«Ես կարծում եմ, որ առաջին նախագահն էլ այն անտանելի բեռն էր, որի պատճառով էլ խորտակվել եւ խորտակվում են այդ նավերը»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, թե Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավ է, Սերժ Սարգսյանը` խորտակվող: Խոսելով մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին, նա ասել է, որ եթե ընտրակարգն օրենքով շարունակի գործել, ապա ՀՅԴ-ն թեկնածուներ կառաջադրի նաեւ այդ ընտրակարգով: Նա անդրադարձել է նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալմանը` նշելով. «Նախկին 90 կողմ, 4 դեմ-ի նման քվեարկություն չեղավ, այլ եղավ նորմալ քվեարկություն: Շատ շնորհակալ ենք նաեւ մեծամասնական պատգամավորներից ոմանց, ովքեր նույնպես քվեարկել են կողմ համամասնականին անցնելու համար: Արդեն ձայների հարաբերակցությունն առաջվա նման չէ: Խորհրդարանը վերածվում է նորմալ խորհրդարանի, անգամ կոալիցիայից հնչեցին խոհեմ ելույթներ»: Իսկ հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո նոր ԱԺ-ում ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի: Պատասխանելով այս հարցին` Վ. Հովհաննիսյանն ասել է. «Ծայրագույն անհանավանական եմ համարում: Իհարկե, հարյուր տոկոսով ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ կախված է լինելու ընտրությունների արդյունքներից: Բայց ծայրաստիճան անհավանական եմ համարում»: Նա խոսել է նաեւ ՀՅԴ-ական Արշավիր Կարապետյանի մասին, ում սեփականություն հանդիսացող տարածքում Ոստիկանությունը հայտնաբերել էր հսկայական զինանոց: Նա ասել է, որ դեռ վերջնականապես պարզված չէ` ում է պատկանում դա. «Ես անձամբ ճանաչում եմ Ա. Կարապետյանին, նա եղել է Արցախյան պատերազմի մասնակից, իսկ պատերազմից հետո զենքեր շատերի մոտ են մնացել, բայց վերջնականապես դա պարզված չէ»: