«Հայրենիքի սպանություն»

03/03/2012

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու որոշման վերաբերյալ հոդված է հրապարակել ամերիկյան Foreign Policy ամսագրում: «Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին չեղյալ հայտարարեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր այդ երկրի օրենսդիր մարմնի կողմից: Ամեն դեպքում, մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը: Այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ` 1915թ., ավելին էր, քան ցեղասպանությունը, ավելին` քան Հոլոքոստը: Դա միայն կանխամտածված կերպով մարդկանց կյանքը խլել չէր, դա ազգի, քաղաքակրթության, մշակույթի, դարերով եկած ավանդույթների համատարած ոչնչացում էր: Հազարամյակներ շարունակ հայերին պատկանած դպրոցները, եկեղեցիները, ակադեմիաները, ինստիտուտները, մասնավոր եւ հանրային գույքը ջնջվեցին քարտեզի վրայից, ոչնչացվեցին կամ բռնագրավվեցին: Հայոց ցեղասպանությունը Երիտթուրքերի վարչակարգի լայնածավալ եւ բռնի հայրենազրկումն էր, որն իր պատճառած չարիքներով ու հետեւանքներով աննախադեպ էր հայերի համար: Դա հայրենիքի սպանություն էր: Հայ եւ թուրք ժողովուրդ-պետությունների հաշտեցումը պետք է հենվի եւ հենվելու է ճշմարտության հաղթանակի վրա` որքան էլ այն սոսկալի լինի, ինչպես նաեւ` իսկական խղճի խայթի վրա հիմնված արդարության, փոխհատուցման եւ հայ ժողովրդի` իր ունեցվածքի նկատմամբ իրավունքի վերականգնման երաշխիքների վրա: Մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կանխարգելում կամ պատժում են մարդկայնության դեմ կատարված հանցագործությունները, եւ սպասում ենք Թուրքիայի իսկական քավությանը»: