«ԱՄՆ-ը մեղքի իր բաժինն ունի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում երեկ հրապարակած ծավալուն մենագրության մեջ նման եզրահանգման է եկել ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսը, ով 2001-2004 թթ. համակարգում էր ԱՄՆ-ի կողմից հովանավորվող` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Ըստ Ֆիլիպսի, Օբամայի կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ շաղկապելու` Թուրքիայի կեցվածքը կանխելու ուղղությամբ: Մենագրությունում հեղինակը հիշեցնում է թուրք պաշտոնատարների այն հետեւողական պնդումները, ըստ որոնց` արձանագրությունները կրում են Ղարաբաղի հետ կապին վերաբերող ոչ բացահայտ` թաքնված հղումներ: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության անանուն մի պաշտոնյա Ֆիլիպսի հետ զրույցում ասել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա էր ջենթլմենական համաձայնություն` երկկողմ կապերն ու Ղարաբաղի խնդիրն իբրեւ զուգահեռ գործընթացներ դիտարկելու վերաբերյալ: Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին եւս քաղաքագետին ասել է, թե այդ գործընթացները միմյանցից ամբողջությամբ անջատ չեն: