Մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնացել էր Սյունիքի մարզ: Վարչապետի այցից, թերեւս, ամենաշատը զայրացել է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Վերջինիս հատկապես վրդովեցրել են այն լուրերը, թե` Տ. Սարգսյանը հաշտեցրել է իրեն եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: «Չէ, տենց բան չկա: Ես իմ կարծիքը չեմ փոխել: Նույն համայնքն էլ իր կարծիքը չի փոխել, մեր կարծիքով` գնում ենք, եւ մինչեւ վերջ էլ պայքարելու ենք: Մենք էլ դժգոհ ենք վարչապետից»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Քաջարանի գյուղապետը, ով օրեր առաջ Քաջարան քաղաքում ներկա է գտնվել վարչապետ Տ. Սարգսյանի հետ հանդիպմանը: «Ես վարչապետին հարցրեցի, թե ի՞նչ ա լինելու մեր գյուղի վիճակը: Բայց ես դրական պատասխան չեմ ստացել: Ես տեսնում եմ, որ վարչապետը տրամադրված ա գյուղը վերացնի: Վսյո»,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Աթայանը: Ըստ նրա` վարչապետի հետ հանդիպմանը ԶՊՄԿ-ի տնօրենը եւս ներկա է եղել, բայց իրեն դա բոլորովին չի հուզում, եւ Մ. Հակոբյանն, ըստ նրա` այն պաշտոնյան չէ, ում հետ պետք է Քաջարան գյուղի հարցը լուծել: «Մ. Հակոբյանին հանդիպեմ, ի՞նչ: Ասեմ` ապրե՞ս, որ տունս քանդում ես»,- նկատեց Քաջարանի գյուղապետը: Ռ. Աթայանի փոխանցմամբ` ներկա պահին գյուղում հանգիստ վիճակ է, որին, գյուղապետի խոսքով` իրենք հասան արյան «գնով», եւ մինչ օրս որեւէ տրակտոր կամ բուլդոզեր չի հայտնվել գյուղում:
Քաջարանի վերջին հույսի մասին
Գյուղապետ Ռ. Աթայանն այլեւս այլընտրանք չունենալով` երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նախ անդրադառնալով Կառավարության` 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշմանը, ապա` տեղեկացնելով, որ գյուղի բնակիչներն այդ մասին իմացել են պատահաբար: «Կառավարության որոշման մեջ եւ որոշման շուրջ կառավարության պատասխանատուների մեկնաբանություններում հետեւողականորեն աղավաղվել ու կեղծվել է հանրային գերակա շահ ասվածը: Ավելի ճիշտ՝ կառավարության որոշման հիմնավորումներն ակնհայտորեն չեն համապատասխանում ՀՀ սահմանադրության պահանջներին, ինչպես եւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին, ինչը, կարծում եմ, Ձեզ պետք է լրջորեն մտահոգի: ՀՀ սահմանադրությունը եւ նշված օրենքը թույլ են տալիս հայտարարել երիցս՝ Քաջարան գյուղում գերակա հանրային, ազգային, պետական մեկ շահ կարող է լինել ու կա: Դա սահմանային Քաջարան գյուղի լինելության ապահովումն է»,- նամակում ասել է Ռ. Աթայանը: Վերջինս իր նամակում Ս. Սարգսյանի ուշադրությունն է հրավիրում գյուղացիներին զարմացնող մեկ հանգամանքի վրա եւս, ըստ որի` ԶՊՄԿ-ի տնօրենն իր հարցազրույցներում մշտապես վկայակոչում է ՀՀ նախագահի անունը: «Մաքսիմ Հակոբյանը, խոսելով մեր գյուղի տարածքների մասին, հայտարարում է՝ «… Հանրապետության նախագահին ասացի, խնդրեցի, որ գերակա շահ ճանաչեն»: Իսկ մի քանի օր հետո էլ (11 հունվարի 2012թ, «Առավոտի» կայք) հայտարարում է՝ «էդ հողերը մեզ հիմա պետք չեն»: Դրանից օրեր առաջ էլ ասել էր՝ «Ոչ ոք չի կարող խափանել այդ հողերի՝ ընդերքօգտագործման նպատակով շահագործումը»: Տնօրենի խոսքերը կրկին հաստատում են, որ գերակա հանրային շահը՝ մատուցված կառավարության որոշման մեջ, գոյություն չունի ընդհանրապես: Դա բացառապես մեկ մարդու եւ նրա հովանավորների անձնական շահն է: Ըստ էության Ձեզ ապակողմնորոշել են նաեւ գյուղում առկա անշարժ գույքի մասին տեղեկություններ հաղորդելիս: Իրականում, մինչդեռ, սեփականության իրավունքով գյուղում գրանցված է 123 միավոր անշարժ գույք, վարձակալական իրավունքով՝ 5 միավոր անշարժ գույք»,- ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում գրել է գյուղապետը: Ռ. Աթայանը բավական հանգամանորեն ներկայացրել է նաեւ ամիսներ առաջ ՀՀ կառավարության հանձնախմբերի այցելությունը Քաջարան գյուղ, ինչպես նաեւ` ԱԺ մի շարք պատգամավորների, ՄԻՊ պաշտպանի, հ/կ-ների արձագանքների մասին: «Ս.թ. մարտի 3-ին Քաջարան քաղաք այցելած ՀՀ վարչապետից փորձեցինք ճշտել, թե այս ամենից հետո ինչ ճակատագիր է սպասվում մեր գյուղին: Տիգրան Սարգսյանը, սակայն, ոչ մի հուսադրող խոսք չասաց կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Նա ավելի շատ խոսեց այն մասին, թե ինչ պայմաններով պետք է գյուղը վերացվի ու ծառայեցվի հանքարդյունաբերությանը: Ի դեպ, 2011թ. սեպտեմբերից մինչեւ այժմ երկու անգամ Քաջարան քաղաք այցելած վարչապետը չբարեհաճեց գոնե մի քանի րոպեով մտնել Քաջարան գյուղ` Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող, եւ դեմ առ դեմ զրուցել ամիսներ շարունակ անորոշության մեջ հայտնված գյուղացիների հետ: Բոլոր այս փաստերը վկայում են, որ կառավարությունը չի պատրաստվում անվավեր ճանաչել հակասահմանադրական ու հակազգային այդ որոշումը»,- նշել է գյուղապետը:
Զոհասեղան` միլիոնների դիմաց
«Հայաստանի Կառավարությունը հակապետական դիրքորոշում ունի հանքարդյունաբերության ոլորտում: 2008թ. վարչապետին ներկայացրեցին հանքարդյունաբերության չհարկվելը, եւ դրա հետեւանքով` Հայաստանի բնության ավերումը, քանի որ ցածր պարունակությամբ հանքավայրերը դառնում են շահավետ հանքահանողների համար: Նրանք սկզբից այդ հարցը քննարկեցին, իսկ հետո ընդհանրապես փակվեց այն: 4 ամիս առաջ` նոյեմբերին, ընդունվեց «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, որտեղ նույնպես հանքարդյունաբերողների թափոնները ծածկագրված են լցակույտեր անվան տակ, եւ վարչապետը սկզբից կարգադրեց նախագիծը հետ վերցնել եւ վերանայել, իսկ դրանից 6 ամիս անց պառլամենտ մտավ դրա ավելի խայտառակ տարբերակը, որտեղ գրված է, որ հանքարդյունաբերողները պոչանքն անվճար նվիրում են ՀՀ-ին: Սա վիրավորանք է»,- մեզ հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, ում փոխանցմամբ` Համաշխարհային բանկը մոտ 1,5 միլիոն դոլար տվեց Հայաստանի իշխանություններին` «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ստեղծման համար, եւս 20 միլիոն դոլար էլ հատկացրել է նշյալ օրենսգրքի նորմատիվային ակտերի «հարմարեցմանը»: «Եվ վարչապետը ցույց տվեց, թե իբր ինքը մտահոգ է, բայց արդյունքում նույն մոտեցումը ցուցաբերեց, ինչպես Քաջարանի հարցում»,- նկատեց Հ. Սանասարյանը` նշելով, որ նման որոշումների կայացման ետեւում կան խոշոր գումարներ, որոնք անմիջապես մտնում են որոշ մարդկանց անձնական գրպաններ: «Իհարկե, հնարավոր է` փոփոխություններ լինեն, բայց ես վախենում եմ, որ հանքարդյունաբերության բնագավառում ՀՀ իշխանությունների մոտեցումները միաձուլված են` նույն կարծիքն ունեն` հանքերը պետք է շահագործվեն` դա կլինի արոտավայրերի՞, ջրագոյացման համակարգերի տա՞կ, անտառո՞ւմ, թե՞ քաղաքի թաղամասում: Այսինքն` Հայաստանը դրված է զոհասեղանին»,- հավելեց բնապահպանը:
Երեկ մենք փորձեցինք Քաջարանի հարցի վերաբերյալ որոշ պատասխաններ ստանալ նաեւ մարզային իշխանություններից եւ ԶՊՄԿ-ի տնօրինությունից: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց հեռախոսազանգին, իսկ ԶՊՄԿ-ի իրավաբան Արա Ղոնյանը նշեց, որ ինքը կփոխանցի ընկերության մամլո խոսնակի հեռախոսահամարը, մինչդեռ դրանից հետո այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ինչեւէ, թե ի՞նչ կլինի վարչապետի` գյուղակործանման ծրագրի վերջին փուլում, քանի՞ գյուղացի կմնա անօթեւան կամ քանի՞սը կլքեն երկիրը` դժվար է ենթադրել: Միակ ոգեւորիչ փաստը գյուղապետ Ռ. Աթայանի հետեւողական պայքարն է: