«Դրսից նույնպես օրենսդրական գործունեություն կծավալեմ»,- երեկ հայտարարել է ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով իր ապագա քաղաքական գործունեությանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել, ըստ որի` ինքը մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու, սակայն ընտրատարածքը դեռ որոշված չէ: Ռ. Հայրապետյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել Կենտրոն, Արաբկիր կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքներից մեկում: Անդրադառնալով վերջին շրջանում հնչած այն հայտարարությանը, թե ԱԺ-ն իր տեղը չէ`
Ռ. Հայրապետյանն ասել է. «Այսօր գտնում եմ, որ իմ տեղը չէ, բայց ունեմ կուսակցություն, կուսակցության ղեկավար, եւ պետք է կատարեմ կուսակցության յուրաքանչյուր որոշում: Ես ասել եմ, որ եթե կուսակցությունը չառաջադրվելու որոշում կայացնի` չեմ առաջադրվի, եթե մասնակցելու որոշում կայացնի` կմասնակցեմ եւ ԱԺ-ում կզբաղվեմ օրենսդիր գործունեությամբ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքը գլխավորում է ամենաշատ բացակայող պատգամավորների ցուցակը` Ռուբեն Հայրապետյանը չի համաձայնել` ասելով, որ, ամենայն հավանականությամբ, ինքը ոչ թե գլխավորում է այդ ցուցակը, այլ հնգյակում է: Նա ասել է, որ ինչպես նախկինում, ապագայում եւս` ընտրվելու դեպքում, կարող է դրսից զբաղվել օրենսդրական գործունեությամբ` եւ լրագրողին առաջարկել է ԱԺ արխիվից ծանոթանալ իր հեղինակած օրինագծին: Ի դեպ, երեկ Ռ. Հայրապետյանը նաեւ հայտարարել է, որ որոշել է փակել իր ֆեյսբուքյան էջը: Նա ասել է, որ այդ էջը բացել էր հանրության խնդրանքով ու գրեթե ամեն օր պատասխանում էր ֆուտբոլասերների հարցերին, սակայն չի կարող հանդուրժել անհարկի վիրավորանքները ու դատարկաբանությունները, որոնց թիվը զգալիորեն շատացել է: