Հայ-թուրքական ջենթլմենական համաձայնո՞ւթյուն

03/03/2012

«Միացյալ Նահանգները մեղքի իր բաժինն ունի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում»,- Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում երեկ հրապարակած ծավալուն մենագրության մեջ նման եզրահանգման է եկել ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսը, ով նախկինում ակտիվորեն ներգրավված է եղել հայ-թուրքական երկխոսության գործընթացում. նա 2001-2004 թթ. համակարգում էր ԱՄՆ-ի կողմից հովանավորվող` Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Ֆիլիպսի գնահատմամբ, Օբամայի կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ շաղկապելու` Թուրքիայի կեցվածքը կանխելու ուղղությամբ:

Ամերիկացի քաղաքագետը Միացյալ Նահանգներին նաեւ կոչ է անում վերանայել հայ- թուրքական հարաբերություններին առնչվող` Վաշինգտոնի ռազմավարությունը, ինչը հնարավորություն կտա Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած հայկական կոտորածները ցեղասպանություն որակելը դիտարկել իբրեւ տարբերակ:

«2009 թվականի ապրիլին Թուրքիա կատարած իր այցի ժամանակ Օբաման ձեռքից բաց թողեց արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան բանակցությունների հետ չկապելու հանգամանքը վերահաստատելու հնարավորությունը: Ամերիկյան պաշտոնատարները չկարողացան ճշգրտորեն գնահատել Թուրքիայում վավերացման հանդեպ եղած ընդդիմության աստիճանը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` իր մենագրությունում գրել է Ֆիլիպսը: «Թեեւ ամերիկյան ազդեցությունը բավական էական էր արձանագրությունների ստորագրման հարցում, Օբամայի վարչակազմը բյուրոկրատիզացրեց գործընթացի շարունակությունը: Հարկ էր, որ Վաշինգտոնը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցով հատուկ բանագնաց նշանակեր, որը շատ օգտակար դերակատարություն կարող էր ունենալ` գործընթացի տեմպը պահպանելու առումով: Դա կարեւոր կլիներ նաեւ Վաշինգտոնի ջանքերը համակարգելու, ինչպես նաեւ` կողմերի ուշադրությունը նախապայմանների առաջադրումից հաջորդ քայլերի վրա կենտրոնացնելու հարցում»: 130 էջ ծավալ ունեցող մենագրությունը մանրամասն տեղեկատվություն եւ վերլուծական նյութ է պարունակում ինչպես երկխոսության ձախողման, այնպես էլ այն զարգացումների մասին, որոնք հանգեցրին 2007 թվականի վերջերին, Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ, Շվեյցարիայի միջնորդությամբ հաջողությամբ մեկնարկած եւ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող գործընթացին: Ֆիլիպսն իր մենագրությունում նաեւ հիշեցնում է թուրք պաշտոնատարների այն հետեւողական պնդումները, ըստ որոնց` արձանագրությունները կրում են Ղարաբաղի հետ կապին վերաբերող ոչ բացահայտ` թաքնված հղումներ: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության անանուն մի պաշտոնյա Ֆիլիպսի հետ զրույցում ասել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա էր ջենթլմենական համաձայնություն` երկկողմ կապերն ու Ղարաբաղի խնդիրն իբրեւ զուգահեռ գործընթացներ դիտարկելու վերաբերյալ: Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին եւս քաղաքագետին ասել է, թե այդ գործընթացները միմյանցից ամբողջությամբ անջատ չեն: «Ըստ Ջեֆրիի, Օբաման 2009-ի ապրիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում նախագահ Գյուլի կամ վարչապետ Էրդողանի հետ այդ գործընթացների` կապված չլինելու հարցը չի քննարկել: Փոխանակ դա անելու, Օբաման լռել է»,- գրել է Ֆիլիպսը` հիշատակելով ամերիկացի մեկ այլ դիվանագետի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը Թուրքիայի կողմից արձանագրությունների` առանց նախապայմանների վավերացումից հրաժարման դեպքի համար նախատեսել էր պլան Բ-ն: Այստեղ Ֆիլիպսը նշում է` «Սակայն որեւէ ակնհայտ այլընտրանքային պլան չկար, բացի, թերեւս, Սարգսյանին համոզելը, որ վերջինս ստորագրությունը ետ վերցնելու փոխարեն` միայն կասեցնի արձանագրությունները»: Հիշեցնենք` 2010 թվականին Երեւան կատարած այցի ժամանակ Ֆիլիպսը խոսել էր Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի հանդեպ առավել մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին:

«Եթե Օբամայի վարչակազմն ամենաբարձր մակարդակով ճնշում չգործադրի Անկարայի հանդեպ, այնտեղ արձանագրությունների վավերացման հավանականությունը կնվազի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այն ժամանակ ասել էր Ֆիլիպսը: Մենագրության մեջ Ֆիլիպսը քննադատում է նաեւ Հայաստանին` այն բանի համար, որ Երեւանը համաձայնեց Անկարայի հետ հանդես գալ կարգավորման ճանապարհային քարտեզի մասին համատեղ հայտարարությամբ` 2009 թվականի ապրիլի 22-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից ընդամենը երկու օր առաջ: Հեղինակն այստեղ մեջբերում է անանուն մի հայ պաշտոնյայի, ով հաստատել է, թե դա արվել է Ցեղասպանության ճանաչման խոստումից Օբամայի ետ կանգնելը հեշտացնելու համար: «Վաշինգտոնը ցանկացել է, որ այդպիսով Օբաման պարտավորված չլինի իր ուղերձում օգտագործել «ցեղասպանություն» բառը: Թուրքերն ակնկալել են, որ մենք կհրաժարվենք, սակայն մենք մոլորեցրինք նրանց»,- Ֆիլիպսին ասել է հայ պաշտոնյան: