– Նախարարների եւ ՀՀԿ անդամ պատգամավորների հետ Ձեր այցերը տարբեր մարզեր, հանդիպումները ՀՀԿ տարածքային կառույցների եւ ընդհանրապես մարդկանց հետ, նախընտրական քարոզարշավի տպավորություն է թողնում: Արդյո՞ք դրանք պաշտոնապես սահմանված ժամկետից շուտ նախընտրական PR ակցիաներ չեն:
– ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է եւ պարտավոր է իր շարքերի հետ քննարկել անցած 5 տարիների արդյունքները, միեւնույն ժամանակ, այն առաջնահերթությունները, որոնք անպայման պետք է ներառվեն նախընտրական ծրագրում: Ժողովրդավարական կանոն է, որ կուսակցությունն իր ծրագիրը մշակելիս անպայման պետք է հաշվի առնի շարքերի առաջարկությունները, դիտողությունները, որովհետեւ այդ շփումները հնարավորություն են տալիս բացահայտել մեր ուժեղ եւ թույլ կողմերը: Պետք է արձանագրենք, որ մեր այս հանդիպումները վերածվեցին ոչ միայն կուսակցական, այլ նաեւ ժողովրդային քննարկումների, որովհետեւ մարզերում դրանց մասնակցում էին նաեւ հասարակական գործիչներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես ուզում էին իրենց առաջարկները ներկայացնել մեր աշխատանքային խմբին: Այնպես որ, դա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե որոնք պետք է լինեն մեր առաջնահերթությունները, որոնք են այն հարցերը, որ մտահոգում են մեր կուսակցության շարքերին եւ մեր քաղաքացիներին:
– Որո՞նք են այդ հարցերը:
– Առաջին տեղում մեր երկրում խաղաղություն, անվտանգություն ապահովելու խնդիրն է, որը բոլորը կարեւորում են: Երկրորդն աշխատատեղերի ստեղծումն է, որը բոլոր մարզերում համարվում է գերակա խնդիր, երրորդը գյուղատնտեսությունն է, որովհետեւ 340.000 ընտանիք այսօր ՀՀ-ում զբաղվում են գյուղատնտեսությամբ, եւ համայնքներում գյուղացու կյանքը բավական բարդ է ու դժվար: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսությունը գտնվել եւ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հաջորդը սոցիալական ոլորտն է. մեր սոցիալական ծրագրերը պետք է լինեն առավել արդյունավետ, նաեւ առողջապահություն, կրթություն: Սրանք հիմնական խնդիրներն են, բայց կան եւս 18 մտահոգիչ այլ ոլորտներ:
– Իսկ նկատե՞լ եք որեւէ ոլորտ, որն այսպես առաջնահերթ չէ, եւ որտեղ մեծ խնդիրներ չկան: Այսինքն` իշխանություններին ի վերջո հաջողվել է ինչ-որ բանի հասնել:
– Ես նշեցի այն ոլորտները, որոնք մշտապես հնչում են առաջարկությունների, դիտողությունների մեջ: Ենթակառուցվածքներ, գյուղական ճանապարհների կառուցում, մանկապարտեզների, դպրոցների վերանորոգում: Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռեւս չեն հնչել, բայց մենք նաեւ հարցաթերթիկ ենք բաժանում մեր կուսակցության ներկայացուցիչներին` խնդրելով, որ 22-24 հարցերի շուրջ իրենց կարծիքները ներկայացնեն, որ մեր ծրագիրը լինի համապարփակ:
– Այս այցերի ժամանակ հավանաբար մարզպետների, քաղաքապետերի եւ ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարների հետ քննարկում եք նախընտրական հարցեր: Դրանք վերաբերում են ՀՀԿ նախընտրական շտաբին, որի ղեկավարը պետք է լինի Հովիկ Աբրահամյանը: Արդյո՞ք Ձեր նման այցերը հակասություն չեն ստեղծի ՀՀԿ վերնախավում:
– Ոչ, բոլոր այդ հարցերը քննարկվում են ՀՀԿ ԳՄ նիստերում, եւ որեւիցե հակասություն չի ստեղծվում:
– Ճի՞շտ են տեղեկությունները, որ Դուք ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն եք լինելու: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կամ ԳՄ-ում հավանաբար արդեն քննարկվում է այդ ցուցակը, ի՞նչ փոփոխություններ կան այս անգամ:
– ԳՄ-ն դեռ չի քննարկել ցուցակների խնդիրը, պետք է սպասել, մինչեւ մեր կուսակցությունը կքննարկի այդ հարցը: Դեռ չենք քննարկել ոչ նախագահի հետ, ոչ էլ գործադիրում:
– ՀՀԿ-ում վարչապետի շատ հավակնորդներ կան, վերջերս նույնիսկ Գալուստ Սահակյանը չհերքեց իր այդ հավակնությունները: Եթե ընտրություններում ՀՀԿ-ին հաջողվի նորից մեծամասնություն ապահովել, Դո՞ւք եք շարունակելու վարչապետ լինել, ի՞նչ քննարկումներ կան այդ առումով:
– Այս փուլում պետք է մեր ուժերը կենտրոնացնենք ազնիվ, արդար ընտրություններ անցկացնելու վրա: Միեւնույն ժամանակ պետք է մեր ժողովրդին ներկայացնենք եւ մեր հաշվետվությունը, եւ մեր ծրագրերը, որպեսզի վայելենք ժողովրդի վստահությունը ապագա 5 տարիներին` ամրապնդելով մեր կուսակցության դիրքերը: Եթե մեզ հաջողվի այս խնդիրը լուծել, դրանով էլ պայմանավորված կլինի, թե ինչպիսին կլինի մեր կառավարությունը:
– Ինչո՞ւ պիտի գարնանը մարդիկ իրենց ձայնը տան ՀՀԿ-ին, երբ այդ կուսակցությունն իր ծրագրային հիմնական դրույթները չի կատարել` աշխատավարձերի, կենսաթոշակների, ՀՆԱ-ի կրկնակի աճ եւ այլ խոստումները: Հավանաբար, մարզերի բնակիչները չգիտեն, որ ՀՀԿ-ի ծրագրում նման կետեր են եղել, սակայն 5 տարի առաջ նրանց ՀՀԿ-ն լավ ապրելու խոստում է տվել, բայց արդյունքում գրանցվել է աղքատության աճ: Իսկ ՀՀ իշխանությունները նույնիսկ բյուջետային վճարումները կատարելու համար վարկեր են վերցնում:
– Ոչ միայն ՀՀԿ, այլ նաեւ կառավարության ծրագրերում եղել են բազմաթիվ դրույթներ, նպատակներ: Եվ մեր ընտրողները, հասարակությունը, վերլուծական կենտրոնները, բնականաբար, ուշադիր հետեւում են մեր ծրագրերին եւ բացահայտում են ուժեղ ու թույլ կողմերը: Մեր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եղել ենք ազնիվ եւ մեր կուսակիցների, եւ մեր ժողովրդի հետ: Եթե ունեցել ենք բացթողումներ ու թերություններ, դրանց մասին խոսել ենք: Եվ հասկանալի է, այս 5 տարիներին դրսեւորված մարտահրավերներն իրենց ազդեցությունը թողեցին մեր ծրագրերի կատարողականի վրա:
– Անցած տարեվերջին հայտարարեցիք, թե 2012թ. բյուջեի եկամտային մասը 2011թ. բյուջեի եկամտային մասի համեմատ 101 մլրդ դրամով ավելի է լինելու: 2011թ. բյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 877 մլրդ դրամ, 2012թ. համար հաստատվել է 938 մլրդ դրամ: Այսինքն` 101 մլրդ-ի փոխարեն ընդամենը 61 մլրդ դրամո՞վ է ավելացել, որից մոտ 50 մլրդ-ը ապահովվելու է բյուջեով կանխատեսված 4-5,5 տոկոս գնաճի հաշվին:
– Այն ցուցանիշները, որոնց մասին խոսում ենք, պետական բյուջեում արտացոլված է ճշգրիտ ձեւով, եւ ԱԺ-ի կողմից էլ հաստատված է: Այնպես որ, կարող եք պարզապես ծանոթանալ ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեի ցուցանիշների հետ, որովհետեւ մանրակրկիտ նշված են ըստ եկամուտների, թե ինչ ծավալի եկամուտներ ենք հավաքագրելու:
– Դուք հայտարարել եք, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են նորանկախ ՀՀ-ի ամենաարդար ընտրությունները: Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե ՀՀԿ-ն, ավելի կատարելագործված եւ անաղմուկ, բայց համատարած ընտրակեղծիքների արդյունքում է հաղթել: Այդ նույն մոդե՞լն է լինելու խորհրդարանական ընտրությունների հիմքում:
– Նախ` Հրազդանի ընտրությունների մասին. գործող քաղաքապետը հաղթել է ուժգին քաղաքական պայքարի ընթացքում, այդ մասին խոսել են անգամ տեղում դիտորդական առաքելություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչները: Ընդգծում եմ, մենք փուլ առ փուլ շարժվում ենք առաջ, ՀՀ-ում ստեղծվում է քաղաքացիական հասարակություն, ինչն արձանագրում է անգամ ընդդիմությունը: Հիշո՞ւմ եք, ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ հաստատեց այդ փաստը: Իսկ քաղաքացիական հասարակությունը դա այն երաշխիքն է, որ ընտրությունները պետք է լինեն ազնիվ եւ արդար, որովհետեւ մեր հասարակությունը չի հանդուրժի կեղծված ընտրություններ: Դա գիտակցում են բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին` իշխող կուսակցությունը: Եվ ես մեկ անգամ եւս հավաստիացնում եմ ձեզ, որ սա լինելու է մեր նորանկախ պետության պատմության մեջ ամենաարդար եւ ազնիվ ընտրությունները:
– ԱԺ-ում ՀՀԿ-ն 50-ից ավելի տոկոս ունի, իսկ փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններում ընդհանուր առմամբ ՀՀԿ-ն մոտ 90 տոկոսով հաղթանակ տարավ: Արդյոք մի կուսակցությունն ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում կարո՞ղ է նման ցուցանիշ ապահովել: Եվ արդյո՞ք այդ ցուցանիշն արտացոլում է ՀՀ հասարակության տրամադրությունները:
– Քաղաքական պայքարում ցանկացած կուսակցություն փորձում է իր դիրքերն ամրապնդել, եւ ՀՀԿ-ն էլ, բնականաբար, նույն տրամաբանությամբ է գործում: Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում այն առումով, որ մեզ հաջողվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ամրապնդել մեր դիրքերը: Դա արտահայտում է ինչպես մեր երկրի սոցիալ-տնտեսական բնագավառում եղած իրողությունները, այնպես էլ մեր բնակչության սպասումները: Կարծում եմ, որ սա է գոյություն ունեցող իրողությունը:
– 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակիցները, ի թիվս այլ հիմնավորումների, ներկայացնում են այն պատկերը, որ 2007թ. ընտրողները ՀՀԿ-ին տվել են 34 տոկոս ձայն, բայց խորհրդարանում այն ունեցավ ավելի քան 50 տոկոս: Մնացած մասը ՀՀԿ-ն լրացրել է մեծամասնականով ընտրված պատգամավորների հաշվին:
– Այդ մեկնաբանությունները կարելի է տալ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով` ինչպիսին է կոնկրետ իրավիճակը, եւ որ քաղաքական ուժին է ձեռնտու այդ նորմերի առկայությունը: Չի կարելի ընտրական տրամաբանությունը հիմնավորել ընթացիկ քաղաքական փաստարկներով: Ընթացիկ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, իսկ ընտրական համակարգը պետք է ապահովի մեր երկրում ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների վերարտադրման կայուն մեխանիզմներ: Միշտ էլ կան հակափաստարկներ, թե ինչու չի կարելի 100 տոկոս մեծամասնական կամ համամասնական ընտրակարգ ունենալ:
– Մեծամասնական ընտրակարգին դեմ արտահայտվողները պնդում են նաեւ, որ առաջադրվողները հիմնականում օլիգարխներ են, ովքեր ընտրակաշառքով եւ այլ կեղծիքներով ապահովում են թե իրենց, թե կուսակցությունների վերընտրությունը:
– Դրա համար էլ մենք ընդունում ենք բազմաթիվ օրենքներ, որոնք թույլ չեն տալիս պատգամավորներին կամ նախարարներին պաշտոնական դիրքն օգտագործել իրենց բիզնեսն առաջ տանելու համար: Եվ այդ մեխանիզմները ուժեղացնելու եւ լրջագույն հրապարակային մեխանիզմներ ստեղծելու դեպքում գործարարին բացարձակապես ձեռնտու չի լինի դառնալ պատգամավոր, որովհետեւ իրականում կբարձրանա նրա ոչ թե հնարավորությունը, այլ պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը: Մենք նման օրենսդրական նախաձեռնություններով հանդես ենք եկել եւ հանդես ենք գալու: Այնպես որ, քաղաքական դաշտում հաճախ եղած գայթակղությունը, թե պաշտոնը կամ պատգամավոր լինելը նպաստում է անձնական խնդիրների լուծմանը, ժամանակի ընթացքում փոխվում եւ դառնում է հակառակը. նման դիրքն իրականում կաշկանդելու է օժանդակել անձնական բիզնեսին:
– Նախագահ Ս. Սարգսյանը անցած տարի հայտարարեց, թե գործարարությունը պետք է տարանջատել պետական կառավարման համակարգից: Նախօրեին Դուք էլ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցիք, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն լինի: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ, այնուամենայնիվ, կլինեն: Օրինակ` Արա Բաբլոյանը, Հերմինե Նաղդալյանը եւ այլք:
– Եկեք սպասենք ցուցակների հրապարակմանը, եւ մենք ձեզ կտանք մանրակրկիտ մեկնաբանություններ մեր ցուցակի վերաբերյալ: Բայց մեր ցուցակում չեն լինելու մարդիկ, ովքեր զբաղվելու են բիզնեսով: Մեր ցուցակում լինելու են մարդիկ, ովքեր զբաղվելու են քաղաքականությամբ: Որովհետեւ, եթե շատ մանրանանք, այդ դեպքում ընդհանրապես հարց կառաջանա` իսկ ՀՀ-ում կա՞ որեւէ քաղաքական գործիչ, որը չունի բիզնես կամ բիզնեսում մասնակցություն: Դուք գիտեք, որ ես ինքս կոչ եմ արել, որ ԼՂՀ ՀԷԿ-երի բաց բաժանորդագրման ժամանակ մարդիկ մասնակցեն եւ ձեռք բերեն բաժնետոմսեր: Ես ձեռք եմ բերել այդպիսի բաժնետոմսեր, հանդիսանում եմ այդ ՀԷԿ-երից մեկի համասեփականատերը եւ ունեմ ներդրումներ: Հիմա հարց է առաջանում, ես բիզնեսմե՞ն եմ, թե՞ քաղաքական գործիչ: Էթիկայի հանձնաժողովն այդ հարցերի պատասխանը տալու է:
– Ժամանակ առ ժամանակ սրվում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առկա լարվածությունը: Միաժամանակ ԲՀԿ-ն փորձում է Վարդան Օսկանյանի եւ այլ քաղաքական գործիչների միջոցով ուժեղացնել իր շարքերը: Արդյունքում ԲՀԿ-ն դառնում է ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը: Դա Ձեզ չի՞ մտահոգում:
– Դա շատ բնական է, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե բոլորս` նաեւ կոալիցիոն ուժերը, պայքարելու ենք մեր ժողովրդի ձայների համար, բնականաբար, կա մրցակցություն: Մենք ուղղակի պետք է այնպես անենք, որ այդ մրցակցությունը լինի ազնիվ ու արդար: Եվ մեր կոալիցիոն գործընկերների հետ էլ այդ կանոնները պահպանենք, որ լինի ազնիվ, արդար մրցակցություն: Բայց, որ այդ մրցակցությունը կա եւ խորանալու է, դա ակնհայտ է, եւ առանց դրա չեն լինում ընտրություններ:
– ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին հայտարարեց, որ մեր երկրի արտաքին պարտքը բավականին աճել է եւ անկայուն վիճակում է, Իսկ ՀՀ-ն շարունակում է նորից վարկեր վերցնել: Դա չի՞ մտահոգում կառավարությանը: Նաեւ մեկնաբանություններ են հնչում, թե ՀԲ-ին ձեռնտու է տարբեր երկրներին վարկերով ծանրաբեռնել, որ նրանց տնտեսությունը դառնա անկայուն:
– Ես համաձայն չեմ այդ մեկնաբանությունների հետ: Մեր պարտքի վերաբերյալ ՀԲ տնօրենի մեկնաբանությունները շատ կոռեկտ էին եւ խիստ մասնագիտական: Կոնտեքստն էլ շատ տրամաբանական էր, որ եթե մենք 5 տարիներին էապես ավելացնում ենք մեր արտաքին պարտքը, ապա պետք է ունենանք դրա կառավարման հստակ ռազմավարությունը, որպեսզի ապահովենք կայունությունը: Եվ այդ տեսակետից մենք ԱՄՀ-ի հետ համատեղ մշակել ենք մեր արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն, որը հաստատվել է կառավարության կողմից եւ ստացել է միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականը, որ մենք ի վիճակի ենք մեր արտաքին պարտքը կառավարել եւ ապահովել մակրոտնտեսական կայունություն:
– Շարունակելո՞ւ եք պարտք անել:
– Արտաքին պարտքից հրաժարվելը ճիշտ ռազմավարություն չէ: Ուղղակի արտաքին պարտքը պետք է լինի կառավարելի, որովհետեւ դրա օգտագործման խնդիրն է ավելի կարեւոր: Եթե մենք արտաքին պարտքի հաշվին կարողանում ենք ավելացնել մեր ենթակառուցվածքները, ճանապարհներ, ոռոգման եւ խմելու ջրի համակարգ կառուցել, այդ ամենը մեր քաղաքացիների ու բիզնեսի համար ստեղծում է ավելի բարենպաստ միջավայր եւ խթանում է տնտեսական աճը, ապա դա արդարացված արտաքին պարտք է: Արտաքին պարտքի մյուս հատվածն այսօր մասնավոր ձեռնարկություններին է տրված, այսինքն` դա ոչ թե պետական բյուջեի վրա ծանրացող պարտք է, այլ մասնավոր ընկերությունները վերցրել են ու դրա շնորհիվ կարողանում են իրենց բիզնեսը զարգացնել. շուրջ 800 մլն դոլարի այդպիսի վարկեր են ներառված մեր արտաքին պարտքի մեջ: Եվ դրանք խիստ կառավարելի եւ էֆեկտիվ վարկեր են, որոնք նպաստում են տնտեսական աճին: Այսինքն` եթե ձեր տնտեսությունը մեծանում է ավելի արագ տեմպերով, դա նշանակում է, որ հնարավորություն է ստեղծվում ավելացնել արտաքին պարտքը: