Հարցեր Քլինթոնին

03/03/2012

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի Պետական օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ, որտեղ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, թե Հ. Քլինթոնի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված սխալ բնորոշումները «մտահոգությունների» առիթ են դարձել ինչպես ամերիկահայ համայնքում, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանների շրջանում: Նա պետքարտուղարի կողմից արված հայտարարությունն անվանել է «թուրքական կառավարության կողմից հնչեցվող արտահայտություններին նման»: Պարզաբանելով, որ իր մեկնաբանությունները վերաբերում էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրասիական խորհրդարանի վերջին օրինագծին, եւ, որ հետեւաբար` պետք է դիտվեն այդ համատեքստում` Քլինթոնը վերստին նշել է վարչակազմի դիրքորոշումը` մեջբերելով նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան հիշատակմանն ուղղված բազմաթիվ ուղերձները: Նա նաեւ մեջբերել է Օբամայի` տեղի ունեցածը «լիովին, ազնվորեն եւ արդարացիորեն ճանաչելու» մասին կոչը:

Անդրադառնալով իր այն տեսակետին, որ հարկավոր է հստակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին` կոնգրեսական Շիֆը հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից այդ փաստի վերահաստատման շարունակական ուշացման հետեւանքների մասին: Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` ներկայացուցիչներ Ջեսի Ջեքսոնը եւ Սթիվ Ռոտմանը իրենց աջակցությունն են արտահայտել կոնգրեսական Շիֆի հայտարարությանը: Ի հավելումն, կոնգրեսական Ջեքսոնը մտահոգություն է հայտնել նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի հաշիվներից 18 տոկոսի կրճատման վերաբերյալ, որը ներազդում է նաեւ Հայաստանի վրա: