Աղասի Արշակյանը «պրետենզիաներ» ունի

06/03/2012

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին անդամ Աղասի Արշակյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններն: Սակայն նա դեռեւս չի կողմնորոշվել, թե կոնկրետ որ ընտրատարածքից է առաջադրվելու: Պարզվում է` նրա այդ որոշումը կախված է «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սմբատ Այվազյանի որոշումից: «Որոշել եմ առաջադրվել, դեռ չեմ կողմնորոշվել` դա կլինի 7-ո՞ւմ, թե՞ 8-ում: Կորոշեմ` որտեղ. կախված է Այվազյան Սմբատի որոշելուց, որովհետեւ Այվազյան Սմբատը ՀԱԿ-ն է ներկայացնում, իսկ ես ՀԱԿ-ի հետ մրցակցելու խնդիր գոնե ինձ համար չեմ տեսնում»,- ասել է Արշակյանը` հույս հայտնելով, թե ՀԱԿ-ն իրեն կաջակցի ընտրակեղծիքների դեմ պայքարում: Արշակյանի խոսքով` իրեն մրցակից կարող է լինել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը. «Այսօր իմ պատգամավորն է ինքը, հիմա ես էլ ուզում եմ իր պատգամավորը լինեմ»: Ի դեպ, նախկին պատգամավորի ասելով` ինքը վերադառնում է քաղաքականություն, քանի որ կուտակված շատ ասելիք ունի: Ըստ նրա` ներկայիս պաշտոնյաները, ովքեր նախկինում իր գործընկերներն են եղել, այժմ իրենց մոտեցումները փոխել են իր նկատմամբ, ուստի հիմա «պրետենզիաներ ունեմ տարբեր մարդկանց»: «Ում զանգել եմ տարբեր հարցերով, պատասխան չեմ ստացել: Ամո՞թ ա անձնական հարցեր լուծել: Պրեզիդենտից սկսած` բոլորը անձնական հարց են լուծում: Ես 25 տարի անձնական հարց չեմ լուծել»,- երեկ հայտարարել է Ա. Արշակյանը` ասելով, թե այս ընթացքում դիմել է թվով 20 պաշտոնյաների, սակայն միայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից է լավ վերաբերմունքի արժանացել: «Իմ վերաբերմունքը Ս. Օհանյանի եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նկատմամբ տարբեր է: Եթե առաջ Վ. Գասպարյանին զանգահարում էի Վանո Սիրադեղյանի հետ խոսելու համար, ապա հիմա ցանկանում եմ խոսել ոստիկանապետի հետ, սակայն նա չի ցանկանում»,- դժգոհել է Ա. Արշակյանը:

Երեկ նա անուղղակի անդրադարձել է նաեւ իր նախկին կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին` ասելով. «Չեմ կարող սուս նստել կամ աչքերս փակել, որ մեկը 7 տարի ինձ ֆռռացրել ա, թե ինքը ժողովրդի կամ հայրենիքի զինվորն է, մեկ էլ պարզվում է, որ մի մարդ կա, նրա զինվորն ա ինքը»: Հարցին, թե խոսքն Արտաշես Գեղամյանի մասի՞ն է, Ա. Արշակյանը պատասխանել է. «Դուք ասեցիք, ես այդ անունը ուղիղ 5 տարի չեմ տալիս»: