Միահյուսվում են՝ տարանջատվելով

06/03/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ հաստատվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ցանկացող թեկնածուները։ Բոլոր նրանք, ովքեր թաքուն հույս ունեին, թե այս անգամ ԱԺ-ն փոքր-ինչ այլ կազմ կունենա, ամեն օր հիասթափություն են ապրում ու հարցնում՝ բա ասում էիք` գործարար պատգամավորներ չե՞ն լինի։

Ասողը իշխանությունն էր, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն։ Սակայն ՀՀԿ-ում այնքան էլ միամիտ չէին, որ լեզվի այդպիսի կոպիտ սայթաքում թույլ տային։ Նրանք հատուկ շեշտել են՝ ՀՀԿ համամասնական ցուցակում։ Իսկ մեծամասնականի համար իրենք պատասխանատու չեն. ազատ երկիր է, յուրաքանչյուր ոք էլ իրավունք ունի առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։

Լավ, իսկ ինչո՞ւ է իշխանությունը նման խոստում տվել, որ հետո էլ իրեն մեղադրեն խոստումը չկատարելու մեջ։ Բանն այն է, որ միջազգային կառույցները չեն դադարում հայտարարել, որ Հայաստանում բոլոր խնդիրների հիմքը բիզնեսի եւ իշխանության սերտաճումն է։ Եվ, որ հարկավոր է դրանք տարանջատել։ Իշխանությունն էլ իբր ականջալուր է այդ խորհրդին եւ փորձում է շտկել վիճակը՝ գործարար-պատգամավորներին հեռու պահելով իրենց ցուցակից (բայց ոչ Ազգային ժողովից)։ Ընդհանրապես՝ «բիզնեսի եւ իշխանության» սերտաճման վտանգների մասին նոր չէ, որ խոսվում է։ Եթե համառոտ ներկայացնենք խնդիրը, ապա հիմնական վտանգը հետեւյալն է. բիզնես ունեցող պաշտոնատար անձը, ունենալով վարչական լծակներ, կարող է դրանք օգտագործել սեփական շահերը սպասարկելու կամ մրցակիցներին խանգարելու համար։ Այսպիսով՝ բիզնեսն ու սեփականությունը պետական պաշտոնյային թույլ չեն տալիս անկողմնակալ ու անշահախնդիր գործել։ Սակայն, որքան էլ զարմանալի լինի, մեր դեպքում բիզնեսի եւ իշխանության տարանջատման հարցում պատգամավորներին մեղադրելը անիմաստ բան է։ Որովհետեւ… Հայաստանում պատգամավորը նման լծակներ չունի։ Իհարկե, պատգամավորների դեպքում ենթադրվում է, որ նրանք սեփական բիզնես շահերը հետապնդելով՝ խորհրդարանում կարող են անցկացնել օրենքներ կամ տապալել օրենքներ՝ առանց հաշվի առնելու հանրային շահերը։ Սակայն հայաստանյան իրականությունը ցույց է տվել, որ մեր գործարար պատգամավորները նման բան երբեք չեն արել ու դժվար էլ անեն։ Իշխանություններին դեմ գնալը (այն էլ` միասնաբար) մեր գործարար պատգամավորներին հատուկ չէ։ Նաեւ ասում են, որ մանդատը նրանց անհրաժեշտ է «պաշտպանվելու» համար. այսինքն՝ գործարարը պատգամավոր է դառնում, որպեսզի պաշտպանի իր անձի եւ բիզնեսի անձեռնմխելիությունը։ Սա էլ է չափազանցված։ Փորձը ցույց է տվել, որ երբ իշխանությունը ցանկանում է որեւէ մեկին պատժել, մանդատն էլ չի փրկում։ Եվ մյուս կողմից, կան խոշոր գործարարներ, որոնք մանդատ չունենալով հանդերձ՝ լա՜վ էլ պաշտպանված են զգում իրենց։ Ստացվում է, որ ԱԺ մանդատը հայաստանցի գործարարին ոչինչ չի տալիս։ Միակ առավելությունը, թերեւս, «պրեստիժն» է։ Այլ կերպ ասած, ԱԺ-ն դարձել է «էլիտար ակումբի» պես մի վայր, որի անդամ դառնալով՝ գործարարն ինքնահաստատվում է իր եւ գործընկերների աչքում։ Սակայն միայն այս բարոյահոգեբանական գործոնը կարո՞ղ էր ստիպել, որ գործարարը՝ սեփական բիզնեսը թողնելով, առաջադրվի, միլիոններ ծախսի, թուքումուր ուտի, հաճախ` նաեւ հանցագործությունների գնա։ Դժվար թե։ Գործարարը ԱԺ մտնում է ոչ թե սեփական կամքով, այլ նրան ստիպում են։ Ընդ որում, պարտադիր չէ, որ կոնկրետ ինչ-որ մեկը ստիպի։ Ստիպում է ձեւավորված իրականությունը։ Գործարարները պետք են՝ մեծամասնական ընտրությունների միջոցով իշխանությունն ավելի հաստատուն դարձնելու, իշխանության մեծամասնությունն ապահովելու համար։ Նրանց կարծիքը չեն էլ հարցնում, եւ նրանք չեն էլ կարող ձեռքները լվանալ քաղաքականությունից եւ մի կողմ քաշվել։ Չեզոք կեցվածքը համարվում է ապստամբություն։

Եվ հանգում ենք աբսուրդ թվացող դառը իրականությանը. իշխանությունը ոչ թե ձգտում է իրեն տարանջատել բիզնեսից (թեպետ այդ մասին օրնիբուն հայտարարվում է), այլ՝ ամեն ինչ անում է այդ կապն անխզելի դարձնելու համար։ Գործարարներն էլ Հայաստանի ամենախոցելի եւ ինքնուրույնությունից զուրկ մարդիկ են։ Ընդ որում, որքան խոշոր գործարար է, այնքան խոցելի է եւ թույլ։

Մյուս կողմից, վերջին շրջանում սկսել են շրջանառվել հետեւյալ տիպի խոսակցություններ՝ իսկ Հայաստանում կա՞ այնպիսի մարդ, որ բիզնես չունի կամ սեփականատեր չէ։ Սկսած դպրոցի ուսուցչուհուց (որը տանը մասնավոր պարապմունքներ է անցկացնում), վերջացրած ամենաբարձր պաշտոնյայով։ Խոսակցությունները, ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ են դրվում կոնկրետ աղբյուրներից։ Մի կողմ թողնենք այն, որ սա անուղղակի խոստովանություն է, որ Հայաստանում հնարավոր չէ ապրել աշխատավարձով։ Մարդիկ կամ պետք է կողքից սեփական բիզնես ունենան (հիմնականում՝ ստվերում աշխատող), կամ ապօրինի եկամուտներ (ասենք, կաշառքներ), կամ էլ պետք է հույսը դնեն իրենց բարեկամների վրա։ Իրականում նման խոսակցությունները, ինչպես նաեւ` «գործարար-սեփականատեր» բառախաղը, ժարգոնային հայերենում մի դիպուկ անուն ունի՝ «կռուտիտ»։ Իշխանությունը կռուտիտ է լինում։ Խնդիրն այն չէ՝ գործարարը կամ սեփականատերը պե՞տք է իրավունք ունենա ԱԺ մտնելու, թե՞ ոչ (այդ հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կարող են լինել)։ Եթե արգելքի իմաստը շահերի բախումից խուսափելն է, ապա ի՞նչ տարբերություն՝ մարդը սեփականատե՞ր է, թե՞ աշխատում է իր սեփական ընկերությունում։ Ի վերջո, Հայաստանում կորպորատիվ կառավարման համակարգը շատ թույլ է զարգացած, եւ կարեւոր որոշում կայացնողը միշտ սեփականատերն է։ Խնդիրն այն է, որ իշխանությունն այդ հարցին տվել է իր պատասխանը՝ ոչ։ Եվ այժմ պետք է այդ պատասխանի տակից դուրս գա։ Պատասխանն էլ հնչում է այսպես՝ այս մարդիկ ներկայանում են որպես սեփականատերեր եւ ֆորմալ առումով ներգրավված չեն իրենց բիզնեսների ղեկավարման մեջ։ Օրենքը նրանց չի կարող արգելել առաջադրվել։ Իսկ թե ոչ ֆորմալ առումով ինչ են անում, երեկոյան ընտանիքի անդամների հետ նստած՝ ինչպես են կառավարում բիզնեսները, դա արդեն ոչ ոք չի կարող վերահսկել։

Սակայն «կռուտիտ» լինելն այնքան էլ հեշտ չէ։ Կառավարությունն ինքը՝ սեփական նախաձեռնությամբ, դեռ 2009-ին դժվարացրեց այդ գործը։ 2009թ. իշխանությունը մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է շահերի բացահայտման ինստիտուտ։ Այսինքն` մեխանիզմ, որը պետք է բացահայտի պաշտոնատար անձանց` պատգամավորների, կառավարության անդամների եւ այլոց շահերը, եւ թույլ չտա, որ նրանք բիզնեսով զբաղվեն։ Նախաձեռնությունն իրենից ներկայացնում էր օրենսդրական փոփոխություններ մի շարք օրենքներում՝ ՀՀ Քրեական օրենսգրքում, «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներ։ Իսկ կառավարության նիստում (2009թ. մայիսին) վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ ասել էր. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները, չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է»։

Դեռ այն ժամանակ այս նախաձեռնությանը շատերը լուրջ չէին վերաբերվում։ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, եւ ինչ-որ հատուկ մեխանիզմներ պետք չեն «շահեր» բացահայտելու համար։ Անցել է շուրջ 3 տարի։ Եվ այդ ընթացքում, ըստ երեւույթին, արել են միայն մեկ, բայց շատ կարեւոր բացահայտում. Հայաստանում դժվար է գտնել որեւէ մարդ, ով բիզնես չունի։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում բոլորը բիզնեսմեն են։ Իսկ այդ դեպքում «տարանջատում» ասվածը լրիվ անիրատեսական է։