Սովորական ցեղասպանություն։ Կա նաեւ անսովորը

28/02/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ուղիղ 24 տարի առաջ, հենց այս օրը` փետրվարի 28-ին, տեղի ունեցան սումգայիթյան կոտորածները: Դրան նախորդել էին Բաքվի ջարդերը: Այդ տխուր առիթով հեռուստաընկերությունները պտտեցրին հին ու նոր ֆիլմեր: Ենթադրելով, թե այդ ֆիլմերն ամբողջովին չեն ներկայացնում կատարված ողբերգությունը, որ մենք ինչ-ինչ կադրեր գուցեեւ դեռ չենք հասցրել տեսնել, շարունակում են նկարահանվել նորերը: Շաբաթ օրը ցուցադրվեց «Մարաղա, 10 ապրիլի, 1992 թվական» ֆիլմը` Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկի` Մարաղայի ջարդերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ: Սա «Սովորական ցեղասպանություն» շարքի հերթական ֆիլմերից մեկն էր: Նախորդ երկուսը նվիրված էին Բաքվի ու Սումգայիթի դեպքերին: Վավերագրական կադրեր էին, ականատեսների հիշողությունները, սակայն մեր հայրենակիցների հոշոտված, մասնատված, այրված մարմինների կադրերը սկզբից մինչեւ վերջ դիտելու համար պետք էր սադիստական հակումներ ունենալ:

Մարաղայի ինքնապաշտպանության ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանը պատմում էր, որ այդ օրը` 1992թ. ապրիլի 10-ին, այրվեց Մարաղայի 173 տուն, սպանվեց 50 հոգի եւ 60-ն էլ պատանդ վերցվեց: Խոշտանգվել են բոլորը, ովքեր չեն հասցրել փախչել` ծերեր, կանայք, երեխաներ: Նրա խոսքով` ադրբեջանցիները դաշույններով դիակների վրա խաչեր էին անում: Կադրից դուրս կնոջ վհատված ձայն է: Կինը պատմում է, թե ինքն ունի լուսանկարներ, որոնք վկայում են` ինչ է կատարվել այդ օրը` «անդամահատված մարմիններ, կտրված գլուխներ»: Կադրում հայտնվում է մի ծերունի` ձեռքին` կտրված ականջ: Օպերատորը ոչ մի կերպ տեսախցիկը կտրված ականջից չի հեռացնում: «Հարեւանի ականջն է»,- շարունակում է կադրից դուրս ձայնը:

Նույն տեսարաններն են նաեւ Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին պատմող ֆիլմերում: Մանրամասնորեն ներկայացվում են սահմռկեցուցիչ տեսարաններ: Կադրն անվերջ է թվում: Այս ֆիլմերի հիմնական ուղերձն է` ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը չի կարող եւ չպետք է մնա Ադրբեջանի կազմում:

Եթե սա արտաքին լսարանի համար է, երբ բանավոր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ է ներկայացնել սարսափազդու փաստերը, հասկանալ կարելի է: Բայց ամեն տարի, ընդ որում, տարվա մեջ` մի քանի անգամ` ապրիլի 24-ից առաջ եւ հետո, փետրվարյան օրերին` Բաքվի, Սումգայիթի, Խոջալուի, Մարաղայի ջարդերի տեսարանները դիտել արդեն հնարավոր չէ: Հնարավոր չէ ամեն անգամ ստիպել մեզ` վերապրել անմարդկային այդ օրերը:

Կյանքը կորցնում է իր հետաքրքրությունը, հատկապես, երբ լսում ես կադրից դուրս ձայնը: Իմ տպավորությամբ` դա այն նույն ձայնն է, որով ընթերցվում էր Ոստիկանության տարածած փոքրիկ ֆիլմը` «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կատարած «ծանր հանցագործության» մասին:

Ողբերգությունը, որը տեղի է ունեցել, սարսափելի է վերհիշել անգամ տասնամյակներ անց: Սակայն մեզ, չգիտես ինչու, թվում է, թե կատարվածը չմոռանալու համար պետք է պարբերաբար դիտել սահմռկեցուցիչ կադրերը: Չենք պատկերացնում` իսկ ուրիշ ի՞նչ կերպ կարելի է հարգել նահատակների հիշատակը:

Այս օրերին վերհիշում ենք, թե միջազգային ատյաններում հավուր պատշաճի չենք ներկայացնում Ադրբեջանից փախած հայերի խնդիրները: Ընդ որում, ոչ միայն բարոյական, այլեւ նյութական. հատկապես Բաքվում եւ Սումգայիթում հայերը բնակվել են քաղաքի կենտրոնական մասերում, բավականին ապահով: Խորհրդարանի ամբիոնից ինքներս մեզ խարազանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սեղանին չենք շրխկացնում «հայ փախստականներ» կապակցությունը: Որ աշխարհին չենք կարողանում ներկայացնել դառը ճշմարտությունը` իրականում ինչ է տեղի ունեցել Բաքվում, Սումգայիթում, Խոջալուում, Մարաղայում: Եվ դա մեր մեղքն է` այս ֆիլմերը չենք կարողանում հասանելի դարձնել համայն մարդկությանը: Սակայն դարձյալ պետք է հիշեմ իմ գործընկեր Վարդան Ֆերեշեթյանի տատին ու նրա հորդորը. «Սուտ դարդ մի արեք»: Աշխարհը գուցեեւ չի ցանկանում իմանալ` ինչ է կատարվել 1988-92թթ. Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Բայց մենք ինքներս ճշմարտությունը գիտենք, չէ՞: Ի՞նչ է փոխվում դրանից: Ըստ էության` ոչինչ: 1988-92թթ. Ադրբեջանից փախել է շուրջ կես միլիոն հայ, սակայն նրանցից միայն 360.000-ն է եկել Հայաստան: ՀՀ քաղաքացիություն է ընդունել 80.000-ը միայն: Այսինքն` շատ փախստականներ ՀՀ քաղաքացու կարգավիճակը ստորադասել են փախստականի կարգավիճակից: Ադրբեջանից փախած մեր հայրենակիցներն ամենեւին ծանր ապրումներ չեն ունենա, եթե այս օրերին մի քանի նախադասությամբ հիշեին կատարվածն ու հարգեին նահատակների հիշատակը` առանց դիակների ցուցադրության: Եվ զուգահեռաբար` ցուցադրվեին ֆիլմեր, թե Հայաստանում հանգրվանած, մահ ու սարսափ տեսած այդ մարդկանց կյանքը որքան լավ է կազմակերպված: Ցուցադրեին կադրեր` ինչպես են նրանց ընդունել հայրենիքում, տեղավորել մարդավայել պայմաններում, ապահովել աշխատանքով, ստեղծել միջավայր, որը ստիպել է տարաբախտ այդ մարդկանց մոռանալ դժոխային այդ օրերը:

Հաճույքով կդիտվեին կադրերը, թե ինչպես Ադրբեջանից փախած մոտ կես միլիոն հայերը նախընտրել են բնակվել Ադրբեջանի անմիջական հարեւանությամբ գտնվող իրենց երկրում: Բայց այս թեմայով ֆիլմեր չեն նկարահանվում: Եվ դժվար չէ գլխի ընկնել` ինչո՞ւ: Չկան համապատասխան կադրեր: