Բախտը չի բերել

03/03/2012

ՀՀԿ-ն է որոշել, որ ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին երեկ հայտարարել է ինքը` Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ դեռ չգիտի, թե որ ընտրատարածքում կառաջադրի իր թեկնածությունը: Հնարավոր է` դա լինի Կենտրոն, Զեյթուն, Արաբկիր կամ այլ վարչական շրջանում: «Որտեղ իմ պահանջը զգացվի»,- ասել է նա` ավելացնելով, որ ընտրություններին չմասնակցելու իր որոշումը փոխել է, քանի որ անկախ մարդ չէ, ունի կուսակցություն, եւ ՀՀԿ-ն է որոշել, որ պետք է առաջադրվի, իսկ ինքը կատարում է կուսակցության որոշումները: Ռ. Հայրապետյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե բիզնեսով զբաղվում է իր կինը, որպեսզի ինքը զբաղվի քաղաքականությամբ: Ռ. Հայրապետյանն ասել է, որ իր բախտը չի բերել կնոջ առումով, բայց իր բիզնեսներով զբաղվում է իր որդին: