Սահմանը խզված է

28/02/2012

ՄԱԿ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիր ունի, որը չլուծելու դեպքում հետագայում ավելի ծանր վիճակում կհայտնվենք: Մեր թղթակցի հարցին` եթե թոշակառուն ողջ ամսվա ապրելու համար ստանում է 19.000 դրամ կենսաթոշակ, իսկ պաշտոնապես ամրագրված սպառողական զամբյուղն ավելին է կազմում` չե՞ք կարծում, որ ՀՀ կառավարությունը թոշակառուին զրկում է ապրելու իր իրավունքից` այդկերպ նպաստելով նաեւ արտագաղթին, Գ. Հայրապետյանը պատասխանել է. «Բայց եթե պետությունն ի վիճակի է տրամադրել այդքան գումարի կենսաթոշակ, ապա ինչքանո՞վ է պետությունը երկրի քաղաքացիների շահերին հակառակ գնում: Դա հատուկ իր քաղաքացուն կյանքի իրավունքից զրկելու համար չի անում: Որտե՞ղ են սկսվում իրավունքները, եւ որտե՞ղ են վերջանում հնարավորությունները` այս սահմանը շատ անկայուն է: Սահմանադրությամբ ամրագրված է, որ մարդն ունի ապրելու իրավունք, բայց Սահմանադրությունը չի ասում, որ պետությունը պետք է չեղած տեղից ստեղծի այդ իրավունքը: Այո, պետք է երաշխավոր լինի եւ չեղած տեղից այդ 19.000-ը տրամադրի: Այնպես որ` հնարավորությունների եւ իրավունքների սահմանը խզված է, եւ դժվար է խոսել խախտումների մասին»: