Կիրակի օրը` փետրվարի 26-ին, Նյու Յորքում գործող Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ քննարկում Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգի եւ հիմնախնդիրների վերաբերյալ: Բանախոսը ներկայումս Նյու Յորքում գտնվող` Երեւանի պետական համալսարանի դասախոս, երեխաների իրավունքների եւ համայնքային զարգացման փորձագետ, քաղաքագիտության թեկնածու Արթուր Մարտիրոսյանն էր, ով եկեղեցու Տեր Հայր Մեսրոպ Լակիսյանի, խորհրդի անդամների եւ հայ համայնքի ավելի քան վաթսուն ներկայացուցիչների առջեւ հանդես եկավ «Երեխաների պաշտպանության համակարգը եւ առկա հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ: Ներկայացվեցին երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը, հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման եւ ներառական կրթության ներդրման պետական ռազմավարությունները, որոնք բոլորն էլ կոչված են մի նպատակի` ապահովել երեխայի խնամքն ու պաշտպանությունն ընտանեկան միջավայրում: Քննարկմանը համացանցի օգնությամբ մասնակցում էին Հայաստանում գործող Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կառույցների (Վորլդ Վիժն Հայաստան, Հայ Օգնության ֆոնդ, Զանգակատուն եւ այլն) ներկայացուցիչները, ովքեր օրվա բանախոսի հետ միասին պատասխանեցին Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Միջոցառումն ավարտվեց կյանքի առանձնահատուկ պայմաններում գտնվող երեխաների օժանդակմանը Նյու Յորքի հայ համայնքի ներգրավման ընդլայնման ուղիների եւ մեխանիզմների քննարկմամբ: Եղան կոնկրետ առաջարկություններ, որոնք կառարկայանան համայնքի հոգեւոր առաջնորդների հետ հետագա հանդիպումների միջոցով: Այս միջոցառումը մաս է կազմում եկեղեցու հետ Արթուր Մարտիրոսյանի նախաձեռնած դասախոսությունների շարքի, որի նպատակն է` Հայաստանի հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ սեմինար-քննարկումների անցկացմամբ մեծացնել Նյու Յորքի հայ համայնքի իրազեկությունը Հայաստանի խնդիրներին, ընդլայնել Սփյուռքի մեր հայրենակիցների կապը տվյալ ոլորտի իրենց հայաստանցի գործընկերների հետ, ավելի հասցեական դարձնել ցուցաբերվող աջակցությունը: Միջոցառման ավարտին քննարկման մասնակիցների մոտ նկատված շահագրգիռ հետաքրքրությունը ներկայացված խնդիրների նկատմամբ եւ համագործակցության ու օժանդակության պատրաստակամությունը Հայաստանի խոցելի երեխաների հիմնախնդիրների լուծմանը, փաստում է հայրենիքի հիմնախնդիրներին Սփյուռքի իրազեկվածության բարձրացման եւ Հայաստան-Սփյուռք գործընկերությունը գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը:
Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նյու Յորք