Հրաժարվում են հիվանդ երեխաներից

03/03/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նախորդ շաբաթ կրկին հայտարարեց, որ հնարավորինս խստացվելու է երեխաներին մանկատուն հանձնելու կարգը:

Սա ենթադրում է, որ որդեգրվել է երեխային ընտանիքում մեծացնելու ռազմավարությունը` աստիճանաբար մանկատները փոխարինելով ցերեկային խնամքի հաստատություններով: Սոցիալական այս քաղաքականությունը միտված է ինչպես մանկատները բեռնաթափելու, այնպես էլ` ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների համար որդեգրման ճանապարհով նոր ընտանիքներում ապահովություն գտնելու գործողություններին: Թեեւ Սոցապ նախարար Արթուր Գրիգորյանը պարբերաբար հայտարարում է մանկատներ երեխա հանձնելու կարգը խստացնելու մասին, այդուհանդերձ, իր ելույթներում նա չի հստակեցնում այն մեխանիզմները, ըստ որոնց` ծնողական խնամքից դուրս մնացած երեխաներին այլընտրանք է առաջարկվելու:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հետ զրույցի ընթացքում մենք փորձեցինք որոշակի պարզաբանումներ ստանալ, թե նախարարի կողմից պարբերաբար հնչեցված նույնաբովանդակ հայտարարություններից հետո ոլորտում արդյո՞ք եղել են բարեփոխումներ: «Այն քաղաքականությունը, որի մասին նշում է նախարարը` իրականացնում է, եւ դա կարող եմ ներկայացնել կոնկրետ տվյալներով»,- ասում է Լ. Ղազարյանը` հավելելով, որ 2007-2011թթ. մանկատներում գտնվող երեխաների թիվը կտրուկ պակասել է: Եթե 2007թ. մանկատներում ընդհանուր առմամբ խնամվել է 935 երեխա, իսկ 2008 թ.` 866, 2009թ.` 835, 2010թ.` 816, 2011թ.` 770 երեխա, ապա այսօրվա դրությամբ` մանկատներում խնամվում է 750 երեխա: Տարեցտարի կրճատվող երեխաների թիվն ունի մի քանի հիմնավոր պատճառ: Երեխային մանկատուն հանձնելու հստակ չափորոշիչներ կան, որոնք առաջիկայում կենթարկվեն փոփոխությունների: Մանկատանը խնամվող երեխաների թվի կրճատումը, ըստ Լ. Ղազարյանի` պայմանավորված է նաեւ այլընտրանքային ծառայությունների ստեղծմամբ: Օրինակ` գիշերօթիկ խնամքի հաստատությունների ստեղծումը հանդիսանում է այլընտրանքային ծառայություն` մանկատների ընդունելության կանխարգելման համար: «Երեխաները հիմնականում մանկատներում են հայտնվում սոցիալական որբության պատճառով: Սոցիալական որբության պատճառով երեխային մանկատուն հանձնելու քայլը բավականին գերակշիռ մաս է կազմել այս ոլորտում, հետեւաբար` այդ տեսակի որբությունը կանխելու համար ստեղծվել է նման ծառայությունների մոդելը: Այն երեխան, որի ընտանիքն ունի լուրջ սոցիալական պատկեր եւ սոցիալական դրդապատճառներով չի կարողանում երեխայի խնամքը կազմակերպել` այդ ծառայությունը կազմակերպում է խնամքի հաստատությունը»,- վստահեցնում է Լ. Ղազարյանն` ավելացնելով, որ այդ ծառայությունների ներդրմանը հաջորդել է մանկատների բեռնաթափումը: Ընդ որում, նման կենտրոններ են ընդունվում տարբեր խնդիրների «փունջ» ունեցող ընտանիքների երեխաներ: Ներկայումս մանկատներում խնամվող 750 երեխաներից 520-ն ունեն առողջության հետ կապված խնդիրներ, որոնցից 450-ն ունեն ֆիզիկական եւ մտավոր զուգակցված արատներ: ՀՀ սոցապ նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների վարչության պետի խոսքով` երեխային մանկատուն հանձնելու պատճառներից մեկն էլ երեխայի հիվանդությունն է. «Այո՛, ծնողները հիվանդության պատճառով հրաժարվում են երեխաներից, որովհետեւ չեն ցանկանում հիվանդ երեխա պահել: Ի դեպ, սա այն ոլորտն է, որ յուրաքանչյուր խնդիր ունի բազմաթիվ պատճառներ, նրբերանգներ եւ, իհարկե, հիվանդությունը գլոբալ իմաստով չպետք է պատճառ հանդիսանա, որ ծնողը հրաժարվի երեխայից, բայցգ Կան բազմաթիվ խնդիրներ, սոցիալական վիճակ, հաշմանդամության նկատմամբ վերաբերմունք, ընտանիքում հաշմանդամ երեխայի առկայությունը մյուս` ոչ հաշմանդամ երեխայի ճակատագրի վրա անդրադառնալու խնդիրը»: Այդուհանդերձ, նա փաստում է, որ խնամքի հաստատություններում արձանագրվել է առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների աճ: «Հրաժարվում են հիվանդ երեխային խնամելուց: Հենց հիմա մենք «Սուրբ Աստվածամայր» ծննդատնից ստացել ենք դաուն ախտանիշով ծնված երեխա, որի ծնողները հրաժարվել են նրանից, քանի որ հիվանդությամբ է ծնվել»,- ասում է Լ. Ղազարյանը:

Ինչ վերաբերում է երեխային մանկատուն հանձնելու կարգի խստացմանը, ապա այն իրականացվելու է իրավական ճանապարհով` Ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխություններով: Ընտանեկան օրենսգրքի համապատասխան հոդվածների փոփոխությունների համաձայն` այն ծնողները, ովքեր երեխաներին մանկատուն հանձնելուց հետո տարիներ շարունակ չեն այցելում, չեն զբաղվում նրանց դաստիարակությամբ, խնամքով` մեկ տարվա իրավիճակային վերլուծությունից հետո զրկվելու են ծնողական իրավունքից, եւ երեխան հանձնվելու է որդեգրության: Այսինքն` քաղաքականությունն ու մշակվող մեխանիզմների միտումները երեխայի համար ապահով ընտանիք գտնելն է: Տիկին Ղազարյանը հավատացնում է, որ մանկատներում ներկայումս բազմաթիվ երեխաներ կան, որոնք կարգավիճակի հստակեցման պատճառով, զրկվել են թե՛ ծնողական խնամքից, թե՛ որդեգրման ճանապարհով նոր ընտանիք գտնելու հնարավորությունից: «Գավառի մանկատանը մի դեպք ունենք. Երեխան գտնվում էր խնամակալի մոտ, եւ խնամակալը պատրաստվում էր երեխային որդեգրել: Հայտնվեց ծնողը եւ սկսեց խնամակալի հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերել: Երեխայի հետ կապ հաստատեց, որից հետո մոր նկատմամբ հուզական էմոցիոնալ կապը վերականգնվեց երեխայի մոտ: Խնամակալները, հասկանալով խնդիրը, երեխային կրկին տարան մանկատուն, որից հետո արդեն անցել է մեկուկես տարի, բայց մայրը ոչ մի անգամ չի այցելել երեխային: Մինչդեռ խնամակալը մեկ տարուց ավելի երեխային խնամել էր, կապվել էր նրա հետ եւ ցանկանում էր որդեգրել»,- պատմում է Լ. Ղազարյանն` ավելացնելով, որ Ընտանեկան օրենսգրքի փոփոխություններից հետո արդեն դատական կարգով նման ծնողը կզրկվի ծնողական իրավունքից, եւ երեխան կհանձնվի որդեգրման: Այլ կերպ ասած` այսուհետ առավել խիստ է լինելու երեխային լքած եւ հետագայում էլ` նրան անտարբերության մատնած ծնողի հանդեպ մոտեցումը: Ինչեւէ, մանկատները բեռնաթափելու ծրագրի իրականացման արդյունքում փակվել է «Թռչունյան տուն» բարեգործական մանկատունը, որը վերակազմակերպվել է որպես գիշերային խնամքի հաստատություն: Բացի դա` փակվել է նաեւ «Նանսենի» անվան մանկատունը, որը դարձյալ վերակազմակերպվել է որպես խնամքի հաստատություն: Նշենք, որ «Զատիկ» մանկատանն այլեւս օրենքով արգելված է մանկատան երեխայի ընդունելությունը, եւ այս հաստատությունը ներկայումս, համաձայն իր կանոնադրության, իրականացնում է ցերեկային կենտրոնի համար անհրաժեշտ խնամքի ծառայություններ: «Կարծում եմ` դա համակարգի լուրջ հաջողություններից է, որ մենք կարողացանք այս երկու տարում` երեք հաստատություններ, որոնք ծառայում էին որպես մանկատներ, դարձնել խնամքի կենտրոններ: Այսինքն` պետությունն այլեւս կրճատում է մանկատների թիվը` համարելով, որ հիմա մեզ անհրաժեշտ են խնամքի այլընտրանքային` ցերեկային կենտրոններ, մասնագիտացված երեխաների խնամքի համար անհրաժեշտ ծառայություններ, եւ այլն»,- ասում է Լ. Ղազարյանը: Մի խոսքով` այն ծնողները, ովքեր երեխաներին մանկատուն էին հանձնում` ելնելով սոցիալական վատ պայմաններից, այսուհետ չեն գնա այդ ծայրահեղ քայլին, քանի որ պետական աջակցություն երեխաները կստանան խնամքի հաստատություններում, բայց կապրեն իրենց ընտանիքներում: Ընդ որում` ցերեկային կենտրոնի խնդիրը ոչ միայն երեխայի, այլ նաեւ` ընտանիքի հետ աշխատանքն է: Այնուամենայնիվ, մանկատների բեռնաթափման կամ մանկատան ընդունելության կարգի խստացման այս քաղաքականությունը, շատերի կարծիքով, այլ նպատակ է հետապնդում: Բանն այն է, որ պետությունն առայսօր չի կարողանում մանկատան շրջանավարտների բնակարանների խնդիրը լուծել: Հիշեցնենք, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկատան խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն առայսօր լիարժեք չի իրականացվել: Այսինքն` մանկատների բեռնաթափումն ինչ-որ տեղ պետությանն ազատում է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու մեծ ծախսերից. «Այն, որ մարդը եղել է մանկատան շրջանավարտ` արդեն նա պաշտպանված է օրենքով: Ճիշտ է` մանկատան շրջանավարտ չի լինի, բայց կհաշվառվի` որպես բնակարանի կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած երեխա, եւ կստանա համապատասխան աջակցություն»: