Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովում հյուրընկալել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-ից ավելի ուսանողների: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ-ում քաղաքական ընդդիմության դերի, առաքելության եւ ներկայացուցչության կարեւորությունը: Խոսվել է նորանկախ Հայաստանի անցած քսանամյա ուղու, քաղաքական ու քաղաքացիական օրակարգերում առկա մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին: Ր. Հովհաննիսյանը պատասխանել է երիտասարդներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվել են ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ` ԵԺԿ-ին «Ժառանգություն» կուսակցության անդամակցությանը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում ՀՀ ընտրական գործընթացների եւ ընտրական համակարգում ձեւավորված արատավոր երեւույթների, ինչպեսեւ` քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտության մասին: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կընձեռի էապես մեծացնել քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության աստիճանը: