Երեկ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ Հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում, առանց համապատասխան թույլտվության առկայության, նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են, եւ տարածքը վերցված է խիստ հսկողության տակ: