Երեկվանից ռուսական կայքէջերում Ռուսաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչները հերթով իրենց գնահատականներն են հնչեցնում մարտի 4-ին ՌԴ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Նախ` նշվում է, որ նրանք այս ընտրություններում անսովոր ակտիվություն են ցուցաբերել, նույնիսկ նրանցից ոմանք բաց քվեարկություն են կատարել, ինչն օրենքով անթույլատրելի է: Օրինակ, dni.ru կայքի հաղորդմամբ` երգիչ, դերասան Միխայիլ Բոյարսկին ընտրատեղամաս է գնացել առանց ավանդական շարֆի: Դա դեռ քիչ է, դերասանը վերցնելով քվեաթերթիկը` չի գնացել առանձնախցիկ, ինչպես որ ընդունված է, այլ թեկնածուի անվան դիմաց նշանը դրել է հենց տուփի վրա: Լրագրողներից ինչ-որ մեկը նույնիսկ նշել է, որ Միխայիլ Սերգեեւիչը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին: Իսկ Բոյարսկին ասել է. «Ես այսօր քվեարկել եմ իմ թոռների ապագայի համար: Եվ ձեր բոլորի ապագայի համար` նույնպես»: Երգիչներից շատերն էլ, ովքեր այդ օրը եղել են համերգային շրջագայությունների մեջ, քվեարկել են այն տեղամասերում, որտեղ գտնվել են այդ պահին: Օրինակ, նույն կայքի փոխանցմամբ` Սերգեյ Լազարեւը, Նատալյա Պոդոլսկայան, Վլադիմիր Պրեսնյակովը, Ֆիլիպ Կիրկորովը եւ «Իվանուշկի Ինտերնեշնըլը» քվեարկել են Չուկոտկայում, Նիկոլայ Բասկովը` Եկատերինբուրգում, իսկ Դիմա Բիլանը` Տոմսկում: Իսկ ԱՄՆ-ում գտնվող Քրիստինա Օրբակայտեն իր քվեարկությունը կատարել է` ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասում:
Իսկ Օրբակայտեի մայրիկը` Ալլա Պուգաչովան, ով հանդես էր գալիս որպես նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ, երեկ հայտարարել է, թե ինքը չի հավատում, որ ՌԴ նախագահական ընտրություններն արդար են եղել: «Ես շատ ուրախ եմ Միխայիլ Պրոխորովի համար եւ կարծում եմ, որ քաղաքական գործունեության սկզբի համար սա շատ լավ արդյունք է»,- ասել է նա` հավելելով, թե կարեւորը` նկատվում է հասարակության թարմացում: «Կարեւոր բանը, որ տեղի ունեցավ, դա այն է, որ ժողովուրդը չի լռում, նա վերջապես սկսում է ապրել, հասկանալ»,- ասել է Պուգաչովան:
Իսկ հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը բացահայտել է այն «կարուսելի» սխեման, որն իրականացվել է ընտրության ժամանակ: Նա երեկ բազմաթիվ նման դեպքեր է մատնանշել: Օրինակ, նրա խոսքով, թիվ 114 եւ 117 ընտրատեղամասերում եղել են մարդկանց ցուցակներ, որոնց քվեարկության իրավունք է տրվել ոչ գրանցման վայրերում, սակայն դրա համար նրանք պետք է ընտրություններից երեք օր առաջ համապատասխան հայտարարություն ներկայացնեին: Նման ցուցակներում իբրեւ գրանցված են եղել այն անձանց անունները, ովքեր զբաղվում են արտադրությամբ եւ, հնարավոր է, այդ օրը նրանք չկարողանային մասնակցել ընտրություններին իրենց գրանցման տեղամասում:
Սակայն, Սոբչակի հավաստմամբ` բոլոր այդ հայտարարությունները գրված են եղել մեկ մարդու կողմից: Նրա փոխանցմամբ` 117 ընտրատեղամասում եղել է մարդկանց ցուցակ` բջջային հեռախոսահամարներով, սակայն, երբ ինքն այդ ցուցակում տեղ գտած հեռախոսահամարներից մեկով զանգահարել է, պատասխանել է մի աղջիկ` ասելով, թե ինքը որեւէ արտադրության մեջ զբաղված չէ: Ավելին, Սոբչակն այցելել է այդ աղջկա` Կրիստինա Բաբաեւայի բնակարան, որտեղ նրա հետ միասին քվեարկել են գրանցման վայրում, ապա գրանցել են 117 ընտրատեղամաս, որտեղ աղջկան կրկին քվեաթերթիկ են տվել: «Երկու շաբաթ առաջ Բաբաեւային 5000 ռուբլի են առաջարկել անձնագրային տվյալների համար` այդ սխեմայով ընտրություններին մասնակցելու եւ մի քանի ընտրատարածքներում քվեարկելու համար»,- գրում է «Ռոսբալթը»: