Կարմրապտուղ բուժարարը
Հապալասի սովորականը` Vaccinum Vitis-idaca, հապալասազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Այդ ընտանիքին են պատկանում նաեւ լոռամրգին, հապալասենի ճահճայինը (թթուհատի), հապալասենի մրտենականը։
Հապալասի սովորականը բազմամյա (մի քանի հարյուրամյակ) մշտադալար 5-25 սմ բարձրությամբ թուփ է։ Բարակ կոճղարմատը գտնվում է հողի մակերեսից 5-10 սմ խորությամբ` տարածվելով մինչեւ 20 մ։ Կոճղարմատի բողբոջները տալիս են բազմաթիվ ծիլեր, որոնք ճյուղավորվում եւ պտղաբերում են, առաջացնելով կենսունակ թփուտներ։ Կոճղարմատի կառուցվածքով եւ ծաղիկների զանգականման տեսքով բույսը հիշեցնում է հովտաշուշանին։
Բույսի կենսագործունեությունն ապահովվում է երկու եղանակով.
– հողից, սնկերի միջոցով,
– մթնոլորտից` տերեւի վրա գտնվող գեղձերի միջոցով։
Ծաղկաբույլերը` մինչեւ 10, ճերմակ թույլ վարդագույն երանգով փոքրիկ ծաղիկներից բաղկացած ողկույզներ են։ Ծաղկում է մայիս-հունիսին` 15-20 օր։ Մեկ ծաղիկն ապրում է 2-3 օր, այն օրական 0,1 մգ շաքար է արտադրում ծաղկահյութի մեջ։ Բույսը փոշոտվում է միջատների միջոցով, սակայն կարող է եւ ինքնափոշոտվել։ Մեղուները 1 հա հապալասի թփուտներից կարող են մթերել 20-25 կգ մեղր։ Ծաղկափոշին մուգ մոխրագույն է, մեղրը` բաց դեղին։ Տերեւները ձմեռող են, կարող են պահպանվել թփի վրա 3-4 տարի, դրանց երկարությունը 5-30 մմ է։ Հարուստ է օրգանական թթուներով` էլլագի, ուրսոլի, գինու, եւ այլն։ Պարունակում է ֆենոլային գլիկոզիդներ, ֆլավոններ, տանին, դաբաղանյութեր, կատեխինային նյութեր, արբուտին, լիկոպին, վակցինին։
Պտղաբերում է 10-15 տարեկան հասակից։ Պտուղը հասունանում է օգոստոս-սեպտեմբերին` վառ կարմիր, փայլուն, մոտ 8 մմ տրամագծով գնդիկ է, ունի դառը համ։ Պարունակում է բենզոյի, խնձորի, կիտրոնի, սալիցիլի, կաթնային, թրթնջուկի, քացախի թթուներ, վիտամիններ` B2, C, կարոտին, ֆլավոններ, պեկտին, կալիում։ Մինչեւ 10 տոկոս շաքարներ, 9 տոկոս դաբաղանյութեր, 9 տոկոս արբուտին։ Բույսի բոլոր մասերը պարունակում են հանքային նյութեր, հատկապես շատ է մարգանեցը։
Տերեւի թուրմը եւ եփուկը ունեն ախտահանող, լեղամուղ, հակաբորբոքային, ուժեղ միզամուղ հատկություններ։ Կիրառվում են գիտական բժշկությունում` երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, դիսպեպսիայի (նեխման) հետեւանքով առաջացած լուծի, քրոնիկ փորկապության, մետեորիզմի, նյութերի փոխանակման խանգարման (աղերի) հետեւանքով առաջացած հոդատապի, օստեոխոնդրոզի, ինֆեկցիոն եւ ռեւմատոիդ արթրիտի դեպքում։
Պտուղն առնվազն մեկ տարի պահպանում է իր օգտակար նյութերը եւ բուժիչ հատկությունները սովորական ջրում, մարինացված, սառեցրած, չորացրած վիճակում։
Ի տարբերություն այլ բույսերի` հապալասի տերեւը մթերում են վաղ գարնանը` գրեթե ձնհալից անմիջապես հետո կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Պահպանման ժամկետը 3 տարի է, գորշ, թխագույն տերեւները պիտանի չեն։
Զգուշացում։ Հապալասի պատրաստուկներն ընդունեք միայն սնվելուց առաջ, այն բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։ Պետք է զգուշանան հիպոտոնիկները, պտուղը եւ հյութը կարող են կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը։ Երիկամային քարերի առկայության դեպքում (հատկապես ուռատային) պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։ Ստամոքսաբորբի դեպքում հակացուցված են թարմ պտուղները։ Խստորեն հակացուցված է խոլեցիստիտով հիվանդներին։
Երիկամներում, միզապարկում ուռուցքների դեպքում եւ նաեւ` որպես դիմադրողականությունը բարձրացնող եւ հակամանրէ դեղերի յուրացմանը նպաստող միջոց` առաջարկվում է հետեւյալ թուրմը.
– Երկու ճ/գ տերեւը 8-10 ժամ (գիշերվա ընթացքում) թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Քամեք եւ գոլ վիճակում խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ, 28 օր հետո պարտադիր ընդմիջեք կամ օգտագործեք մի այլ միզամուղ միջոց։
– Նպատակահարմար է թուրմն ընդունելուց առաջ խմել որեւէ ալկալային բնույթի հանքային ջուր կամ գոնե 100 մլ եռջրում լուծված կես թ/գ սննդի սոդա։
– Նման միջավայրում «արբուտինի» հակաբորբոքային հատկությունն առավել լավ է իրագործվում։ Ի դեպ, այդ նյութն օգտակար է նաեւ սկսվող շաքարային դիաբետի դեպքում։
Ֆոսֆորային եւ երիկամային քարեր երիկամներում. Երկու ճ/գ սեւ հաղարջենու տերեւը 1 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, 40 րոպե անց, խմեք հապալասի թուրմը` սնվելուց 15-20 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր, յուրաքանչյուր 5 օրից հետո ընդմիջեք 2 օր։ Օգտակար է նաեւ հոդատապի, ռեւմատիզմի, այտուցների դեպքում։
Այս միջոցների դրական ազդեցությունն առաջին դեպքում բացատրվում է բույսի կենսագենետիկ ազդեցությամբ, իսկ երկրորդ դեպքում` նյութափոխանակության կարգավորման եւ հատկապես կալցիումի յուրացումը լավացնող հատկությամբ։
Կարեւոր է նաեւ ուրսոլաթթվի առկայությունը, որի շնորհիվ ամրանում են մազանոթները եւ անոթները, դուրս են բերվում միզաթթուն, վնասակար աղերը։
Գլխապտույտ. Խառնեք 10-ական գ հապալասի տերեւը, մասուրի պտուղը (առանց սերմի), 20-ական գ դաղձի տերեւը, անիսոնի, հոռոմ-սամիթի պտուղները, առյուծագու արմատը։ Հումքի 2 ճ/գ-ն 4-6 ժամ թրմեք 400 մլ եռջրում, տաք տեղում (փաթաթեք)։ Քամեք։ Խմեք 60-100 մլ` օրը 3 անգամ։
Հիպոտերիոզ 1ճ/գ հապալասի պտուղը լցրեք 200 մլ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի թույլ կրակի վրա։ Երբ հովանա` քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 2-3 անգամ։
Ցիստիտ, հոդատապ, հիպերտոնիա. Խմեք 100-ական մլ հապալասի հյութ, օրը 3 անգամ։
Մազաթափություն, քոր. 20 գ տրորած պտուղներին ավելացրեք 200 մլ ջուր, 30 րոպե պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Գլուխը լվանալուց հետո մազերը ցայեք տաք եփուկով։ Նվազեցնում է գլխամաշկի քորը, վերացնում թեփը։