«Մեր պայքարը քուչի պայքար չէ»

03/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնարարել էր քննարկման դնել Երեւանի ճարտարապետական եւ քաղաքաշինական խնդիրները:

Վերջինս էլ` ՀՀԿ նախընտրական ծրագրի կազմման ժամանակ, մի խումբ ճարտարապետների եւ մտավորականների հետ փորձել է, այսպես ասած` կատարել նախագահի հանձնարարականը: Իսկ հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ Արթուր Մեսչյանը, Հրաչյա Պողոսյանը, Լեւոն Իգիթյանը եւ այլք: Քննարկման ժամանակ Տ. Սարգսյանը հայտարարեց, թե ինքը մշտական տաղավարների տեղադրմանը դեմ է, սակայն չմասնավորեցրեց, թե խոսքը որ տարածքների մասին է, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ շրջանակներում խոսակցություններ տարածվեցին, թե իբր Տ. Սարգսյանը դեմ է Երեւանի Մաշտոցի այգում տաղավարների տեղադրմանը` չնկատելով, սակայն, որ վարչապետն օգտագործել էր «մշտական տաղավարներին դեմ լինելու» արտահայտությունը: Իսկ Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է` տաղավարները ժամանակավոր են: Հստակության պակաս չկա նաեւ այս օրերին պուրակի «անառիկությունը» պահպանող բնապահպան ակտիվիստների դիրքորոշման մեջ, որոնք վստահեցնում են, թե այգում աշխատանքներ վերսկսելու դեպքում իրենց պայքարը նոր թափ կառնի: «Մեր պահանջը նորից նույնն է` պետք է ապամոնտաժվեն այս կրպակները: Մի կողմից` վարչապետը PR-ելույթներ է ունենում, իսկ մյուս կողմից` այգում չափումներ են անում` ասելով, որ իրենք շարունակելու են աշխատանքը, պատվիրել են կրպակների ապակիները, որ վաղը բերեն: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ կամ վարչապետն իր խոսքի ուժը կորցրել է, կամ այն օլիգարխները, որոնց պատկանում են այս կրպակները (դա ինձ չի հետաքրքրում) ավելի ուժեղ են, կամ էլ սա իմիտացիոն շոու է»,- ասաց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Ինչ վերաբերում է օրեր առաջ Հանրային խորհրդում հնչած Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի այն դիտարկմանը, թե ինքն անձամբ այգի է գնալու եւ հանդիպելու է բնապահպան-ակտիվիստներին, Մ. Սուխուդյանն ասաց. «Ընդհանրապես իրենք ուղղակի սեւ ապակիների ետեւում են: Ամեն ինչ փակ է կատարվում: Կլոր սեղան է տեղի ունենում Ոստիկանությունում, որտեղ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են ներկա լինում, եւ չի քննարկվում այս հարցը, եւ այլն: Ոչ մի բան չի արվում այս դաշտում, եւ ինչ էլ խոսում են, ընդհանուր հայտարարի չեն գալիս»: Երիտասարդ բնապահպանի խոսքով` այն, ինչը տեղադրվել է այգում, պետք է ապամոնտաժել եւ այլ տեղ «բուծել»: Ըստ նրա` տաղավարների ապամոնտաժման հարցը լուծելի հարց է, սակայն խուսափում են դրանից` փորձելով ընդամենը իմիտացիոն շոուներ ստեղծել: «Ես ցավում եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար սա սկզբունքային հարց է, կամ որոշ օլիգարխներ «պրինցիպի» են ընկել: Մեր պայքարը քուչի կամ թաղային պայքար չպետք է ընդունեն: Մենք երեւույթին ենք դեմ: Պայքարը զարթոնք է ապրում, եւ այսօրվա քաղաքացին արդեն զարթնել է»,- հավելեց Մ. Սուխուդյանը: Իսկ բնապահպան-ակտիվիստ Կարեն Մարությանը չի ուզում Տ. Սարգսյանի հայտարարությունը պայմանավորել նախընտրական շրջանի հետ: «Առաջին հերթին դա հենց մեր ճնշման, հասարակական կարծիքի ձեւավորման, հասարակական պահանջից եկող քայլ է, եւ քաղաքապետից, Հանրային խորհրդի քննարկումից հետո վարչապետը որոշում է խոսել: Ինչքանո՞վ է նրա խոսքը շոու, չեմ կարող ասել, բայց այն, որ նուրբ ձեւով փորձում է սուր եզրերն անցնել, փաստ է»,- ասաց Կ. Մարությանը: Վերջինիս կարծիքով` անհեթեթություն է իշխանությունների այն պնդումը, թե Մաշտոցի այգում տեղադրվող տաղավարները ժամանակավոր են, եւ, որ դրանք ապամոնտաժվելու են մինչեւ «Հին Էրիվան» ծրագրի ավարտը: Բնապահպանի ասելով` այդ ծրագրի ավարտից հետո էլ նշյալ այգին օգտագործվելու է որպես ավտոկայանատեղի: Իսկ այն պատճառաբանություններին ի պատասխան, թե Մաշտոցի այգին է ընտրվել, քանի որ այնտեղ անբարեկարգ վիճակ էր, Կ. Մարությանն ասաց. «Այն, որ այգին անբարեկարգ էր, գուցե ճիշտ էր, բայց դա ո՞ւմ մեղքով էր, եւ մի կոնտր հարց` ո՞ւմ մեղքով էր, որ այգին անբարեկարգ էր` բնապահպան-ակտիվիստների՞, հասարակ քաղաքացիների՞, թե՞, վերջիվերջո, քաղաքապետարանի եւ քաղաքագլխի»:

«Մաշտոցի պուրակում, իհարկե, չպետք է տեղադրվեին տաղավարները: Սկսած Խանջյան փողոցից` մինչեւ թունելների մոտ, այդ բուլվարը աղճատված է ամեն ձեւով: Քաղաքապետը շատ վստահ է, որ եթե այդտեղ ծրագիր արվի, ինքը ոչ մի տաղավար այդ բուլվարում չի տեսնում, այսինքն` եղածները նույնպես պետք է քանդվեն»,- ասաց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Հարցին, թե հետագայում ինչպե՞ս են այգու նախկին տեսքը վերականգնելու, եթե տաղավարները կառուցվում են հաստ բետոնե շերտերով, եւ նույնիսկ նախատեսված է տվյալ տարածքում ավտոկայանատեղի բացել, Մ. Մինասյանը պատասխանեց. «Այդ տեղերում ավտոկայանատեղին բացառվում է, ուղղակի մեզ մոտ այդ կուլտուրան չկա, որ երբ ժամանակավոր սրճարաններ կամ տաղավարներ են տեղադրում, փայտե տախտակամածների հիմքով են արվում, այլ ոչ թե` բետոնե: Առայժմ ունենք այն, ինչ ունենք»: Ճարտարապետների միության նախագահի խոսքով` այսօր հրատապ խնդիրներից մեկը կանաչ տարածքների հետգրավումն է: «Կանաչ տարածքներ չեն մնացել` հաշված Օղակաձեւ զբոսայգին, կենտրոնական բուլվարը, այդ բոլորը օկուպացված են մեծ ու փոքր սրճարաններով, կառույցներով, եւ դրանք բոլորը պետք է կամաց-կամաց ազատվեն այդ տեղերից, որպեսզի կանաչը շատանա»,- հավելեց Մ. Մինասյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին Երեւանի Մաշտոցի պուրակում տեղի կունենա «Ինքնորոշված քաղաքացու ծնունդը» վերնագրով ակցիան: