ԵՄ-ն ակտիվանում է

28/02/2012

«Եվրամիությունը կցանկանար ավելի կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում»,- Բրյուսելում Եվրամիության Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Այդ հակամարտությունը շատ բարդ է, եւ այն անհրաժեշտ է լուծել»,- ասել է նա` ընդգծելով, որ երեկ մեկնարկած նիստի ընթացքում լայնածավալ քննարկումներ են անցկացվելու Հարավային Կովկասում առկա իրադրության վերաբերյալ, իսկ քննարկումների գլխավոր թեմաներից մեկը ԼՂ հակամարտության կարգավորումն է լինելու: «Մենք կքննարկենք, թե Եվրամիության խորհուրդն այդ առնչությամբ ինչ կարող է անել»,- նշել է Էշթոնը` ավելացնելով, որ թեեւ Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ չի հանդիսանում, այդուհանդերձ, կառույցը տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել` ի դեմս Ֆիլիպ Լեֆորի: Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացած նիստից հետո ընդունվել է եզրակացություն, որում անդրադարձ կա եւ ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը, եւ Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «ԵՄ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների դանդաղ առաջընթացով: Այդ կապակցությամբ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ճանաչում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը` եռակողմ բանակցություններում առաջընթացի հասնելու ուղղությամբ: ԵՄ-ն կրկին հայտարարում է իր աջակցությունը հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին` կոչ անելով Ադրբեջանին եւ Հայաստանին` ակտիվացնել ջանքերը պայմանավորվածության հանգելու, որպես խաղաղության հասնելու հիմք ընդունելով այդ սկզբունքները»,- նշված է փաստաթղթում, որում, միեւնույն ժամանակ, Խորհուրդը անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, շեշտելով «հրադադարի ռեժիմի պայմանագրի իրականացմանն ուղղված անհապաղ միջոցների կարեւորությունը»: Փաստաթղթում նաեւ հատուկ ընդգծված է «ԵՄ ներկայացուցիչների անառարկելի մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը»: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապա երեկ ընդունված եզրակացության մեջ «ԵՄ-ն ողջունում է առաջընթացը, որ ձեռք է բերվել ԵՄ եւ Հայաստանի միջեւ ասոցիացման համաձայնագրի բանակցություններում, վիզային ռեժիմի եւ ռեադմիսիայի մեղմացման բանակցությունների սկիզբը, նաեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը»: Փաստաթղթում ընդգծվում է 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափորոշիչներով անցկացնելու կարեւորությունը: Խորհրդի անդամները նաեւ նշել են, թե ԵՄ-ն ուշադիր հետեւելու է Հայաստանում նախընտրական իրադարձությունների զարգացմանը: ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին` շարունակել բարեփոխումները ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, դատական համակարգի անկախության ավելացման, քաղաքական բազմակարծության, լրատվամիջոցների ազատության եւ հավասար մատչելիության ապահովման, նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանման ուղղությամբ: Նշենք, որ մարտի առաջին օրերին սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, որտեղ նա հանդիպումներ է ունենալու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ այլ եվրոպացի պաշտոնյաների հետ: