Ընտրական մազոխիզմ

28/02/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի կողմից` պաշտոնական վիճակագրությունը փորձում է մակրոտնտեսական գեղեցիկ ցուցանիշներով տպավորություն ստեղծել, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվում է, մյուս կողմից` այդ վիճակն այնքան նվազ մակարդակի վրա է, որ նույն պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում դա թաքցնել։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ են ներկայացված։ Ճիշտ է, դրանում 2011 թվականի տվյալները դեռ չկան, սակայն 2008-2010թթ. ցուցանիշներն էլ բավական են «զարգացումների» վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար։

Սկսենք աղքատությունից։ Աղքատության պաշտոնական ցուցանիշը 2008թ. եղել է 27.6%, 2009-ին՝ 34.1%, իսկ 2010-ին հասել է 35.8%-ի։ Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2008թ. 1.6%-ից հասել է 3%-ի։ Նշենք, որ այս ցուցանիշն էլ միանշանակ չէ։ Ծայրահեղ աղքատ համարվում են այն մարդիկ, որոնց ամսական եկամուտները գտնվում են ծայրահեղ աղքատության գծից ներքեւ, այսինքն՝ չեն գերազանցում ամսական 19.126 դրամը։ Սա այն գումարն է, որով, ըստ ԱՎԾ-ի, մեկ մարդը կարող է մեկ ամիս գոյատեւել։ Գիծը որոշվում է գների եւ գնաճի հիման վրա։ Հաշվի առնելով, թե ԱՎԾ-ն երբեմն ինչպես է հաշվարկում գնաճը, կարելի է պատկերացում կազմել թե՛ աղքատության եւ ծայրահեղ աղքատության իրական շեմի, թե՛ աղքատության իրական մակարդակի մասին։ Սոցիալական վիճակը բնութագրող ամենակարեւոր ինդիկատորներից է նաեւ, այսպես կոչված, Ջինի գործակիցը։ Այս գործակիցը ցույց է տալիս, թե որքանով է շերտավորված հասարակությունը՝ ըստ սպառման, եկամտի կամ հարստության։ Այլ կերպ ասած՝ այն ցույց է տալիս սոցիալական բեւեռացվածության աստիճանը։ Որքան գործակիցը փոքր է, այնքան լավ՝ բեւեռացումը խորը չէ։ ՀՀ ԱՎԾ տվյալներով, Ջինի գործակիցը ըստ եկամուտների անհավասարության` 2008թ. եղել է 0.339, իսկ 2010թ. հասել է 0.362-ի։ Ըստ սպառման անհավասարության՝ Ջինի գործակիցը 2008թ. եղել է 0.242, իսկ 2010թ.՝ 0.265։ Այսինքն, անգամ պաշտոնական վիճակագրությունը վկայում է այն մասին, որ վերջին տարիների ընթացքում բեւեռացումը՝ թե՛ եկամուտների, թե՛ սպառման անհավասարության առումով, խորացել է՝ չնայած սոցիալական հավասարության մասին գեղեցիկ ելույթներին։

Բերենք մեկ այլ ցուցանիշ, որը նույնպես խոսում է անհավասարության մասին։ 10 դեցիլային խմբերից առաջին խմբի (10% ամենաաղքատ մարդիկ) ամսական եկամուտը 14.1 անգամ զիջում է 10% ամենահարուստ մարդկանց եկամուտներին (6489-ը 91.965-ի դիմաց)։ Եթե այս ամենին էլ գումարենք գնաճը, արտագաղթի մասշտաբները, գործազրկությունը եւ դատաիրավական համակարգի անմխիթար վիճակը, ապա ՀՀ բնակչությունը վերջին տարիների ընթացքում կենսամակարդակի որեւէ առաջընթաց չի տեսել։ Իսկ ո՞վ է պատասխանատու բնակչության կենսամակարդակի թե՛ անկման, թե՛ բարելավման համար։ Իհա՛րկե իշխանությունը։ Նույն պաշտոնական վիճակագրությունն ապացուցում է, որ բնակչությունը գործող իշխանություններից գոհ լինելու առիթ, մեղմ ասած, չունի։ Պաշտոնական տվյալներով` բնակչության մեկ երրորդը աղքատ է։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ աղքատության մակարդակը հասնում է 50-55%-ի։

Տրամաբանությունը հուշում է, որ բնակչության առնվազն կեսը պետք է գոհ չլինի իշխանություններից եւ նրանց վարած տնտեսական քաղաքականությունից եւ ձգտի փոփոխության։ Ընդ որում, ակնհայտ է, որ իրական փոփոխություններ կարող են լինել միայն իշխանափոխության դեպքում։ Որովհետեւ փոփոխություններ սպասել մի իշխանությունից, որը տարիներ շարունակ իրենց վիճակը չի թեթեւացնում, միամտություն կլինի։ Էլ չենք ասում, որ բացի սոցիալական շարժառիթներից, կան նաեւ այլ գործոններ (քաղաքական, իրավական եւ այլն)։

Պատկերն ավելի անհեթեթ է դառնում, երբ այս ցուցանիշները համեմատում ենք արդեն մեկնարկած նախընտրական սոցհարցումների արշավի հետ: Ընտրությունների շեմին կրկին իր հանճարեղ հարցումներն է սկսել ներկայացնել Ահարոն Ադիբեկյանը։ Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ մայիսին կայանալիք ԱԺ ընտրությունների բացարձակ ֆավորիտներն են իշխող ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ Ադիբեկյանի, եթե ընտրությունները կայանային անցած կիրակի օրը, ապա ՀՀԿ-ի օգտին ձայն կտար հարցման մասնակիցների 39 տոկոսը, իսկ ԲՀԿ-ին` 36 տոկոսը: ՀԱԿ-ը կհավաքեր 8,5 տոկոս, ՀՅԴ-ն` 6,1, իսկ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»` 5,1 տոկոս: Փաստորեն, ըստ Ադիբեկյանի, իշխանությունն ունի շուրջ 80% քվե (ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի քվեները միասին վերցրած)։ Այս տվյալների ֆոնին, եթե կրկին վերհիշենք աղքատության, գործազրկության եւ սոցիալական անհավասարության ցուցանիշները, ապա կստացվի, որ կամ Ադիբեկյանը խեղաթյուրում է փաստերը, կամ էլ՝ Հայաստանի բնակչության մեծ մասը մազոխիստ է։ Այսինքն՝ որքան իշխանությունն իրենց վիճակն ավելի է վատացնում, այնքան ավելի են համակրում այդ իշխանությանը։

Նկատենք, որ Ադիբեկյանն անուղղակիորեն նաեւ բացատրել է, թե ինչով է դա պայմանավորված։ «Ո՞վ է մնացել Հայաստանում. բողոքավորները, «աբիժնիկները» գնացել են, նրանք, ովքեր չեն կարողացել հարմարվել, գնացել են: Մնացել են մարդիկ, որ հարմարվել են, ու մեզ մոտ պահպանողական ինչ-որ ընտրախավ է ձեւավորվել, որը դեմ է ցանկացած փոփոխության, նա վախենում է փոփոխություններից: Այդ կայունության պահպանումը եւ ապագայի նկատմամբ որեւէ հեռանկար ունենալը երկու գործոն է, որ մարդուն պահում է իր հողի վրա»,- պարզաբանել է սոցիոլոգը՝ ավելացնելով, որ պետաշխատողների եւ մանր առեւտրով զբաղվողների մեծ մասը հարմարվել է իրավիճակին եւ վախենում է որեւէ լուրջ փոփոխությունից:

Այսինքն, եթե հավատանք նրան, ապա կստացվի, որ Հայաստանում այսօր մնացել են միայն հարմարվողները, ովքեր պատրաստ են վախեցածի պես ապրել, առանց հույսի ու երազանքների՝ «սենց էլ մնա` լավ ա» սկզբունքով։ Ավելին, ստացվում է, որ հայերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ կոնֆորմիստներ եւ «աբիժնիկներ»։ Եվ այդ դեպքում բնական է, որ նման խմբերի պարագայում ամենահայտնի սոցիոլոգը Ահարոն Ադիբեկյանն է։

Ամենացավալին այն է, որ Ադիբեկյանի հարցումները, որպես կանոն, շատ մոտ են լինում ընտրությունների արդյունքներին։ Քիչ հավանական է, որ այս անգամ ԿԸՀ-ն ուրիշ թվեր կարձանագրի։ Այսինքն, որքան էլ տխուր լինի, առաջիկա ընտրություններն արդեն փաստացի են արձանագրելու մեր «ընտրական մազոխիզմի» սինդրոմը։