Քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը։ Սակայն առայժմ ոչ մեկը, խոսելով տնտեսական ծրագրերի եւ տնտեսական խոստումների մասին՝ պատշաճ ուշադրություն չի դարձնում եվրոյի գոտու ճգնաժամին եւ դրա հնարավոր հետեւանքներին։
Եվ մինչ մենք նախանձելի համառությամբ գերադասում ենք չխոսել հնարավոր ճգնաժամի մասին, դրա առաջին «պտուղները» արդեն ի հայտ են գալիս։ Ընդ որում, դա արտացոլվում է ոչ թե եվրոպական, այլ հենց Հայաստանի պաշտոնական վիճակագրությամբ։
Այսպես, շուրջ երկու շաբաթ առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր հունվար ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանցից երեւում էր, որ արտաքին առեւտրի ցուցանիշներն այնքան էլ լավատեսական չեն։ Ներմուծումը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 6.6%-ով, իսկ արտահանումը` ընդամենը 0.4%-ով։ Այսինքն` գործնականում արտահանման աճ չի եղել։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ գների գործոնը՝ ապա կարելի է ենթադրել, որ բնեղեն արտահայտությամբ արտահանման ծավալները դեռ մի բան էլ նվազել են։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին արձանագրվել էր արտահանման ավելի քան 20% աճ։
Այսքանը գիտեինք դեռ երկու շաբաթ առաջ։ Իսկ ի՞նչ է ավելացել այս ընթացքում։ Նույն Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է նաեւ հունվար ամսվա ամբողջական (ոչ թե նախնական) զեկույցը, որտեղ տնտեսության բոլոր ոլորտների մասին կա մանրամասն տեղեկատվություն։ Այդ թվում՝ արտաքին առեւտրի վերաբերյալ։
Արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշների հպանցիկ դիտարկումն արդեն իսկ որոշ տխուր եզրակացությունների եւ մտահոգությունների տեղիք է տալիս։
Այսպես, արտահանման ծավալը հունվարին կազմել է շուրջ 71 միլիոն դոլար, աճը, ինչպես արդեն նշվեց, կազմել է 0.4%։ Սակայն ԱՊՀ երկրներին բաժին ընկնող արտահանումը աճել է 11.9%-ով եւ կազմել 11.3 միլիոն դոլար։ Արդյունքում՝ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռն ընդհանուր արտահանման մեջ 15.9%-ից հասել է 17.7%-ի։
Փոխարենը՝ զգալիորեն անկում է գրանցել Եվրամիության հետ առեւտուրը։ Եթե նախորդ տարվա հունվարին դեպի ԵՄ արտահանման ծավալը կազմել էր շուրջ 36 միլիոն դոլար, ապա այս տարվա հունվարին ցուցանիշը 33.3 միլիոն է՝ 9.2%-ով պակաս։ Արդյունքում, ԵՄ արտահանման տեսակարար կշիռը ընդհանուր արտահանման մեջ 50.5%-ից իջել է 46.6-ի:
Նշենք նաեւ, որ արտահանման ծավալները նվազել են խոշոր առեւտրային գործընկեր հանդիսացող եվրոպական երկրների դեպքում։ Օրինակ, դեպի Գերմանիա արտահանումը հունվարին նվազել է 15.4%-ով։ Նշենք, որ Գերմանիային բաժին է ընկնում ՀՀ-ից արտահանման 12.7%-ը։
Նույն դինամիկան արձանագրվել է նաեւ ներմուծման պարագայում։ Ներմուծման ընդհանուր ծավալը հունվարին աճել է 6.6%-ով, սակայն դա տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հաշվին։ Այսպես, ԱՊՀ երկրներից ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի` աճել է 7.9%-ով, իսկ ըստ առեւտուր անող երկրի` 12.4%-ով։ Մինչդեռ ԵՄ-ից ներմուծումն ըստ առեւտուր անող երկրի` աճել է ընդամենը 0.2%-ով, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ նվազել է 10.5%-ով։ Նշենք, որ ընդհանուր առեւտրաշրջանառության առումով (ներմուծումն ու արտահանումը միասին) մեր խոշորագույն գործընկերը հունվարին եղել է Ռուսաստանը, որին բաժին է ընկնում արտաքին առեւտրի 29.7%-ը։ Խոշորագույն գործընկերներից են Չինաստանը (10.7%),Գերմանիան (6.7%) եւ Իրանը։
17.3%-ով նվազել է նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը՝ հունվարին կազմելով 6.4 մլն դոլար։ Դա մեր ընդհանուր առեւտրաշրջանառության 1.9%-ն է կազմում (նախորդ տարվա հունվարին 2.4% էր)։ Չնայած նվազմանը՝ Թուրքիայի հետ առեւտրի ծավալները չի կարելի փոքր համարել, եթե նկատի ունենանք, որ սահմանները երկու երկրների միջեւ փակ են։ Անհանգստացնողն այն է, որ 6.4 միլիոնից արտահանմանը բաժին է ընկել ընդամենը 30 հազար դոլար։ Այսինքն՝ Թուրքիայից մենք միայն ներմուծում ենք։
Փաստորեն՝ հունվարի տվյալներով` մեր տնտեսությունը ավելի մեծ չափով ինտեգրվել է ոչ թե Եվրոպային, այլ մեր դարավոր բարեկամներին։ Իսկ եթե` ավելի լուրջ, ապա, մասնավորապես, արտահանման հունվարյան ցուցանիշները խոսում են այն մասին, որ ԵՄ երկրների կողմից պահանջարկը նվազել է։ Դժվար է ասել, որ սա միանշանակ եվրոյի գոտու ճգնաժամի հետեւանք է։ Սակայն այն, որ ճգնաժամը այդ հարցում դեր է խաղացել, կարծում ենք, ոչ ոք չի հերքի։ Իսկ ԵՄ-ի կողմից պահանջարկի նվազումը հայկական ծագման ապրանքների նկատմամբ անմիջականորեն ազդում է մեր տնտեսության վրա։ Ստացվեց այն, ինչի մասին սկզբում խոսում էինք. եվրոյի գոտու ճգնաժամի առաջին բացասական պտուղներն արդեն պաշտոնապես արձանագրված են։
Նշենք, որ սա միակ ահազանգը չէ։ Մտահոգությունների տեղիք տալիս է նաեւ արտահանման կառուցվածքը՝ ըստ ապրանքատեսակների։ Հունվարին 71.1 միլիոն արտահանման մեջ 34%-ը (շուրջ 24.3 միլիոն դոլար) բաժին է ընկել հանքահումքային արտադրանքին, 39.5%-ը (28.1 միլիոն դոլար)` ոչ թանկարժեք մետաղներին եւ դրանցից պատրաստված իրերին։ Այս երկու ապրանքախմբերը միասին կազմել են ընդհանուր արտահանման 3/4-ը։ Ընդ որում, երկու ապրանքատեսակների արտահանման գծով էլ հունվարին անկում է գրանցվել։ Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը նվազել է 7.7%-ով, իսկ ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումը՝ 15.5%-ով։ Նախկին դառը փորձը ցույց է տվել, որ ճգնաժամի ժամանակ ամենախոցելին հենց այս ապրանքախմբերն են։
Արտահանման ընդհանուր ծավալի չնչին աճն ապահովվել է սննդամթերքի, կենդանիների, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի ու մետաղների շնորհիվ։ Դրանցից յուրաքանչյուրի արտահանումը աճել է երկնիշ կամ երկնիշին մոտ թվերով՝ թույլ չտալով, որ ընդհանուր ցուցանիշը բացասական լինի։
Որպեսզի հոռետեսությամբ չավարտենք հոդվածը, նշենք, որ եվրոյի գոտու վիճակի մասին կանխատեսումները մի փոքր բարելավվել են։ Եվրոպական Կենտրոնական բանկը օրերս 530 միլիարդ եվրո է տրամադրել ԵՄ բանկերին՝ 1% տոկոսադրույքով եւ 3 տարի ժամկետով։ Standard &Poors գործակալությունը այս առնչությամբ նշել է, որ ԵԿԲ-ի գործողությունների շնորհիվ այժմ եվրոպական ֆինանսական համակարգի լիկվիդայնության ճգնաժամը քիչ հավանական է, իսկ եվրոյի գոտու երկրներում ռեցեսիան ավելի մեղմ կլինի։ Standard &Poors-ը թեպետ չի բացառել, որ երեք տարի անց հնարավոր է նոր ճգնաժամ (եթե բանկերը չկարողանան վերադարձնել ստացված միջոցները), սակայն հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի։