Երեկ Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է նաեւ «Պուտին» ակումբը: Շնորհավորանքը տեղադրվել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ, իսկ ավելի հստակ` նշյալ ակումբի նախաձեռնության հեղինակ Անդրանիկ Նիկողոսյանի էլեկտրոնային կայքում` gazeta.am-ում: «Դուք մեկ անգամ չէ, որ ապացուցել եք, որ ցանկացած մարտահրավեր եւ խոչընդոտ հնարավոր է հաղթահարել միայն քրտնաջան եւ շարունակական աշխատանքի շնորհիվ, բազմիցս ապացուցելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր լուծել պատմական շատ հարցեր, ունենալով ամուր կամք եւ հաղթելու ցանկություն: Հաջողություն ենք Ձեզ մաղթում Մեծ երկրի բարգավաճման գործում»,-ասվել է շնորհավորանքի տեքստում: Իսկ թե «Մեծ երկրի» նախագահի ընտրվելն ի՞նչ կփոխի «Պուտին» ակումբների ճակատագրում, թե արդյո՞ք քանակապես դրանք կավելանան, աշխարհագրական ի՞նչ տարածում կունենան` մեր հարցին ի պատասխան, Ա. Նիկողոսյանն ասաց. «Դա կարող են ասել Երեւանում ակումբի անդամները, բայց ոչինչ չի բացառվում»: Իսկ հարցին, թե Վլ. Պուտինը տեղյա՞կ է իր անվամբ Երեւանում բացված ակումբի մասին, վերջինս պատասխանեց. «Կարծում եմ` այո»: Իսկ Պուտինի արձագանքների մասին նա առաջարկեց «ակումբին հարցնել»: