Արդար եւ ազատ ընտրություններ ապահովելու, ավելի ճիշտ, իշխանություններին պարտադրելու նպատակով ՀՅԴ-ն սկսում է կամավորների հավաքագրում: Այդ մասին երեկ Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ըստ նրա, հայ ժողովրդի մեջ կան 2 հազար կամ 10 հազար մարդիկ, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ առաջիկա ընտրությունները իրական լինեն: «Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններն այս երկրում: Մենք նախաձեռնել ենք արդար ընտրությունների կամավորական շարժում, եւ ուզում ենք այն մարդիկ, ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու, պատրաստ են զոհաբերությունների գնալ այս հայրենիքը պաշտպանելու համար, այդ նույն մարդիկ արդար ընտրություններ պարտադրելու, երաշխավորելու համար կամավոր գրանցվեն: Մենք շուտով սկսելու ենք կամավորների գրանցումը»,- ասել է Մարգարյանը: Հարցին` թե ի՞նչ եղանակով են այդ կամավորներն իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու, Հրանտ Մարգարյանը պատասխանել է, թե խոսքը ֆիզիկական պարտադրանքի մասին չէ, պարզապես ընտրատեղամասերում պետք է ունենալ հավատարիմ, չկաշառվող, օրենքից հասկացող մարդիկ, որոնք կկարողանան ապահովել արդար ընտրությունների ընթացքը: «Որպեսզի ստեղծվեն նաեւ այն կամավորները, որ հանձնաժողովների մեջ անկաշառ կաշխատեն, որովհետեւ նաեւ փաստ է, որ որքան կաշառվել է ընտրողը, նույնքան նաեւ կաշառվել են ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները: Եվ դրա առաջն է, որ մենք պետք է կարողանանք առնել,- հայտարարել է Մարգարյանը` ավելացնելով, -Այդ կամավորները Ղարաբաղն են ազատագրել, այս երկրի մեջ վիճակ են ստեղծել, ինչո՞ւ չպետք է կարողանան: Ես չեմ էլ պատկերացնում, որ հաստաբազուկ, հաստավիզ մարդիկ պետք է լինեն, կամավոր կարող է լինել ցանկացած բարոյական, արժեքային համակարգ ունեցող, արժեքների հավատացող կին կամ տղամարդ»: Նա ասել է, թե այսօր ընտրությունները ժողովրդի կողմից իրենց ընդունված լինելու իրական պատկերը տեսնելու միջոց չեն, եւ այն քաղաքական ուժերը, որոնք չեն համակերպվում ընտրությունների միջոցով իշխանություն կորցնելուն, չեն կարող ժողովրդավարություն կայացնել: «Իշխող ուժը պետք է հասկանա, որ ընտրության միջոցով իշխանություն կորցնելը ողբերգություն չէ: Վերջապես սարսափելի չէ պարտվել, քանի որ կարող ես 4 տարի հետո վերականգնել իշխանությունդ, բայց ընտրությունների ինստիտուտի չկայացումը բացասական ընթացքով է տանում երկիրը»,- ասել է Հ. Մարգարյանը:
Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ինքը նախորդ շաբաթ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ կարողացել է որոշակի պայմանավորվածությունների գալ ապագա խորհրդարանում տեղերի բաշխման վերաբերյալ, Հ. Մարգարյանն ասել է, թե դրանք անլուրջ խոսակցություններ են: Նա չի հերքել, որ պարբերաբար հանդիպում է Ս. Սարգսյանի հետ, «բայց ոչ թե բանակցելու, այլ վիճելու, վիճաբանելու համար»: «Մենք չենք հանդիպում սեր բացատրելու, մենք հանդիպում ենք վիճելու, վիճաբանելու նպատակով: Մենք վերջապես այս պետականության հետ արտաքին քաղաքականության առումով համագործակցում ենք` լինի դա Ղարաբաղի կամ Սումգայիթի հարցը, հայ-թուրքական հարաբերությունները կամ մեր երկրի համար նոր հնարավորություններ ստեղծելու խնդիրը»,- ասել է Մարգարյանը` շեշտելով, թե բոլորն էլ հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ, բայց չեն համարձակվում ասել, որովհետեւ անկեղծ չեն ժողովրդի հետ: Մարգարյանը չի հերքել նաեւ այն, որ ընկերական հարաբերություններ ունի ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Մենք վերջապես էդ մարդկանց հետ միասնական կյանք ենք ունեցել, բացի քաղաքական պայքարից, նաեւ ընկերություն ենք ունեցել, ես մասնակցել եմ իրենց ընտանիքի ուրախությանը, իրենք էլ մասնակցել են իմ ընտանիքի ուրախությանը: Ես չեմ կարծում, որ մենք էնքան պետք է գռեհկացնենք մեր կյանքը, որ քաղաքականությունը էդպես չարությամբ անդրադառնա մեր անձնական կյանքի վրա»,- ասել է նա: Խոսելով առաջիկա ընտրություններում ՀՅԴ-ի համամասնական ցուցակի մասին, Հրանտ Մարգարյանն ասել է, որ կուսակցությունում շատ կան մարդիկ, ովքեր կարող են գլխավորել ցուցակը: Սակայն կոնկրետ ինքը նման ցանկություն չունի: «Իմ ցանկությունը չմասնակցելն է, եւ իրական է ցանկությունս: Իմ գործն էնքան շատ է: Թող խորհրդարան ուրիշները գնան, ամեն գործ ե՞ս անեմ»,- դժգոհել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ապագա խորհրդարանում ՀՅԴ-ն նորից կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Հ. Մարգարյանը պատասխանել է, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելու պատճառ Դաշնակցությունը չունի, իսկ չկազմելու պատճառները շատ են: «Ես ավելի շատ հավանական եմ համարում, որ մեր առանցքի շուրջ ուրիշները փորձեն ձեւավորել կոալիցիա: Չեմ կարծում, որ մենք կոալիցիա կկազմենք: Բայց որեւէ բան այս կյանքում բացառված չէ. եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, կարծում եմ, որ բոլորս պետք է համախմբվենք: Իսկ այսօրվա պայմաններից ելնելով` ոչ մի պատճառ չկա նման բանի, իսկ հակառակն անելու շատ պատճառներ կան»,- ասել է նա: