Դեպի նոր իրողություն

03/03/2012

«Երկարատեւ, հեռանկարային շարունակություն կունենա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մեր համագործակցությունը»,- երեկ կայացած «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարում հայտարարել է այդ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում երկու ուժերի համագործակցության հնարավորությանը: «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- իր հերթին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` շեշտելով, որ Հայաստանը մտնում է մի պատմական փուլ, որը երկիրը կարող է տանել դեպի նոր իրողություն: «Այս ընտրությունները կարեւոր են այն առումով, որ հնարավորություն կստեղծվի Հայաստանը տանել ողջամիտ ճանապարհով, սակայն նախագահական ընտրություններով է որոշվելու ՀՀ նոր ուղղությունը»,- ասել է Խ. Քոքոբելյանը: Վերջինս նաեւ նշել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված բոլոր հարցերին կպատասխանեն իրենց կուսակցության` մարտի 11-ին կայանալիք համագումարի ժամանակ: Իսկ «Ժառանգությունն» այդ հարցերի վերաբերյալ որոշում կկայացնի կուսակցության խորհրդի` մարտի 18-ին կայանալիք նիստում: