Բառացիորեն երկու օր առաջ Գերմանիա ուղեւորվեց մեր երկրի հեռանկարային տնտեսագետներից մեկի ընտանիքը` ինքը, կինը եւ երեք զավակները: Հասկանալի է, տոմսերը միակողմանի էին: Նրանց ճանապարհողները պատմեցին, որ նույն ինքնաթիռով անվերադարձ հեռանում էին նաեւ երիտասարդ ջութակահարներ: Կարելի է ասել, որ մարդկանց ազատ ընտրությունն է` ընտրել` երկրագնդի որ մասում են ցանկանում բնակվել: Սակայն ճշմարտությունը բոլորս էլ գիտենք: Գիտենք, թե ինչից են փախչում մարդիկ: Գնացողների համար իշխանությունը պատասխանատվություն չի կրում: Չի կրում նաեւ մնացողներիս համար: Բայց, իրեն չխնայելով, պատրաստվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում փառավոր հաղթանակ տոնել:
Գարնան առաջին օրը շատ խոսքեր հնչեցին 2008-ի մարտի մեկի իրադարձությունների շուրջ: Լավատեսները հույս հայտնեցին, թե 2012-2013թթ. ընտրություններից հետո զարգացումներն արյունոտ չեն լինի: Իբր` ներքաղաքական մթնոլորտն այլ է: Իրո՞ք այլ է: Ինձ թույլ եմ տալիս պնդել, որ ոչ: Այսօր էլ ներքաղաքական իրադրությունը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 2008-ից: Զանգվածաբար փողոց դուրս գալու եւ տուն չգնալու համար կան բոլոր հիմքերը: Պարզապես փոխվել է բողոքող, դժգոհ մարդկանց վերաբերմունքը: Ինչը մեծ ցանկության դեպքում կարելի է ներկայացնել` որպես քաղաքական դաշտի լիցքաթափման դրսեւորում:
Ակնհայտ է մեկ բան. Մարտի մեկ չի կրկնվի միայն այն դեպքում, եթե իշխանությունն անհրաժեշտություն չզգա կրկնել այն: Եթե ասպարեզում լինի իշխանությունը ստանձնելուն պատրաստ, կազմակերպված ուժ, որը կունենա պոտենցիալ` հասնել իշխանափոխության` ժողովրդի ճնշման ճանապարհով, իշխանությունը կգնա վա-բանկ` առանց մեկ րոպե տատանվելու կկրկնի Մարտի մեկը: Թվում էր` 2008-ին այդ ուժը ձեւավորվեց: Մարտի մեկին փողոց դուրս եկածները, սակայն, արդեն մթնշաղին հասկացան` առանց մինչեւ վերջին րոպեն իրենց կողքին գտնվող առաջնորդի, առանց գործողությունների հստակ ծրագրի` շարժումը քաոսի է վերածվում: Եվ այն մարելը դառնում է տեխնիկայի, այս դեպքում` ռազմական տեխնիկայի գործ: Տասը կյանքը շատ թանկ գին էր այս ուշացած եւ պարզ եզրակացությանը հանգելու համար:
Մինչ պոտենցիալ բողոքող, ընդվզող քաղաքացիների ճնշող մասը հուսահատվել է կամ որոշել հեռանալ երկրից, իշխանությունները շարունակում են մարտնչել: Բոլորիս պարզ ասված է` դուրս գաք փողոց, փորձեք հակասահմանադրական ճանապարհով փոխել իշխանությունը, արդեն ասել ենք` մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակներից է: Իսկ որեւէ նախադեպ, որ մեր երկրում իշխանությունն օրինական ճանապարհով փոխվի, դեռ հայտնի չէ: Վկան` 100-տոկոսանոց համամասնական ընտրություններին անցնելու շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ իշխանությունների` այնքան վիրավորական անկեղծությունը: ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խորհրդարանի ամբիոնից, թերեւս հիշում եք, հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Իսկապես, մեծամասնական ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են այն անձինք, ովքեր ներկայացնում են իշխող կուսակցությունը: Այսինքն` այստեղ գաղտնիք չկա. եւ սա հնարավորություն է տալիս ստեղծել կայուն մեծամասնություն խորհրդարանում: Առանց նման մոդելի այս փուլում, մեր խորին համոզմամբ (՞), հնարավոր չէ խորհրդարանում ունենալ կայուն մեծամասնություն գ»: Առավել վհատեցնող էր Արդարադատության անկուսակցական նախարար Հրայր Թովմասյանի խոսքը նույն ամբիոնից. «Մենք թաքցնելու բան չունենք. ցանկացած ընտրական համակարգ պետք է ապահովի պառլամենտի ներկայացուցչական բնույթը, եւ ձեւավորվի կայուն մեծամասնություն: Մենք 100-տոկոսանոցին դեմ ենք, որովհետեւ դա չի նպաստելու պառլամենտական մեծամասնության ձեւավորմանը: Փորձը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքներ ցանկացած համակարգի պարագայում էլ կարող են լինել»: Վե՛րջ: Սրանից մատչելի հանրավոր չէ ձեւակերպել իշխանությունների տրամադրվածությունը խորհրդարանական, այնուհետեւ` նաեւ նախագահական ընտրություններին:
Մյուս կուսակցությունները կարող են առարկել, դիմադրել, սրամտել, ճշմարտությունը շպրտել իշխանությունների դեմքին, ինչպես դա արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը: Նա նկատեց, թե իշխանությունն, իրականում լինելով փոքրամասնություն, խորհրդարանում մեծամասնություն է ձեւավորում: Այլ կերպ ասած` ուզուրպացնում է իշխանությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, որեւէ մեկն իշխանությունից սա չի էլ հերքում: Այնքան լավ են ճանաչում բոլորը միմյանց: Հետեւաբար` այնքան կանխատեսելի են: ՀՀԿ-ում վստահ են` խորհրդարանում տեղեր ունենալու հայտ ներկայացրած կուսակցությունները ԱԺ ընտրություններին մասնակցում են ամենեւին ոչ հաղթելու նկատառումով: Յուրաքանչյուրը պատրաստ է բավարարվել ՀՀԿ-ի կողմից իրեն հատկացվելիք տեղերով: Նրանք, ովքեր դժգոհ են տեղերի քանակից, մի երկու դառը խոսք են նետում իշխանությունների հասցեին: Ոմանք միամտորեն դա գնահատում են որպես ընդդիմադիր կեցվածք:
2012-ին գոնե խորհրդարանում մանդատներ ստացած որեւէ կուսակցություն փողոց դուրս չի գա: Եթե հաշվի առնենք կանխատեսումները, թե ՀԱԿ-ը ֆավորիտների շարքում է, ներկայացված կլինի խորհրդարանում: Կունենա այնքան տեղ, որ ստիպված չլինի փողոց դուրս գալ: Բայց ոչ այնքան, որ վտանգավոր լինի: Այսինքն` իրեն ընդդիմության առանցք ներկայացնող ՀԱԿ-ը երկարատեւ, անընդմեջ պայքարի դուրս չի գա: Չեն լինի վրաններ Ազատության հրապարակում, չի հնչի Բեթհովենի «Ձոն ցնծության»-ը, չեն լինի վրաններում գիշերող, միմյանց հետ եղբայրացած հազարավոր ցուցարարներ:
Հետեւություն` Մարտի մեկի անհրաժեշտություն չի լինի…