Առաջադրվելու է

06/03/2012

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը առաջիկա ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում: Այդ մասին երեկ տեղեկացրել է Խ. Սուքիասյանի գրասենյակի մամուլի ծառայությունը: Արդյո՞ք ԿԸՀ-ն գրանցելու է նրա թեկնածությունը: Lurer.com կայքի այս հարցին երեկ ԿԸՀ մամուլի բաժնից ասել են, որ իրավասու չեն պատասխանել: «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների գրանցման փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ, այսինքն` մարտի 12-ից մինչեւ մարտի 22-ը: Ժամկետը դեռ չի սկսվել, մեզ մոտ դեռ չեն ներկայացվում գրանցման փաստաթղթեր»,- ասել են ԿԸՀ-ից: Կայքը գրում է, որ իշխանական շրջանակներում արդեն տեւական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում, որ Խաչատուր Սուքիասյանի առաջադրվելու պարագայում նրան չեն գրանցի` վերջին հինգ տարվա ընթացքում ՀՀ-ում անընդմեջ չբնակվելու հիմնավորմամբ: Նշենք նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների, թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաեւ «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը: