«Նույն ցինիզմով Վլադիմիր Նազարյանը պաշտպանում էր եւ՛ Տեր-պետրոսյանական նախագիծը, եւ՛ ընդդիմադիր 6-յակի նախագիծը: Այդ մասնագիտությունն իր համար բիզնես էր, եւ նա էլ պատասխանատու չէր այսօրվա գործող սահմանադրության համար»,- երեկ ԱԺ-ում դաշնակցականների կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. «ազգային համաձայնության հնարավորություն» խորագիրը կրող խորհրդաժողովի ընթացքում, որին հրավիրվել էին 80-ից ավելի մտավորականներ ու գիտնականներ, հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը՝ ի պատասխան Արմեն Դարբինյանի եւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռեկտոր Գագիկ Ղազինյանի դիտարկման, թե «ո՞վ է այս նախագծի հեղինակը, որը պետք է կրի դրա ողջ պատասխանատվությունը»: Երկուսուկես ժամ տեւած խորհրդաժողովի ընթացքում դաշնակցականներին այդպես էլ չհաջողվեց «ազգային համաձայնության» գալ իրենց իսկ հրավիրած ու ընտրյալ մտավորականների ու գիտնականների հետ: Հակառակը՝ մինչ այսօր «այո» քարոզող դոկտոր-պրոֆեսորների երեկվա ելույթները խիստ ընդդիմադիր էին: