«Մենք մշակում ենք ճյուղային արդյունաբերական քաղաքականություն եւ բացահայտել ենք 11 առաջնահերթություններ, որտեղ ունենք արտահանման մեծ պոտենցիալ: Եվ կարեւոր է, որ հանքահումքայինը ներառված չէ այդ շարքում: Առաջին հերթին` դա ճշգրիտ ճարտարագիտությունն է, հաստոցաշինությունը, որը մեծ ներուժ ունի, եւ այդտեղ մենք լուրջ ներդրումներ ենք կատարում: Երկրորդ ոլորտը դեղագործությունն է, եւ այն ներդրումները, որոնք կատարվել են այդ ոլորտում, մի կողմից` ստեղծում են նոր աշխատատեղեր, մյուս կողմից` միտված են դեպի արտահանում: Նաեւ սննդի արդյունաբերության, կոնյակագործության, խաղողագործության ոլորտներում մշակվում են արտահանմանն ուղղված ծրագրեր»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից անընդհատ բարձրաձայնվող արտահանման թեմային: 5 տարի հետո այս նախընտրական օրերին, երբ ՀՀԿ-ն նորից շրջի մարզերով եւ նոր ծրագիր ու խոստումներ ներկայացնի, այս ծրագրերն իրականացվա՞ծ կլինեն: «Կյանքն, իհարկե, միշտ իր ճշգրտումները մտցնում է բոլոր ծրագրերի մեջ` պայմանավորված արտաքին եւ ներքին գործոններով: Հիմա դժվար է կանխատեսել, թե այս 5 տարիներին տարածաշրջանում ինչ իրադարձություններ կարող են զարգանալ, աշխարհում ճգնաժամն ինչ ուղիով է գնալու, եւ նրա բացասական ազդեցություններն ինչպիսին կարող են լինել: Կամ միգուցե համաշխարհային տնտեսությունը դուրս կգա ճգնաժամից, եւ մեզ համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ, եւ մեր տնտեսական աճի ցուցանիշները կլինեն ավելի բարվոք, քան մենք ծրագրավորում ենք»,- ասել է Տ.Սարգսյանը: