Եթե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը փոփոխության չենթարկվի, ապա դրա առաջին ընթերցման ժամանակ «դեմ» քվեարկած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «դեմ» կքվեարկի նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ: Այդ մասին երեկ Պետրոսյանը հայտարարել է «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հետ բանավեճում: «Ես կողմ եմ այդ օրենքին, բայց այնտեղ դրույթ կա, որ բանակը կարող է հանդիսանալ միջոց` խանգարելու հանրահավաքները, իսկ բանակը չի կարող լինել քաղաքական ուժի համար գործիք: Ես դա եմ ասում, եւ հիմա էլ խմորումները դեռ գնում են»,- իր դիրքորոշումն այսպես է բացատրել ՀՀԿ-ական պատգամավորը` նշելով, որ իր գործընկերներից շատերը նման դիրքորոշում ունեն, քանի որ մոտեցել են եւ ասել, որ ինքը ճիշտ է, սակայն, ի տարբերություն Ռաֆիկ Պետրոսյանի, նրանք ցանկացած ձեւով չեն կարող քվեարկել: «Մեր կուսակցությունում էլ կան մարդիկ, ովքեր անում են այնպես, որ միայն իշխանություններին դուր գան, եւ կան մարդիկ, ովքեր գաղափարապես են գործում»,- խոստովանել է ՀՀԿ-ական` փաստորեն, խիզախ պատգամավորը: Հարցին` արդյո՞ք այդ քայլով ինքն իրեն չհեռացրեց կուսակցությունից եւ չզրկեց ապագա խորհրդարանում մանդատ ունենալու հնարավորությունից, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանել է`, որ ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ է լինելու: Հակադարձելով Պետրոսյանին` Աղասի Արշակյանն ասել է. «Ես արդեն լավ գիտեմ` պարոն Պետրոսյանը չի լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, ինքն էլ այդ մասին դեռ չի իմանում»: