Փաստաբանները` փաստերով

06/03/2012

Երեկ թվով 35 փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի` ներկայացնելով մի շարք իրավախախտումներ: «Ընդհանրապես «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասի մակերեսը գերազանցում է 10.000 քառ. մետրը, սակայն համապատասխան նախագիծը նշված իրավանորմերին համապատասխան չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որից էլ հասարակությունը պետք է տեղեկանար այդտեղ իրականացվող կառուցապատվող աշխատանքների կազմի եւ ծավալի մասին, այդ թվում` այժմ տեղավորվող տաղավարների տեղակայման մասին (եթե, իհարկե, պայմանականորեն ընդունենք, որ կառուցապատման ծրագիրը ներառել է նման տաղավարների տեղադրում այս տարածքում): Տվյալ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է դրական փորձաքննական եզրակացությունը, պուրակում ձեռնարկվող կառուցապատման աշխատանքների իրականացումը պետք է արգելվեր»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ: Բացի նշյալ հանգամանքից, փաստաբանները մեջբերել են Հողային օրենգրքի, Քաղաքաշինության մասին օրենքի եւ իրավական այլ նորմերի խախտումներ:

«Բավականին տեւական ժամանակ է, ինչ հանրային բուռն քննարկումների առարկա է հանդիսանում Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Եզնիկ Կողբացի փողոցի միջակայքում գտնվող կանաչապատ տարածքի կառուցապատման խնդիրը: 2011թ. դեկտեմբեր ամսին Երեւանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող տաղավարներից: Ինչպես հայտնի է դարձել մամուլից, նշված տաղավարների մի մասը քաղաքացիների կողմից մասնավորեցվել են եւ նրանց են պատկանում սեփականության իրավունքով, իսկ մյուս մասն էլ քաղաքացիներին են տրվել վարձակալական հիմունքներով: Մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ եւ քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում, ընդհուպ` մինչեւ նստացույց, Մաշտոցի պուրակում գտնվող կանաչապատ տարածքի պահպանության եւ պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով, իրենց պահանջը հիմնավորելով այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են մի շարք իրավական նորմերի եւ շինարարական նորմերի ու կանոնների (ՍՆԻՊ) խախտումներով: Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի եւ ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի պնդմամբ, տաղավարները պուրակում տեղադրվում են ժամանակավորապես` մինչեւ տաղավարների վարձակալության իրավունքի ժամկետն ավարտվելը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Աբովյան փողոցից տաղավարների տեղափոխումը Մաշտոց-Կողբացի պուրակ իրականացվել է տաղավարների սեփականատերերին եւ օգտագործման իրավունք ունեցող անձանց փոխհատուցելու նպատակով»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ:

Փաստաբանները գտնում են, որ Մաշտոցի պուրակը հանդիսանում է հանրային տարածք` կանաչապատ գոտի, որից իրավունք ունի օգտվելու յուրաքանչյուր ոք, եւ կոչ են անում դադարեցնել կառուցապատման աշխատանքները, ինչպես նաեւ` ապամոնտաժել արդեն իսկ կառուցված շինությունները: