Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող ընդհանուր առմամբ 164.368 հաշմանդամություն ունեցող անձ կա: Թեեւ յուրաքանչյուր տարի Ընտրական օրենսգիրքը ենթարկվում է փոփոխությունների, այդուհանդերձ, առայսօր մասնավորապես տեղաշարժման, տեսողության եւ լսողության հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրելու իրավունքը սահմանափակված է: Վերջերս հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն (հ/կ)` ի դեմս «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հ/կ դաշինքի` քննարկում էին կազմակերպել: Նրանք կրկին ահազանգել են հաշմանդամություն ունեցող անձանց` առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունքի սահմանափակման մասին` հայտարարելով, որ նման խնդիրներ ունեցող անձանց մասնակցությունն ընտրություններին վտանգված է տարբեր պատճառներով:
ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մասնակցել է հ/կ-ների քննարկմանը եւ քաջատեղյակ է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` վստահեցնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասերի անմատչելիությունը քվեների հետ կապված «մախինացիաների» դաշտ է ստեղծելու: Ի դեպ, ըստ «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» դաշինքի տվյալների` ընտրական տեղամասերի 85%-ն անմատչելի են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Բանն այն է, որ ընտրատեղամասերը հիմնականում դպրոցներում են, որտեղ բացակայում են թեքահարթակները: Ա. Բախշյանն օրեր առաջ մի նամակ է ուղարկել ՀՀ կառավարությանը, որտեղ, մատնանշելով վերոնշյալ խնդիրները, պարզաբանում է պահանջել, որի պատասխանը ստանալուն պես նա խոստացավ հրապարակել այն: «Մասնավորապես հարց եմ հնչեցրել, թե ի՞նչ է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր հաշմանդամ քաղաքացիների ընտրության իրավունքը պաշտպանելու եւ նրանց մասնակցությունն ապահովելու համար: Այն որոշումը, որով անվասայլակներով քաղաքացիների ընտրությունն ապահովելու համար կայացրել է հանձնաժողովը, չի ապահովելու ընտրության գաղտնիությունը, կեղծիքների տեղիք է տալու: Այսինքն` հենաշարժողական խնդիր ունեցող անձը չի կարող մուտք գործել ընտրատեղամաս թեքահարթակի բացակայության պատճառով: Ըստ ԿԸՀ-ի` պետք է հանձնաժողովի նախագահը երկու ներկայացուցչի հետ ընտրատեղամասից դուրս գան, հենաշարժողական խնդիր ունեցող անձի անձնագիրը վերցնեն, տանեն, տվյալները գրանցեն, քվեաթերթիկը բերեն, ընտրողը լրացնի, եւ այլն»,- ասում է Ա. Բախշյանն` ավելացնելով, որ այն որոշումը, որով անվասայլակներով քաղաքացիների ընտրությունն ապահովելու համար կայացրել է հանձնաժողովը, չի ապահովելու ընտրության գաղտնիությունը եւ կեղծիքների հող է նախապատրաստելու: Ի դեպ, համաձայն «Լիարժեք կյանք» հ/կ-ի կողմից իրականացված սոցհարցումների, հատկապես տեղաշարժվելու սահմանափակումներ ունեցող քաղաքացիների համար տեղամասերի մատչելիությունն ամենացածրը Շիրակի եւ Արագածոտնի մարզերում է: ՀՀ կառավարությանն ուղղած նամակում տիկին Բախշյանը հարց է հնչեցրել, թե Շիրակի մարզում, որտեղ հիմնականում նորակառույց շինություններ են, ինչո՞ւ չեն ապահովել դպրոցական շենքերի եւ շինությունների մատչելիությունը հաշմանդամների համար: Բացի դա, ինչո՞ւ է Քաղաքաշինության նախարարությունը տարիներ շարունակ խախտել եւ ներկայումս էլ խախտում է Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի պահանջը, ինչի արդյունքում շենքերը չեն հարմարեցվում հաշմանդամ անձանց: Նշենք, որ ապահովված չէ նաեւ լսողության եւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ընտրության գաղտնիությունը: Ա. Բախշյանը հայտարարում է, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման իրավունքն իրացնելու համար: Նա հիշեցնում է, որ Հայաստանը 2010թ. վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան», որով ստանձնել է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների դաշտն ապահովելու բոլոր պարտավորությունները. «Այսինքն` հերթական անգամ արձանագրում ենք, որ վավերացրել ենք ընդամենը հայտարարելու համար, որ միացել ենք միջազգային կոնվենցիային: Միանալով հաշմանդամների ահազանգերին, «Ժառանգություն» կուսակցությունը իշխանություններից պահանջում է առավելագույնս ապահովել հաշմանդամների ընտրելու իրավունքի պատշաճ իրացումը»:
Հիշեցնենք նաեւ, որ մեր թերթի նախորդ համարներում ներկայացրել էինք իշխող կոալիցիան ներկայացնող կուսակցությունների 2007թ. նախընտրական ծրագրերի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ «ճոխ» խոստումները: Ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի տեսակետները: Ա. Բախշյանից հետաքրքրվեցինք, թե նրա կարծիքով` իշխանությունները կատարե՞լ են նախընտրական ծրագրերում զետեղած խոստումները: «Այո՛, 2010թ. հոկտեմբերին Հայաստանը վավերացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան», որը շատ լուրջ փաստաթուղթ էր: Բայց փաստաթուղթը վավերացնելը մի բան է, իսկ այն իրականություն դարձնելը` բոլորովին այլ բան: Այդ փաստաթղթի հետ կապված մեր պետությունն իր ստանձնած պարտավորությունների այնքան չնչին տոկոսն է արել, որ դա զրոյից քիչ է տարբերվում: Կոնվենցիայի պահանջների կատարումը կապված է մեր իշխանության մտածողության, վերաբերմունքի եւ կարծրատիպերը վերանայելու հետ»,- վստահեցնում է պատգամավորը` ավելացնելով, որ իրականությունը փաստում է մի բան` մեր երկրում հաշմանդամների մեծ մասի իրավունքները ոտնահարվում են իշխանության անտարբերության եւ անգործության պատճառով: Այլ կերպ ասած` մեր երկրում ոտնահարված են հաշմանդամություն ունեցող անձի` հասարակության մեջ ինտեգրվելու, աշխատելու, կրթության, ընտրելու, մշակույթի հետ առնչվելու իրավունքները: Օրինակ` անդրադառնալով վերջերս «թմբկահարվող» ներառական կրթության ներդրմանը` տիկին Բախշյանը նշում է. «Ներառական կրթությունը կապված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց հետ, բայց դա վաղուց այդպես չէ: Ներառական կրթություն նշանակում է` յուրաքանչյուր երեխայի առանձնահատուկ պայմանների ապահովում: Ներառական դպրոցներն անգամ չունեն թեքահարթակներ, որը պարտավոր են ապահովել պետական մարմինները, ինչը մեծ ծախսեր չի պահանջում»: Ի դեպ, հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության մասին օրենքը պարտադրում է թեքահարթակ կառուցել կամ շինությունը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին, սակայն վերահսկողության բացակայության պատճառով անգամ նորակառույց շենք-շինություններում դրանք չեն կառուցվում. «Փաստն այն է, որ Հայաստանում Քաղաքաշինության մասին օրենքը չի գործում: Հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջիկա ընտրություններին նման խնդիրներով մարդկանց մասնակցությունը շատ ցածր տոկոս է կազմելու: Հենաշարժողական խնդիրներով մարդկանց ընտրատեղամասեր մուտք գործելու պայմանների բացակայությունը հող է նախապատրաստում, որ «աչքաբաց» հավատարիմները գնան եւ իրենց փոխարեն ու իրենց ուզածով քվեարկեն»: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան վավերացնելով` Հայաստանը պարտավորվել է նաեւ ընտրական բարեփոխումներ կատարել այս դաշտում: Մասնավորապես կոնվենցիայի 29 հոդվածով («Մասնակցությունը քաղաքական եւ հասարակական կյանքում») մեր իշխանությունները պարտավորվել էին կատարել ՄԱԿ-ի հետեւյալ պահանջները. «Մասնակից պետությունները երաշխավորում են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքները եւ մյուսների հետ հավասար հիմունքներով դրանցից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաեւ` պարտավորվում են. ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ կերպով ընտրված ներկայացուցիչների միջոցով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական, հասարակական կյանքին, ներառյալ` քվեարկելու եւ ընտրվելու նրանց իրավունքը եւ հնարավորությունը: Ապահովել, որ քվեարկության ընթացակարգերը, վայրերը եւ միջոցները լինեն մատչելի ու դյուրին` հասկանալու եւ գործածության համար: Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց` ընտրությունների եւ հանրաքվեների գաղտնի քվեարկության իրավունքը»: Այնուամենայնիվ, կոնվենցիայի վավերացումից անցել է երկու տարի, եւ հետաքրքիր է, թե այս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը պարտավորությունների հատկապես ո՞ր մասն է կատարել: Ա. Բախշյանը վստահեցնում է, որ կառավարությանը գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը կհնչի հաջորդ քառօրյային ԱԺ-կառավարության հարց ու պատասխանի ժամանակ. «Շատ կոնկրետ հարց է հնչելու` ելնելով կոնվենցիայի պահանջներից` մարզերի եւ Երեւան քաղաքի 2012թ. բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել ընտրական տեղամասերը հաշմանդամների համար մատչելի դարձնելու համար: Հետաքրքիր է` ինչո՞ւ մինչեւ օրս չի ստեղծվել այս պարտավորությունների կատարման վերահսկող ինստիտուտը, կամ, եթե վերահսկել են, ապա ինչպիսի՞ մշտադիտարկումներ են անցկացրել, ի՞նչ արդյունքներ են արձանագրել: Համենայնդեպս, ես` որպես պատգամավոր, որը դեռ «էն կյանքում»` մանկավարժ եղած ժամանակ, անչափ մտահոգ եմ եղել հաշմանդամ երեխաների կրթությամբ, եւ գալով ԱԺ` այդ գիծը շարունակում եմ` մշտապես հետաքրքրվում եմ այս խնդիրներով: Պետք է ասեմ, որ առաջընթաց չեմ տեսնում»:
Հ.Գ. Հարկ է նկատել, որ տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար պայմաններ ստեղծելու «մեծ-մեծ» խոստումներ տված ՀՀ իշխանություններն անգամ ԱԺ նորակառույց մասնաշենքում թեքահարթակ չեն կառուցել: