Նոյեմբերի 22-ին Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում աշխատող բոլոր մաքսավորները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնը, ձերբակալվել է 18 մարդ: Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով, մաքսավորները կաշառքի դիմաց բեռնատար մեքենաներին թույլ են տվել մուտք գործել Վրաստանի տարածք՝ առանց տուրքերը մուծելու: Ձերբակալվածներից առգրավվել է 8 հազար դոլար: Ներկայումս «Սադախլո» սահմանային անցակետը փակ է բեռնատարների համար, սահմանը հատել թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաներին: Վրաստանի ՆԳՆ Սահմանների անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները քննչական միջոցառումներ են իրականացնում: