Ընդդեմ «Պուտինին սպասողների»

03/03/2012

Վաղը մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում, բնականաբար, հաղթելու է գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ ընտրություններին սրտատրոփ հետեւելու են ոչ միայն ռուսական, այլեւ հայաստանյան շատ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանի քաղաքական դաշտի զգալի մասը` եւ իշխանության, եւ ընդդիմության դաշտում, ինչպես հայտնի է` իրենց ապագան կապում են Ռուսաստանի եւ այդ երկրում տիրող «կայունության հետ», հայաստանյան ներքաղաքական դաշտի զարգացումները կանխատեսում են` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարների դեմքի արտահայտությունը կամ որեւէ չինովնիկի հետ մեր որեւէ կարկառուն ընդդիմադիրի հանդիպումը: Ահա այս բոլոր ուժերը վաղը շունչները պահած հետեւելու են, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը հնարավորինս անաղմուկ դառնա Ռուսաստանի առնվազն առաջիկա 8 տարիների նախագահը: Կամ ցարը` ինչպես կարծում են շատերը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում: Կապ չունի, որ դրա արդյունքում` Հայաստանի ֆորպոստացումը կարող է անդառնալիորեն խորանալ` երկիրը դառնա պուտինյան որեւէ հավակնության պլացդարմ: Կարեւորը` եթե Պուտինը կարողանա առանց մեծ բարդությունների դառնալ նախագահ, ավելի շատ ժամանակ կունենա զբաղվելու Հայաստանով, եւ մեր շատ իշխանամետների եւ ընդդիմադիրների ներհայաստանյան սցենարը կիրականանա: Այս ամենի մեջ կա միայն մեկ հուսադրող հանգամանք: Որքան էլ անխուսափելի է Պուտինի «ընտրությունը», այդուհանդերձ, Պուտինը չի լինելու այն Ռուսաստանի նախագահը, որպիսին էր այդ երկիրը մեկ տարի, նույնիսկ մի քանի ամիս առաջ: Ավելի քան տասնամյա թմբիրից արթնացած ռուս հասարակությունը մի քանի ամսվա մեջ ակնհայտորեն փոխվել է եւ այլեւս չի հանդուրժելու այն, ինչը, ամենայն հավանականությամբ, ուրվագծված էր Պուտինի պլաններում: Ռուսաստանում եւ Հայաստանում կատարվող գործընթացների միջեւ համեմատություններ անցկացնելը տեղին չէ բազմաթիվ պատճառներով: Սակայն երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունները որոշակիորեն համընկնում են ժամանակագրական առումով: Ռուսաստանում քաղաքական եւ քաղաքացիական կտրուկ փոփոխությունները հաջորդեցին անցած տարվա դեկտեմբերին կայացած Պետդումայի ընտրություններին` զգալիորեն խառնելով նախագահական ընտրությունների հետ կապված` իշխանությունների, այսինքն` Պուտինի հաշվարկները: Ժամանակային մի փոքր տարբերությամբ, նույն իրավիճակն է նաեւ Հայաստանում. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ 9 ամիս անց կայանալու են նախագահական ընտրությունները: Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում գործում են առնվազն մի քանի ընդդիմադիր ուժեր, որոնք արդեն հայտարարել են խորհրդարանական ընտրությունները որպես նախագահական ընտրությունների մեկնարկ համարելու մասին: Այլ հարց է, որ այդ ուժերի մի մասի հնարավորությունները եւս կախված են Պուտինի վաղվա «հաղթանակից»: Իսկ Հայաստանի հասարակությանը մնում է միայն առաջիկա եւ՛ խորհրդարանական, եւ՛ նախագահական ընտրություններում պայքարել ընդդեմ «Պուտինին սպասող» ուժերի: