Բանակը կներգրավվի միանձնյա որոշմամբ

28/02/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ՀՀ ԱԺ-ն կրկին սկսեց քննարկել Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Հիշեցնենք, որ այս օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր անցած քառօրյայի ժամանակ: Սակայն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի խիստ քննադատություններից հետո կառավարությունն այն ետ կանչեց: Բանն այն է, որ այդ օրինագիծը ենթադրում է արտակարգ դրության ժամանակ օգտագործել բանակը, ինչը, ընդդիմության կարծիքով` հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաեւ քաղաքական գործընթացները կասեցնելու պատճառով, որի համար էլ այս օրինագծի համաձայն` կարելի է օգտագործել բանակը: Ինչը եւ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ին: Կառավարությունն անցած շաբաթ ետ տարավ այս օրինագիծը եւ մի փոքր «սահմանափակեց» արտակարգ դրության ժամանակ բանակի օգտագործման հնարավորությունները: Այս նոր տարբերակով արդեն բանակը կարող է օգտագործվել հատուկ պահպանվող օբյեկտները պահպանելու, անօրինական զինված խմբավորումների գործունեության դադարեցման ժամանակ, երբ Ոստիկանության ներքին զորքերն ու Ազգային անվտանգության ջոկատներն ի վիճակի չեն դա անել: Նույնը վերաբերում է նաեւ «զանգվածային անկարգություն» բնորոշվող քաղաքական միջոցառումներին: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 8.2. հոդվածում ամրագրված է, որ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, բնականաբար, համաձայն չէ ընդդիմության այն տեսակետին, թե Կառավարության ներկայացրած օրինագիծը հակասահմանադրական է: Եվ նա հիշատակում է Սահմանադրության նույն հոդվածի սկզբի հատվածը, թե «ՀՀ ԶՈՒ-ն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: «Սահմանադրության 8.2 հոդվածի առաջին մասը Ձեզ շատ դուր է գալիս, բայց երկրորդ մաս կա, չէ՞, որ ասում է, թե ՀՀ բանակը քաղաքական պրոցեսներում պետք է չեզոք եւ քաղաքացիական վերահսկողության տակ մնա: Այս կետը Ձեր օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի հետ ինչպե՞ս է համահունչ: Դուք ասում եք, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են Ոստիկանության զորքերի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգին համապատասխան: Այսինքն` էլ չեզոք չի մնում, ներքաշում եք քաղաքական պրոցեսների մեջ: Իմիջիայլոց, այդպես էր անում մի քաղաքացի` ազգանունը Քադաֆի: Տեսաք, թե ինչով վերջացավ: Ի՞նչն է մեզ խանգարում իսկապես ուժեղացնել Ոստիկանական զորքերը եւ ԱԱ համապատասխան ստորաբաժանումները` թվաքանակով, ֆինանսավորումով, մարտական փորձ ձեռք բերելով: Սպաներին ուղարկեք սովորելու, մեծացրեք թվաքանակը` ինչքան պետք է, բայց մի դրեք անունը բանակ»,- երեկվա քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հետաքրքրում էր` եթե վարչապետն ու ԱԺ նախագահը համաձայն չլինեն արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հետ, ի՞նչ տեղի կունենա: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահն արտակարգ դրություն կարող է հայտարարել` խորհրդակցելով վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Ի դեպ, այս անգամ օրինագիծը ներկայացվել է փաթեթով, որի մեջ ներառվել է նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին մի նախագիծ, որի համաձայն` նախագահի հրամանագրից հետո ԱԺ-ն կարող է հրավիրել հատուկ նիստ: Այդ նիստը, սակայն, կարող է քվորում չապահովել, ունենալ քննարկում եւ որոշում չկայացնել: Այսինքն` այդ նիստի անցկացումն ու քննարկումը միայն կարող են խորհրդատվական նշանակություն ունենալ եւ ազդեցություն չունենալ նախագահի որոշման վրա: «Սա այն դրույթն է, որ Սահմանադրությամբ ամրագրված է, եւ միանձնյա որոշում է կայացվում, որովհետեւ հապաղելն ու այլոց համաձայնությունը ստանալը կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել: «Խորհրդակցել» բառը չի ենթադրում տվյալ պաշտոնատար անձանց համաձայնության ստացում»,- մեկնաբանեց Հ.Թովմասյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ անդամ` Զարուհի Փոստանջյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր օրենքով բանակ զորակոչված ՀՀ քաղաքացին պետք է պահպանի ՀՀ սահմանադրական կարգը: Մինչ այժմ հայտնի էր, որ նա պաշտպանելու է մեր երկրի սահմանները: Հ.Թովմասյանը նորից հիշեց Սահմանադրության 8.2 հոդվածը, բայց առաջին հատվածը: Իսկ Տիկին Բախշյանին նաեւ հետաքրքրում էր, թե արտակարգ դրության ժամանակ, երբ նախատեսվում է սահմանափակել ԶԼՄ-ների հրապարակումները, ով է վերահսկելու այդ գործընթացը: «Ազգային անվտանգության ծառայությունը»,- պատասխանեց Հ.Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը նախորդ քննարկման ժամանակ հայտարարել էր, թե այս օրինագիծը հակասահմանադրական է, որովհետեւ նախատեսում է բանակի ներգրավում: Երեկ նա մեզ հետ զրույցում կրկնեց, որ բանակի օգտագործման դրույթը հակասահմանադրական է: