Բուժիչ նամակներ

03/03/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ոսկե մումիո

Ավիցենան գրել է. «Մումիոն սրում է զգացմունքը, ամրացնում ստամոքսը, հեշտացնում է շնչառությունը, եւ հանդիսանում առավել կատարյալ բազմատարր դեղամիջոց»։ Մումիոն օրգանական եւ անօրգանական բարդ միացություն է, որը առաջանում է բարձր լեռնային գոտու ժայռերի ճեղքերում, մեծ ու փոքր անձավներում։ Հնում այն մաքրել են ոչխարի ներքին յուղով 42 C ջերմաստիճանի տակ։ Դեղատներում վաճառվող մումիոն ստացվում է այլ պայմաններում։ «Ոսկե մումիո» հաբերը հեշտ են լուծվում ջրի մեջ եւ փափկում ձեռքի ափին դնելիս։ Արտադրողը նշում է, որ այն.

– Արագացնում է հյուսվածքների վերարտադրումը կոտրվածքների, այրվածքի, մաշկային եւ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում:

– Կարգավորում է կալցիումի փոխանակումը:

– Բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

– Նաեւ, ոչ միայն մանրակրկիտ զտված է խառնուրդներից, այլեւ պահպանված են կենսաբանորեն օգտակար նյութերը։

Բ.Մ. Խազգերիեւը երկար տարիներ աշխատել է «Մումիո» գիտահետազոտական հիմնարկում, մթերել եւ ուսումնասիրել այս էկոլոգիապես մաքուր նյութի քիմիական եւ բուժիչ հատկությունները։ Բուժիչ չափաբաժինը կախված է բուժողի քաշից` մինչեւ 70 կգ- 0,2գ, մինչեւ 80կգ- 0,3գ, մինչեւ 90 կգ- 0,4գ։

Մումիոն, ըստ Խազգերիեւի, խորհուրդ է տրվում հիպերտոնիայի, ինֆարկտի, ինսուլտի, տրոմբոֆլեբիտի, թութքի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, հեպատիտի, թոքախտի, ռադիկուլիտի, այլ ինֆեկցիոն-բորբոքային կանացի հիվանդությունների դեպքում։ Հատկապես նշում է, որ մումիոն բուժում է անպտղությունը։ Տղամարդիկ առաջին ամիսը պետք է խմեն օրը երկու անգամ, հինգ օր ընդմիջեն եւ շարունակեն եւս երկու ամիս` 10 օր խմեն, հինգ օր ընդմիջեն։ Կանանց խորհուրդ է տրվում նույնպես ընդունել օրը երկու անգամ, սակայն ներլվացման միջոցով։ Մումիոն պետք է լուծել զտված ջրում, լավագույնը կրեմնիումով ակտիվացված ջուրն է։ Կարծում ենք, որ նման բուժումը պետք է դիտել որպես օժանդակ, եւ ենթադրում է ոչ արտադրական պայմաններում ստացված մումիոն։

Իր հաղորդագրություններից մեկում Խազգերիեւը գրում է, որ իր մոր մոտ հայտնաբերվել է արգանդի քաղցկեղ, ուռուցքաբանները մի շարք այլ բուժումների հետ միասին նրան առաջարկել են օրը 3 անգամ խմել մումիո 0,2 գրամ չափաբաժնով, իսկ ճառագայթման գործողությունից կես ժամ առաջ` 1 գրամ։ Որոշ ժամանակ անց մայրը նկատել է (ի տարբերություն մյուս հիվանդների, ովքեր մումիո չեն օգտագործել), որ 4 ժամ հետո արդեն կարողացել է նստել եւ սնվել։ Բուժման կուրսը ավարտելուց հետո կինը եւս 6 ամիս հնգական օր` 10 օր ընդմիջումներով, շարունակել է խմել մումիո 0,2 գրամ` օրը 1 անգամ։ Բուժումից հետո ապրել է 34 տարի։

Մումիոն կիրառվում է նաեւ միգրենի, ընկնավորության, պարալիչի, բրոնխների ասթմայի, կակազության, երիկամաբորբի, միզապարկի հիվանդությունների դեպքում։

Կարեւոր է իմանալ`

– Չափաբաժնի պահպանման դեպքում չունի հակացուցումներ, բացի անհատական անընկալունակությունից։

– Խորհուրդ չի տրվում շատ բարձր ճնշման, արտահայտված արյունահոսությունների (արգանդ, քիթ, աղիներ) դեպքում։

– Հակացուցված է հղիներին, կերակրող մայրերին, մինչեւ 14 տարեկան երեխաներին։

– Բուժման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգ, հակացուցված են ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը։

– Մումիոն չի կարելի լուծել բարձր ջերմություն ունեցող հեղուկում։

Դեղատոմսեր

Կրծքագեղձի բորբոքում. Խմեք 0,2-ական գրամ մումիո, օրը 2 անգամ, 50 մլ կաթի հետ` առավոտյան եւ երեկոյան, շարունակեք 20 օր։

Դիմային նյարդի բորբոքում – Հիվանդ հատվածին ներմերսեք 10 տոկոսանոց մումիոյի լուծույթ, դրեք թրջոց 5 րոպե տեւողությամբ, տաք պահեք։ Միաժամանակ խմեք (օրը 1-2 անգամ) 0,2գ մումիո կաթի եւ մեղրի հետ։

Դիմադրողականությունը բարձրացնող. Առնվազն երեք տարեկան հալվեից (ալոէն 5 օր չջրեք) կտրեք 400գ տերեւ, աղացեք, մզեք հյութը, լուծեք 1 գ մումիո, ավելացրեք 700 մլ մինչեւ 37 C աստիճան գոլացրած (խաղողի) գինի եւ 700գ մեղր, 7 օր թրմեք հով, մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 1 շաբաթ։ Երկրորդ ամիսը խմեք 1-ական ճ/գ։

Կամ`

5 գրամ մումիո լուծեք 150 մլ հալվեի հյութի մեջ, խմեք մեկական թ/գ, օրը 2 անգամ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք եւս 2 շաբաթից։ Ընդմիջման ժամանակ խմեք 20-ական կաթիլ ակնամոմի 10 տոկոսանոց ոգեթուրմ, օրը 3 անգամ։ Տարվա մեջ կարելի է կրկնել 3-4 անգամ։

Շաքարային դիաբետ` ոչ ինսուլինային կախվածությամբ. 0,2 մգ մումիո լուծեք 150 մլ ջրում, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Կոտրվածք. 0,2 գ մումիո լուծեք 200 մլ ջրում, ավելացրեք 1 թ/գ մեղր։ Խմեք 100 մլ` օրը 2 անգամ։

Երիկամների, միզապարկի բորբոքում. 7գ մումիո լուծեք 100 մլ զտված ջրում, խմեք 30-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ 8-րդ օրից չափաբաժինը հասցրեք 1-1,5 թ/գ-ի, կրկին օրը 3 անգամ, շարունակեք 12 օր։

Սուր ցիստիտ. Լուծեք 0,2գ մումիո 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Քրոնիկ ցիստիտ. 1 գ մումիո լուծեք 400 մլ տաք ջրում։ Կատարեք ներլվացում։

Հոդացավ. 0,4-0,6 գ մումիո լուծեք 100գ հեղուկ մեղրում։ Քսեք հոդերին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, վրայից տեղադրեք բամբակ եւ կապեք շալով, քնեք։ Առավոտյան մաշկը լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով։ Նախաճաշից 1 ժամ առաջ խմեք 0,2գ մումիո։ Շարունակեք 10 օր, 5 օր ընդմիջումից հետո կրկնեք 2-3 անգամ։ Հաջորդ կուրսը կարելի է կատարել 6 ամսից ոչ շուտ։

Արթրիտ. 1 ձվի դեղնուցը հարեք մեղրի հետ այնպես, որ ստացվի սպիտակ զանգված, ավելացրեք 0,2գ մումիո, կերեք նախաճաշից 1 ժամ առաջ։ Շարունակեք 3 ամիս, 5-ական օր ընդմիջումներով։

Օստեոպորոզ. Խմեք 0,2-ական գ մումիո առավոտյան եւ երեկոյան սնվելու ընթացքում։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 5 օր։ Կրկնեք 2-3 անգամ։

Ստենոկարդիա. 0,2գ մումիո (1հաբ) դրեք լեզվի տակ մի փոքր մեղրի հետ, մինչեւ լուծվի։