Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերություններն արդեն հրապարակել են մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագները: Դա օրենքի պահանջ է, որը սահմանում է նաեւ, որ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին 6 ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը, եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտն այն չի կարող փոփոխվել: Նոր Ընտրական օրենսգրքի հենց այս պահանջի պատճառով անցած` 2007թ. ԱԺ ընտրությունների համեմատ, այս տարի հեռուստաընկերությունների մեծ մասը նվազեցրել է քաղաքական գովազդի սակագները, որոնց մեծ մասը երեկ հրապարակել է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ այդմ, քաղաքական գովազդի ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը` 1 րոպեն արժե 120.000 դրամ: 2007թ. խորհրդարանական ընտրություններում «Շանթի» քաղաքական գովազդի 1 րոպեն արժեր 108.000 դրամ: Հաջորդը` «Արմենիա» հեռուստաընկերությունն է, որտեղ քաղաքական գովազդի 1 րոպեն արժե 110.000 դրամ (2007թ.` արժեր 130.000 դրամ): Այս ընտրությունների քարոզարշավում դրական փոփոխություն կարելի է համարել այն, որ ի տարբերություն վերը նշված «գլամուրային հեռուստաընկերությունների», քաղաքական գովազդի 1 րոպեի արժեքը զգալիորեն նվազեցրել են «Երկիր Մեդիա» (2007թ. 100.000 դրամի փոխարեն` այս տարի 1 րոպեի արժեքը կկազմի 36.000 դրամ), «Կենտրոն» (2007թ. 108.000 դրամից այս քարոզարշավի ընթացքում 1 րոպեն նվազել է մինչեւ 32.000 դրամ) եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունները. վերջինս սահմանել է քաղաքական գովազդի առայժմ հրապարակված ամենացածր սակագինը` 1 րոպեի համար 18.000 դրամ: Հատկապես վերջին երեք հեռուստաընկերությունների ֆոնին` անհամեմատ բարձր է Հանրային հեռուստաընկերության սահմանած սակագինը` 1 րոպեն 80.000 դրամ, ինչպես 2007թ. ընտրություններում: Բացի Հանրայինից, վերը նշված բոլոր հեռուստաընկերությունները մասնավոր հեռուստաընկերություններ են եւ կարող էին սահմանել քաղաքական գովազդի այնքան բարձր արժեք, որքան թույլատրվում է օրենքով: Նույնը, սակայն, տեղին չէ Հանրային հեռուստաընկերության դեպքում, որը, եթե հավատարիմ մնար իր կոչմանը եւ փորձեր ապահովել առավելագույն հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար, պետք է սահմաներ այնքան ցածր սակագին, որքան հնարավոր է տեխնիկապես: Մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունն իր լրատվական եթերաժամանակի մեծ մասն անվճար հատկացնում է իշխանական կուսակցությունների անվճար քարոզչությանը (լրատվական թողարկումների մեծ մասը նվիրված է նրանց), «ձեռքի հետ» էլ քարոզչության ժամանակահատվածում պատկառելի գումար է աշխատում ընդդիմադիր ուժերի հաշվին: Ընդ որում, Հանրայինի զավեշտն այն է, որ այդ գործընթացն ի պաշտոնե տնօրինում է Հանրային հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը, ով, ինչպես հայտնի է` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում, ՀՀԿ-ն էլ պաշտպանելու է նրա թեկնածությունը: Նա երկու օր առաջ նույն Հանրայինի եթերից հավատացնում էր, որ ամեն ինչ անելու է նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ապահովելու համար: Եթե որեւէ մեկը հավատում է դրան, ուրեմն կարող է այցելել ՀՀԿ մոտակա գրասենյակ եւ անդամագրվել «ամենաարդար ընտրությունների անցկացման պատմական գործին»: Եթե նույնիսկ ՕԵԿ նախկին անդամ է: