Վրաստանի հետ մենք մրցակցության մեջ էինք նախկինում` խորհրդային տարիներին: Հիմա` ոչ:
90-ական թվականների սկզբում նորաստեղծ պետությունների հիմքերի ձեւավորման եւ դրան զուգահեռ` պատերազմական տարիներ էին: Մրցակցություն չկար: 90-ականների երկրորդ կեսերին մենք ուժեղ էինք, մենք առաջ էինք, եւ մրցակցություն չկար: 2000-ականներին տարբեր բնագավառներում կառուցվածքային բարեփոխումներով մենք այնքան առաջ էինք, որ Վրաստանից Հայաստան էին գալիս մասնագետներ եւ պաշտոնյաներ` սովորելու եւ փորձի փոխանակման համար: Ուսումնասիրում էին օրենսդրական դաշտի, տնտեսական բարեփոխումների, հանրային ծառայությունների, բնակչության սպասարկման ոլորտների եւ բազմաթիվ այլ հարցեր: Մրցակցություն չկար: Մրցակցություն չկա նաեւ այսօր: Բազմաթիվ բնագավառներում մենք հետ ենք մնացել Վրաստանից: Վրաստանի հետ հարաբերություններում մենք զգուշանում ենք, փորձում ենք չնեղացնել, դուր գալ, եւ կուլ ենք տալիս շատ բաներ: Այնինչ Վրաստանը հոգեբանական եւ ավանդական կապերի տեսակետից մեր միակ հարեւանն է, որի հետ հեշտ պետք է լիներ խորը գործընկերային հարաբերություններ ունենալը: Մրցակցության համար այդպիսի հարաբերություններ են անհրաժեշտ բոլոր բնագավառներում:
Սակայն մրցակցության առարկան եւ բովանդակությունը չկան: Մշակութային հարաբերություններում կուլմինացիան հեռուստատեսային «Միմինոն» էր, իսկ տնտեսական հարցերի, միջտնտեսական հարաբերությունների խնդիրների փոխարեն` գերիշխողը դարձել է Աջարիայի ափերին հանգստացող հայերի թվաքանակը: Ընդ որում, դա այնքան է կարեւորվում, որ ՀՀ վարչապետն առաջարկում է ավելացնել այդ թվաքանակը:
Փոխարենը` վերջին տարիներին ավելի հաճախ է հնչում այն միտքը, որ մենք միակողմանի կախվածություն ունենք Վրաստանից, որովհետեւ մեր բեռնափոխադրումները կատարվում են Վրաստանով: Իհարկե, եթե միջպետական տնտեսական հարաբերությունների հիմքում բեռնափոխադրումներն ենք դնում, դա ճիշտ է: Սակայն 21-րդ դարում, կարծում եմ, գոյություն ունեն այլ տիպի հարաբերություններ, որոնց առկայությամբ տրանզիտը դառնում է փոխշահավետ, այլ ոչ թե` կախվածության միջոց: Այս մասին դեռ կխոսենք:
Ինչեւէ, հայ-վրացական հարաբերությունները համառորեն չեն խորանում եւ չեն ձեւավորում լուրջ բովանդակություն: Ընդ որում, չի երեւում, թե ինչպիսի հարաբերությունների ենք մենք ձգտում հարեւան երկրի հետ: Բարեկամական եւ առանց խնդիրների հարաբերությունը տնտեսության տեսակետից ոչինչ չի նշանակում: Այնինչ, մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացումը քննարկվում էին լայն տնտեսական համագործակցության հարցեր, ընդհուպ` ձեւավորել ընդհանուր առեւտրային շուկա: Այս հարցերը քննարկվեցին նաեւ 2007 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում: Նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսում երկու երկրների վարչապետները (Ս.Սարգսյան եւ Զ.Նողաիդելի) հայտարարեցին, որ այսուհետ Հայաստանն ու Վրաստանը աշխատելու են մեկ ներդրումային եւ առեւտրային դաշտ ներկայացնելու ուղղությամբ, որ երկու երկրների կառավարությունները քննարկում են եւ պատրաստ են լուծումներ տալու ընդհանուր շուկա ձեւավորելու հետ կապված բոլոր խնդիրներին: Քանի որ Հայաստանն ու Վրաստանն իրենցից ներկայացնում են փոքր շուկաներ, միասին կարող են տնտեսապես շատ ավելի հետաքրքիր դաշտ ներկայացնել: Թվում էր, թե Հայաստանն ու Վրաստանը կատարելու են նորագույն ժամանակների պատմական քայլ, հիմք դնելով Հարավային Կովկասում նոր տնտեսական տարածաշրջանի ձեւավորմանը: Դա ենթադրում էր օրենսդրական փոփոխություններ, նոր օրենքներ, կառուցվածքային բարեփոխումներ, երկու երկրների մի շարք օրենքների (հատկապես տնտեսական փաթեթի օրենքների) ներդաշնակեցում, եւ այլն:
Ի վերջո, հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների համատեղ չձեւավորվելը, ընդհանուր` տարածաշրջանային մակարդակի ներդրումների բացակայությունը, արտաքին առեւտրաշրջանառության չնչին ծավալները պայմանավորված են նշված օրենսդրական բացով եւ երկու երկրների օրենքների բազմաթիվ անհամապատասխանություններով: Այն, որ երկու երկրների տնտեսական զարգացումն էապես կախված է նմանատիպ համագործակցությունից, կարծում եմ, դժվար չէ տեսնել:
Չխորանալով տարբեր ցուցանիշների եւ թվերի վերլուծության մեջ, քննարկենք դրանցից միայն մեկը` ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ: 2002-2007 թվականներին Հայաստանն ունեցել է անշեղ տնտեսական աճ` երկնիշ ցուցանիշներով: Այդ նույն ժամանակահատվածում Վրաստանում նույնպես երկնիշ աճ էր գրանցվում, եւ տնտեսությունը զարգանում էր նորմալ տեմպերով, բացառությամբ` 2004 եւ մասամբ` 2005 թվականների, երբ երկրում «Վարդերի հեղափոխության» հետ կապված հասարակական ցնցումների հետեւանքով տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղեցում տեղի ունեցավ: 2003 թվականի 11%-ի փոխարեն` տնտեսական աճը 2004 թվականին կազմեց մոտ 6%: 2002 թվականից Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը տարեցտարի աճում էր եւ 2007 թվականին 2002-ի համեմատ` մեծացավ մոտ 2 անգամ: Առաջին հայացքից, կարծես թե, նորմալ է` երկու երկրների տնտեսությունները զարգանում են աճման տեմպերով, նրանց միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է: Սակայն, եթե դիտարկենք այդ նույն ապրանքաշրջանառության բաժինը Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում, ապա կտեսնենք, որ այն նույն ժամանակահատվածում 3,2%-ից դարձել է 2,8%, այսինքն, այն նվազել է 0,4%-ով: Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նշված ժամանակահատվածում ավելի բարձր ցուցանիշներով զարգացել է այլ երկրների հետ: Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները նշված 6 տարիների ընթացքում առանձնապես չեն խորացել: Կոպիտ ասած, ստացվում է, որ երկու հարեւան երկրների տնտեսական վերելքի տարիներին կամ մեկը մյուսին վաճառելու ապրանք չունի, կամ երկու երկրների միջեւ առեւտուրը ձեռնտու չէ: Կարծում եմ, ինչ-որ տեղ երկուսն էլ ճիշտ է: Համեմատության համար ասենք, որ այս նույն ժամանակահատվածում ավելի բարձր տեմպերով` 4,5 անգամ, աճել են արտաքին առեւտրաշրջանառության ծավալները Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ դրա տեսակարար կշիռը Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում աճել է 1,3%-ով: Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում եւս աճել է` 3,6 անգամ: Իսկ դրա տեսակարար կշիռը Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալում աճել է 0,5%-ով: Ճիշտ է, տոկոսաչափերը փոքր են, բայց, այնուամենայնիվ, վերջին 2 դեպքերում միտումը Վրաստանի համար դրական է, իսկ Հայաստան-Վրաստան պարագայում` Հայաստանի համար բացասական:
Սակայն, պետք է ասել, որ այստեղ մեծ դերակատարում ունեն Վրաստանի վառելիքա-էներգետիկ հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Չնայած այն բանին, որ մինչ համաշխարհային ճգնաժամը, երբ երկրները բնական զարգացման փուլում էին, տնտեսական կապերի եւ ապրանքաշրջանառության առումով Վրաստան-Թուրքիա եւ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի բարձր ցուցանիշներ ունեին, քան Հայաստան-Վրաստան հարաբերությունները, այնուամենայնիվ, դրանք, եւ՛ տեսակարար տոկոսաչափերով, եւ՛ բացարձակ թվերով արտահայտված, իրարից շատ չեն տարբերվում: Դա մեկ բան կարող է նշանակել` առանց համապատասխան երկկողմանի տնտեսական մեխանիզմների, առանց տնտեսական ինտեգրացիայի` խոր հարաբերություններ եւ բարձր ցուցանիշներ հնարավոր չեն, հատկապես Վրաստանի եւ Հայաստանի տիպի երկրների համար: Բացի այդ, Հայաստանի համար կա ուրիշ վտանգ` Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն մասնակցում են մի քանի տարածաշրջանային լուրջ ծրագրերի, որոնցից դուրս է մնացել Հայաստանը: Եվ այս գործընթացը, կարծես թե, խորանալու միտում ունի:
Այս փաստերը եւս նպաստեցին, որ վերոհիշյալ քննարկումները 2007 թվականին` Միջկառավարական հանձնաժողովի նիստում տեղի ունենան: Ցավոք, նիստից հետո ոչինչ չարվեց այնտեղ առաջ քաշված գաղափարները աստիճանաբար կյանքի կոչելու ուղղությամբ: Իհարկե, կային պատճառներ. Տեղի ունեցան ընտրություններ, հետընտրական իրավիճակ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, եւ այլն: Սակայն, դրանից հետո եւս այդ ուղղությամբ աշխատանքներ չկատարվեցին եւ քննարկումներ չեղան: Վրաստանում եւս լուրջ պատճառներ կային` նույն ճգնաժամը եւ 2008 թվականի օգոստոսյան դեպքերը: Սակայն Վրաստանը որոշակի քայլեր կատարեց` բարեփոխեց ողջ պետական ապարատը եւ հիմնադրեց նոր փոխհարաբերություններ, բոլոր բնագավառներում վերացրեց նախկին բյուրոկրատական ապարատը, զգալի փոփոխություններ կատարեց կառավարման համակարգում, փոխեց տնտեսական բլոկի օրենսդրությունը եւ հայտարարեց տնտեսությունը «բաց» ներդրումների համար: Արդյունքում` երկիրը դարձավ ավելի գրավիչ ներդրումների տեսակետից, եւ նույնիսկ հայկական բիզնեսը ներդրումներ կատարեց Վրաստանում: Սակայն Վրաստանից Հայաստան ներդրումներ դեռեւս չկան: Չկան նաեւ համատեղ տարածաշրջանային ներդրումներ: 2007 թվականին ընտրված Ազգային ժողովը, որը շուտով ավարտում է իր առաքելությունը, այն ժամանակ նախաձեռնություն չցուցաբերեց եւ ձեռնամուխ չեղավ նշված խնդիրների լուծմանը: Հուսանք, գալիք ԱԺ-ն կսկսի աշխատանքներն այս ուղղությամբ եւ կստիպի կառավարությանը նույնպես նույն խնդիրների ուղղությամբ աշխատել: Հաշվի առնելով, որ տարածաշրջանում նկատվում են հստակ միտումներ` այլ երկրների միջեւ ինտեգրացման խորացման ուղղությամբ, անհրաժեշտ է շտապել: Հակառակ դեպքում Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանային համագործակցության ամենալուրջ գործընթացներից: 2007 թվականից հետո` տնտեսական բոլոր վայրիվերումներով հանդերձ, միջտնտեսական հարաբերություններում, ընդհանուր առմամբ, պատկերը նույնն է:
Տնտեսական զարգացման եւ առաջընթացի համար մեծ խթան կհանդիսանա այն իրավիճակը, երբ Հայաստանը եւ Վրաստանը ներկայացնեն մեկ ներդրումային եւ առեւտրային դաշտ: Դա հնարավոր է միայն մեկ դեպքում` եթե երկու երկրներում էլ կառավարման համակարգը, օրենսդրությունը եւ, ընդհանրապես, խաղի կանոնները ներդրումի տեսակետից լինեն նույն տիպի գրավիչ: Իսկ թե ինչու` անպայման Հայաստանը եւ Վրաստանը, կարծում եմ, պարզ է: Այս պահին Հայաստանը միայն Վրաստանի հետ կարող է նման համագործակցության գնալ: Բնական հարց է առաջանում` արդյո՞ք Վրաստանն ուզում է դա, թե՞ ոչ: Վստահաբար կարող եմ ասել` այո: Նախ, երբ այս հարցերը քննարկվում էին, ոչ ոք դեմ չէր: Իսկ ընդհանրապես, այսպիսի հարաբերությունները ուզելով կամ չուզելով չեն ձեւավորվում: Երբ հայաստանյան բիզնեսը ներդրումներ էր անում Վրաստանում, դա նրանից չէր, որ մենք ուզում էինք, այլ նրանից, որ Վրաստանը դարձել էր ներդրումների տեսակետից ավելի գրավիչ: Այնպես որ, հարցերի լուծումն ավելի շատ մեզանից է կախված: Եթե կարողանանք ամեն ինչ կարգի բերել, երկիրը դարձնել ներդրումների համար բաց եւ գրավիչ, ապա մնացած ամեն ինչ կստացվի բնականոն ձեւով:
Համոզված եմ, որ տարածաշրջանում որեւէ երկիր առանձին թռիչքային զարգացում ունենալ չի կարող: Դա հնարավոր է միայն վերը նշված տիպի համագործակցության արդյունքում: Իսկ հարաբերությունների այսպիսի մոդելի դեպքում, ակնհայտ է, որ վերանում են բոլոր խոսակցությունները միակողմանի կախվածության մասին: Եթե առկա է նման համագործակցություն, ապա որքան մենք ենք Վրաստանից կախված, այնքան էլ` Վրաստանն է մեզանից կախված:
Հայ-վրացական հարաբերություններում Ջավախքի գործոնի մասին կխոսենք առաջիկայում:
Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Ջավախք» հիմնադրամի նախագահ