող նեցուկ կանգնել նրան: Փոխարենը` Էդիպի խոսքերը, ով դժբախտության ամենաեզրին ողջունում է աշխարհի կարգը` կարող էին: Այդ պատճառով էլ Սոֆոկլեսը ճշմարիտ արարիչ էր, իսկ Ուայլդը` ոչ: Հանճարն իր բարձրագույն մարմնավորմամբ արարում է հանուն այն բանի, որպեսզի մարդկանցից` իր սեփական աչքերում ամենավերջին թշվառն, ամենամռայլ կալանքում վերագտնի արժանապատվությունը: Ինչո՞ւ ստեղծագործել, եթե ոչ` այն բանի համար, որպեսզի տառապանքին իմաստ հաղորդվի` թեկուզ ցուցանելով դրա անհնարինությունը: Այդժամ էլ ծնվում է գեղեցկությունը` չարության եւ անարդարության բեկորներից: Արվեստի գերագույն նպատակը դատավորներին անարգելն է, ամենայն մեղադրանք ջնջելն ու ամենայն ինչ արդարացնելը` կյանքն ու մարդկանց` գեղեցկության շնորհիվ, որի ճշմարիտ լույսը ճշմարտության լույսն է: Ոչ մի իսկապես հանճարեղ ստեղծագործություն չի կառուցվել ատելության կամ քամահրանքի վրա: Վաղ թե ուշ իր սրտի ինչ-որ անկյունում իսկական ստեղծագործողն անխուսափելիորեն հաշտեցում է գտնում: Եվ այդժամ նա գիտակցում է իր համաչափելիությունն այլոց հետ` անսպասելի պարզության մեջ, որում վերջապես գտնում է իրեն:

Որքան արվեստագետներ են մեծամտորեն հրաժարվում իրենց փոքր մարդ գիտակցելուց: Սակայն այդ իր «փոքրության» գիտակցումը բավ է ճշմարիտ տաղանդ ձեռք բերելու համար: Քանի որ, ի հակառակ իր մասին սեփական կարծիքի, նրանք ակամա ստրուկ են մնում, որ ավելի բարձր են կանգնած այն միջին մակարդակից, որ այդքան արհամարհում են: Իսկ որքան են այլք, որ ընդհակառակը, համոզված են, որ հանճարեղության համար բավական է ընդհանուր մակարդակին իջնելը, եւ նրանք իջնում են, բայց արդեն երբեք չեն կարողանում դրանից վեր կանգնել: Այդ երկու ծայրահեղությունները, ի դեպ, միմյանց լրացնում են: Արվեստը, որը ժխտում է առօրեականության ճշմարտությունը, դատապարտված է անկենդանության: Սակայն միայն առօրեականությունն էլ նրա կյանքի համար, միեւնույն է, քիչ է: Այդ պատճառով էլ արվեստագետը չի կարող անտեսել իրականությունը, եւ նրա խնդիրն է` դրան ավելի բարձր արդարացում պարգեւելը: Ինչպե՞ս կարող է նա այն արդարացնել, եթե իր համար, որպես կանոն, ընտրել է այն քամահրելը: Եվ միաժամանակ` ինչպե՞ս այն փոխակերպել, եթե նա որոշել է դրա գերին դառնալ: Այդ երկու միտումների կիզակետում, ինչպես Ռեմբրանդտի փիլիսոփան, լույսի եւ ստվերի միջեւ, իր տեղն է գտնում արտասովոր եւ հանդարտ ճշմարիտ հանճարը: Այդ պատճառով էլ, բանտից դուրս գալով, հալածյալ Ուայլդն իր մեջ ուժ գտավ գրելու լոկ իր ապշեցուցիչ «Բալլադը»` ստիպելով, որ կրկին հնչի այն ճիչը, որ մի անգամ հնչել էր Ռեդինգի բանտի բոլոր խուցերից, որպեսզի ձուլվի այն կալանավորի ճիչին, ում կախում էին ֆրակով պարոնները: Միակ բանը, որ դեռեւս կարող էր նրան հետաքրքրել, դա նրա դժբախտության ընկերներն էին, եւ դրանց թվում` նա, ով ամոթալիորեն անարգված էր հանուն բարեպաշտության: «De Profundis»-ի վերջին տողերում Ուայլդը երդվում է այլեւս երբեք չզատել արվեստն ու տառապանքը: «Ռեդինգի բանտի բալլադը», որն այնքան հիանալի եւ խորազգաց ֆրանսերեն է թարգմանել Ժակ Բուրը, այդ խոստման իրագործումն էր: Այդու այն եզրափակեց Ուայլդի գլխապտույտ ճանապարհը սալոնների արվեստից, որտեղ ամեն ոք այլոց մեջ լսում է լոկ իրեն, առ բանտերի արվեստը, որտեղ բոլոր կալանավորների ձայները ձուլվում են համընդհանուր մերձիմահ ճիչում, որպեսզի այն լսի իր նմաններից սպանվող մեկը:

Այստեղ է, գուցե թե, թաքնված այլ մի խելահեղության ելակետը, երբ արվեստագետը ճշմարտությանն առնչվելու շոկային ազդեցության տակ սկսում է կուրորեն կյանքն ընդհանրապես նույնացնել տառապանքին: Բայց Ուայլդն այդ իմաստով արժանի է լոկ սիրո եւ հիացմունքի` միայն նրա դարաշրջանը, նրան շրջապատող հասարակությունն է ամեն ինչի համար պատասխանատու: Ստրկական հասարակությունները, այնպիսիները, ինչպիսին մերն է, անհրաժեշտ են, եւ դա նրանց մեղքն է` տառապանք եւ ստրկություն, որպեսզի տեսնեն ճշմարտությունը, որն, իմիջիայլոց, պարփակված է եւ երջանկության մեջ, երբ սիրտն արժանի է այդ երջանկությանը: Արդյոք կա՞ առավել բարձր նվաճում, քան զրկանքների գիտակցմանը հասնելը երջանկության միջոցով: Սակայն, ի վերջո, եթե մարդն իր ծննդյան կամ խառնվածքի բերմամբ կարող է, ըստ Սեն-Ժյուստի արտահայտության, սոսկ հրեշային պատկերացում կազմել երջանկության մասին, ապա նրա համար տառապանքը ճշմարտության հասանելի դեմքն է` անշուշտ, ամենաանբարեպատեհը, բայց ինչ արած, ստրուկի ճշմարտությունը համենայն դեպս ավելի լավ է, քան տիրոջ սուտը: Ուայլդի վեհ հոգին, տառապանքի շնորհիվ հառնելով ունայնությունից, միեւնույն է, ձգտում է այն հպարտ երջանկությանը, որը նա պետք է գտներ ձախորդություններից անդին: «Հետո,- ասում էր նա,- ինձ հարկ կլինի սովորելու երջանիկ լինել»: Նա երջանիկ չդարձավ: Ճշմարտության ճանապարհին խոչընդոտների հաղթահարումը եւ պարզապես դիմակայումն այն ամենին, որը բանտում մարդուն մղում է անկման, բավ է, որպեսզի քայքայի հոգեկան ուժերը: «Բալլադից» հետո Ուայլդը ոչինչ չգրեց եւ, անկասկած, ճանաչեց արվեստագետի տառապանքը, ում հասու է հանճարի ուղին, բայց ով արդեն դրա ուժը չունի: Շրջապատողների չքավորությունը, թշվառությունը կամ անտարբերությունն էլ իրենց գործն արեցին: Աշխարհիկ հասարակությունը, որի համար նա մի ժամանակ ապրում էր, հավանաբար զգաց, որ իրեն վերջնականապես ու անդառնալիորեն դատապարտել է կալանավորը, եւ այն էլ դատապարտել է ըստ արժանվույնս: Այդ պատճառով էլ նա երես թեքեց իր անմիտ խնջույքների հերոսից: Եվ ավելորդ անգամ հաստատելով ինքն իր դատի արդարացիությունը` այդ հասարակությունը կրկին դատեց բանաստեղծին, բայց ոչ թե մակերեսայնության արատի համար, այլ այն բանի համար, որ նա դժբախտ լինելու անպատկառություն ունեցավ: Նույնիսկ Անդրե Ժիդը խոստովանում է, որ կարկամել էր Փարիզում Ոայլդին հանդիպելիս, երբ նա սնանկ էր եւ այլեւս ոչինչ չէր գրում: Հավանաբար, նա չէր կարողացել դա թաքցնել, քանի որ Ուայլդը չկարողացավ չասել այն նախադասությունը, որը ստիպում է ափսոսալ, որ նա այլեւս չկա։ «Չարժե բարկանալ մարդու վրա այն բանի համար, որ նա անկյալ է»: Այդ ժամանակ, խղճուկ եւ մենակ, գրելու ընդունակությունը կորցրած, ժամանակ առ ժամանակ երազում էր Լոնդոն վերադառնալ, որպեսզի դարձյալ դառնա այն «կյանքի արքան», եւ համարում էր, հավանաբար, որ կորցրել է կյանքում ամեն ինչ, նույնիսկ այն ճշմարտությունը, որը բացահայտվել էր բանտի բակում: Սակայն նա սխալվում էր: Նա մեզ արքայական ժառանգություն է թողել` «De Profindus»-ը եւ «Ռեդինգի բանտի բալլադը»: Նա մահացավ մեր կողքին, ձախափնյա փողոցներից մեկում, ուր արվեստն ու աշխատանքն ապրում էի հանց եղբայրներ, համընդհանուր կարիքի մեջ: Նրա դագաղն ուղեկցող համեստ թափորը ոչ թե կազմված էր իր վաղեմի պերճաշուք ընկերներից, այլ Արվեստների փողոցի հասարակ մարդկանցից, դա վկայում էր նրա նոր առաքինության մասին եւ ազդարարում էր ընտրյալ լինելու մասին: Բոլորովին վերջերս ծնված արվեստագետը մահացավ:

ԱՆԴՐԵ ԺԻԴ «ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ»

Սակայն տնօրենը սարսափելի մարդ դուրս եկավ, նա կամեցավ մեզ առանձին հարցաքննել, հարկ է նկատել, որ պատիժը նրա, ով առաջինն էր խոսել, երկու անգամ ավելի ծանր էր, քան պատասխանողի համար, սովորաբար առաջինը երկու շաբաթ մնում է մենախցում, երկրորդը` մի շաբաթ: Եվ ահա տնօրենը կամեցավ պարզել, թե մեզանից ով էր առաջինը խոսել: Ինքնին հասկանալի է, որ Պ.-ն, որ հիանալի մարդ էր, հայտարարեց, որ դա ինքն է: Բայց հետո, երբ տնօրենը կանչեց ինձ հարցաքննության, ապա, հասկանալի է, որ ես նույնպես ասացի, որ առաջինը ես եմ խոսել: Այդժամ տնօրենը շառագունեց եւ ոչինչ չէր կարողանում հասկանալ:

– Բայց Պ.-ն ինձ էլ հայտարարեց, որ առաջինը ինքն է խոսել: Ոչինչ չեմ կարողանում հասկանալ,- ասաց տնօրենը:

«Դե տեսեք, սիրելիս: -Նա ոչինչ չէր կարողանում հասկանալ: Նա մեծ շփոթմունքի մեջ էր եւ ասաց,- բայց ես նրան երկու շաբաթ նստեցրել եմ… – Եվ հետո հավելեց,- Դե ինչ: Եթե այդպես է, ես ստիպված եմ երկուսիդ էլ երկու շաբաթ մենախցում պահել,- մի՞թե դա հիասքանչ չէ: Այդ մարդը բացարձակապես երեւակայությունից զուրկ էր,- Ուայլդին շատ զվարճացրեց իր պատմածը, նա ծիծաղեց եւ հաճույքով շարունակեց.

– Բնականաբար, երկու շաբաթ անց, մենք, ավելի քան նախկինում, խոսելու ցանկություն ունեինք: Դուք չգիտեք, թե ինչ քաղցր կարող է լինել այն գիտակցությունը, որ մեզնից յուրաքանչյուրը տառապում էր մյուսի համար: Քիչ-քիչ,- չէ՞ որ անկարելի է, որ ամեն օր նույն շարքում հայտնվեք` ինձ հաջողվեց մյուս կալանավորների հետ եւս խոսել, այո, բոլորի, բոլորի: Ես նրանց բոլորի անուններն իմացա, նրանց հանցագործության պատմությունը, ազատագրման ժամկետը… Նրանցից յուրաքանչյուրին ես ասում էի. «Երբ դուք բանտից դուրս գաք, առաջին հերթին աշխատեք փոստատուն գնալ` անտեղ ձեր անունով փողով փաթեթ կլինի»: Եվ այնպես պատահեց, որ ես հիմա էլ նրանց հետ ծանոթությունս շարունակում եմ, որովհետեւ ես նրանց շատ եմ սիրում: Նրանց մեջ պարզապես հիանալի մարդիկ են պատահում: Կհավատաք, նրանցից երեքը հասցրել են ինձ այստեղ այցելել: Մի՞թե դա ապշեցուցիչ չէ…

«Նախկին տնօրենին փոխարինողը արտասովոր հմայիչ մարդ էր, հիասքանչ, եւ բացառիկ սիրալիր իմ հանդեպ… Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ նեցուկ էր ինձ համար «Սալոմեի» բեմադրությունը Փարիզում, որ հենց այդ օրերին էր: Մեզ մոտ բոլորը մոռացել էին, որ ես գրող եմ: Բայց երբ մարդիկ տեսան, որ իմ պիեսը Փարիզում հաջողություն ունի, ձայներ հնչեցին. «Ասացեք խնդրեմ: Տարօրինակ է: Պարզվում է, նա տաղանդ ունի»: Դրանից հետո ինձ թույլատրեցին կարդալ բոլոր այն գրքերը, որոնք ես կամենում էի»:

«Սկզբում ինձ թվաց, որ ինձ առանձնահատուկ բավականություն է պատճառում հունական գրականությունը: Ես խնդրեցի Սոֆոկլեսի գիրքը, բայց ոչ մի հմայք այնտեղ չգտա: Այդժամ ես մտածեցի եկեղեցու հայրերի մասին, բայց նրանք էլ ինձ չհետաքրքրեցին: Հանկարծ միտս եկավ Դանթեն, օ, այո, Դանթեն: Ես սկսեցի ամեն օր Դանթե կարդալ, ես իտալերեն այն ամբողջությամբ կարդացի, բայց ոչ «Քավարանը», ոչ էլ «Դրախտը» չթվացին ինձ համար գրված: Ես հիմնականում կարդում էի «Դժոխքը», ինչպե՞ս կարող էի ես այն չսիրել: Դուք հասկանո՞ւմ եք: Չէ՞ որ մենք այն ժամանակ դժոխքում էինք: Դժոխքը` չէ՞ որ դա մեր բանտն էր:

Հաջորդ օրը նա ինձ տարավ հյուրանոցից մի երկու հարյուր մետրի վրա գտնվող մի հիասքանչ տնակ, որը նա վարձել էր եւ որոշել էր կահավորել: Այնտեղ նա ուզում էր գրել իր դրամաները, սկզբում` «Փարավոնը», իսկ հետո` «Աքաբն ու Իզաբելը», որոնք նա այնքան հիասքանչ էր պատմում:

Ուայլդը նստեց կողքիս, որպեսզի փոքր-ինչ ինձ ուղեկցի: Նա կրկին խոսեց իմ գրքի մասին: Վերջապես սայլակը կանգ առավ: Նա ինձ հաջողություն մաղթեց, սկսեց ելնել եւ հանկարծ հավելեց.

– Լսեք, սիրելիս, ես կուզենայի ձեզանից մի խոստում ստանալ, «Երկրային սնունդները»` լավն է, շատ լավն է… Բայց խոստացեք ինձ, որ ապագայում երբեք չեք գրի` «Ես»:

Եվ քանի որ իմ դեմքից երեւում էր, որ ես նրան լրիվ չհասկացա, նա հավելեց. «Գիտեք ինչ, արվեստում առաջին դեմքի համար տեղ չկա»:

4

Փարիզ ժամանելուն պես ես ուղեւորվեցի լորդ Ալֆրեդ Դուգլասի մոտ նրան Ուայլդի մասին տեղեկություններ հաղորդելու: Նա ինձ ասաց.

– Դա ծայրաստիճան ծիծաղելի է: Ուայլդը բացարձակապես ունակ չէ ձանձրանալու: Ես հիանալիորեն գիտեմ նրան` նա ամեն օր ինձ գրում է, ես այն կարծիքին եմ, որ սկզբում հարկ է, որ նա իր պիեսն ավարտի, հետո նա նորից ինձ մոտ կգա, նա ոչինչ մենության մեջ չի ստեղծում, նա կարիք ունի, որ իրեն միշտ զվարճացնեն:

5

Ուայլդը շուտով տեղափոխվեց Փարիզ: Նրա պիեսն այդպես էլ անավարտ մնաց, եւ արդեն չէր էլ կարող գրվել: Հասարակությունը գիտի, թե ինչպես գործի անցնի, երբ նրան պետք է վտարել մարդուն, եւ ավելի նրբին միջոցներ է գտնում, քան մահը… Երկու տարվա ընթացքում Ուայլդը չափազանց շատ էր տառապել: Նրա կամքը կոտրվել էր եւ, դրա հետ մեկտեղ, չափազանց պասիվ էր դարձել: Առաջին ամիսները նա դեռ պատրանքներ էր փայփայում, բայց շուտով զենքը վայր դրեց: Դա յուրատեսակ հրաժարում էր իշխանությունից: Նրա փշրված կյանքում ոչինչ չէր մնացել, բացի այն բանի վշտալի արձագանքից, որ նա նախկինում էր, ակնթարթային պահանջն այն բանի, որ նա դեռ մտածում է, կար սրամտությունը, բայց ինչ-որ հոգնամաշ եւ հուզված: Այդ ժամանակից ի վեր ես տեսա նրան երկու անգամ:

Մի երեկո ծառուղում Գ.-ի հետ զբոսնելիս ես լսեցի, որ մեկն ինձ անունով է կանչում: Շրջվում եմ` դա Ոայլդն է: Օ, ոնց էր նա փոխվել… «Եթե ես հայտնվեմ ավելի վաղ, քան կգրեմ իմ դրաման, մարդիկ իմ մեջ կտեսնեն միայն կալանավորի, ասել էր նա ինձ մի ժամանակ: Նա հայտնվել էր առանց դրամայի, եւ քանի որ որոշ տների դռներ նրա առջեւ փակվել էին, ապա նա չէր կամենում ոչ մի տեղ երեւալ` նա սկսել էր թափառել: Ընկերները մի քանի անգամ փորձել էին նրան օգնել, խորամանկությունների էին դիմում, նրան Իտալիա էին տանում: Ուայլդը միշտ խուսանավում էր: Մարդիկ, որ ամենքից երկար հարազատ էին մնացել նրան, հաճախ կրկնում էին, որ Ուայլդի հետ հանդիպելն անհարմար է, եւ այդ պատճառով, պետք է խոստովանեմ, ես փոքր-ինչ շփոթված էի, հանդիպելով նրան այնտեղ, ուր շատ մարդ էր անցնում: Նա մեզ համար երկու կոկտեյլ պատվիրեց: Ես պատրաստվում էի դեմքով դեպի նա նստել, այսինքն` մեջքով դեպի անցորդները, բայց Ուայլդը չխրախուսեց այդ մտադրությունը` ենթադրելով, որ դա կեղծ համեստության արդյունք է:

– Օ, ոչ, նստեք այստեղ, կողքիս,- ասաց նա` մատնացույց անելով մոտակա աթոռը,- ես այժմ այնքան մենակ եմ:

Ուայլդը դեռեւս վատ չէր հագնված, բայց նրա գլխարկն արդեն առաջվա փայլը չուներ, վերնաշապկի օձիքը նախկին մաքրությամբ չէր առանձնանում, նրա սերթուկի թեւքերը մաշված էին:

– Երբ ես անցած տարիներին հանդիպում էի Վերլենին, ես նրա համար չէի կարմրում,- սկսեց նա հպարտության ինչ-որ նշուլանքով: -Ես հարուստ էի, զվարթ, փառքով շրջապատված, բայց ես զգում էի, որ ինձ համար պատիվ է հայտնվել նրա կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հարբած էր…,-Այնուհետեւ, հավանաբար երկյուղելով Գ.-ին ձանձրացնելուց, նա կտրուկ փոխեց տոնը, փորձեց սրամտել, կատակել եւ մռայլության գիրկն ընկավ: -Այնտեղ իմ հիշողությունները դառնում են ճնշող ու ծանր: Վերջապես մենք ոտքի ելանք: Ուայլդը պնդեց, որ ինքը վճարի: Ես արդեն պատրաստվում էի նրան հրաժեշտ տալ, երբ նա ինձ մի կողմ տարավ եւ համարյա շշուկով ասաց.

– Լսեք, ես ուզում եմ ձեզ ասել, որ ես այժմ տառացիորեն կոպեկ իսկ չունեմ:

Մի քանի օր անց ես նրան տեսա վերջին անգամ: Ես կուզենայի մեր զրույցից միայն մի նախադասություն մեջբերել: Նա ինձ պատմում էր իր դժբախտությունների մասին, շարունակելու, եւ նույնիսկ աշխատանքը վերսկսելու անհնարինության մասին: Ես տխրությամբ հիշեցրի նրան իր երդման մասին` մինչեւ պիեսը չավարտելը Փարիզում չհայտնվել:

– Ախ, ինչո՞ւ,- ասացի ես,- դուք այդքան շուտ լքեցիք Բարնեւալը, ուր դուք խոստացել էիք երկար մնալ: Ես չեմ ուզում ասել, թե դրա համար ձեզ մեղադրում եմ, բայց…

Նա ինձ ընդհատեց` ձեռքը ձեռքիս դնելով եւ նայելով ինձ իր ամենատանջալից հայացքներից մեկով:

– Պետք չէ,- ասաց նա,- մեղադրել այն մարդուն, ով անկյալ է:

Օսկար Ուայլդը մահացավ մի անշուք հյուրանոցում: Նրա թաղմանը ներկա էր յոթ հոգի, բայց բոլորը չէ, որ մինչեւ վերջ ուղեկցեցին թաղման թափորը: Դագաղի վրա ծաղիկներ եւ ծաղկեպսակներ էին, նրանցից մեկի վրա, ինչպես ինձ հաղորդել են, մակագրված էր, դա հյուրանցի տիրոջ ծաղկեպսակն էր, որի վրա կարելի էր կարդալ` ԻՄ ԿԵՆՎՈՐԻՆ: