Խնկենու բուժիչ խեժը
Խնկենու այլ անվանումներն են` խնկածառ, պիստակենի։ Սա աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտ 20 տեսակներ։ Աճում է չոր, քարքարոտ լանջերում, կիսաանապատներում։ Լուսասեր, ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է, կարող է դիմանալ մինչեւ 200C սառնամանիքներին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Շատ դանդաղ է աճում, սակայն կյանքի տեւողությունը մինչեւ 1000 տարի է։ Կարող է կազմել անտառակներ, որոնք ապաստան են ծառայում որոշ բնաշխարհիկ էնդեմ տեսակների համար։ Առատ մացառներ է տալիս, ունի հողապաշտպան նշանակություն` լանջերի ամրացման համար։
Պիստակենի բթատերեւը 8-12 մ բարձրությամբ մշտադալար կամ տերեւաթափ ծառ է, երբեմն` մի քանի ոլորված գալարաձեւ բներով եւ ճյուղերով։ Ծաղկում է վաղ գարնանը` անչափ գեղեցիկ մուգ վարդագույնով զարդարելով գրեթե գնդաձեւ սաղարթը։ Խնկենին երկտուն բույս է, տերեւներն ավելի ուշ են բացվում, դրանք կազմված են 3,5 կամ 7 բաց կանաչ տերեւիկներից, որոնց երկարությունը` 5-20, իսկ լայնությունը` 5-12 սմ է։ Հասունացման շրջանում պտղի գույնը կարող է լինել դեղին, վարդագույն, մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Պտղի ներսում գտնվում է կանաչ սերմը, որը պատված է բաց կրեմագույն երկփեղկ փայտանման պատիճով։ Պտուղն ուտելի է։ Պիստակի սերմը հարուստ է ճարպերով` մոտ 14 տոկոս չհագեցած, 18 տոկոս օլեինի եւ 5 տոկոս լինոլի գլիցերիդներ, 1 տոկոս օմեգա-3 եւ 2 տոկոս օմեգա-6, յուղեր, եւ այլն, ընդամենը` 45-60 տոկոս։
Օլեինաթթուն, ֆոսֆորը` մոտ 490 մգ հարյուր գրամ հումքի մեջ, ցինկը` 2,2 մգ, եւ սպիտակուցները` մոտ 20 տոկոս, կարեւոր են շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։
Հարյուր գրամ հումքի մեջ B1 (0,7-0,9 մգ) եւ B6 (1,7 մգ) վիտամինների քանակները լրացնում են կերակրող մայրերի համար անհրաժեշտ օրական չափաբաժնի գրեթե կեսը։
Պարունակում է մեծ քանակությամբ կալիում (մոտ 1 գ), նաեւ մագնիում (120 մգ) եւ կալցիում (100 մգ)։ Շատ քիչ է նատրիումը (1 մգ), ինչի շնորհիվ ուժեղանում է կալիումի հիպոտենզիվ հատկությունը։
Ժամանակակից բժշկությունը մեծ դեր է հատկացնում սննդամթերքի հակաօքսիդանտ հատկություններին։ Բացի ցինկից, A(21 մկգ), C (5,6 մգ), E (2,3 մգ) վիտամիններից, սերմը պարունակում է նաեւ քոէնզիմ Q-10 (2,1 մգ)։
Այս նյութն ուժեղ հակաօքսիդանտ է։ Պարունակում են նաեւ տավարի միսը (3,1) եւ հավի ճուտը (1,6), ծովատառեխը (2,7,) գետնանուշը (2,8), քունջութը (2,5), իշխանը (1,1 մգ), նուշը։ Փոքր քանակներով` նարինջը (0,3), ելակը (0,1), գետնամորին, ծաղկակաղամբը (0,4)։
Պարունակում է նաեւ մոտ 8 տոկոս շաքարներ, 10 տոկոս բալաստային նյութեր, 2 տոկոս օսլա, 200 մկգ բետա-կարոտին, 160 մկգ B2 եւ 51 մկգ B9 վիտամիններ, 3,2 մգ երկաթ։
Պիստակի սերմն ունի հակադեպրեսանտ եւ հակասթրեսային հատկություններ, հակազդում է քրոնիկ հոգնածության առաջացմանը եւ զարգացմանը։ Տերեւները պարունակում են մոտ 7 մգ ասկորբինաթթու։
Տզերի կենսագործունեության հետեւանքով տերեւի վրա առաջանում են գալլեր, որոնց մեջ կենտրոնացած է տերեւում պարունակվող դաբաղանյութերի 50 տոկոսը։ Գալլերից ստանում են տանին, որն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության եւ կաշվեգործության մեջ։
Յուղն օգտագործվում է օճառի արտադրությունում, խեժից ստանում են գեղարվեստում օգտագործվող լաքեր։ Բույսի բաց մոխրագույն բնից եւ տարեց ճյուղերից հնագույն ժամանակներից ստացել են բուրումնավետ, դառնահամ խեժը։ Այն ծառայել է որպես խունկ եկեղեցական ծիսական արարողությունների ժամանակ։ Ունի մանրէասպան, վերքամոքիչ հատկություններ։ Խեժը պարունակում է եթերային յուղեր, բարձր է կալցիումի պարունակությունը, օգտակար է օստեոպորոզի դեպքում։ Իտալիայում եւ այլ երկրներում կիրառում են ստամոքսի քաղցկեղի բուժման ընթացքում։ Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ չեզոքացնում է Helicobacter pilory մանրէի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բուժել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերը։ Բուսախեժն օգտագործվում է այրվածքի եւ մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված քսուքներում։ Օգտակար է նաեւ լյարդին, կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը եւ մակարդակը։
Ըստ որոշ հաղորդագրությունների` դրական արդյունքներ է տալիս երիտասարդ եւ անցումային տարիքի կանանց հորմոնալ ֆոնի խանգարումների դեպքում։ Ունի ուժերը եւ աշխատունակությունը վերականգնող հատկություններ։
Դեղատոմսեր
Անեմիա, թոքերի հիվանդություններ.
2 ճ/գ խնկենու պտղի մանրացրած սերմը 1 ժամ թրմեք ջերմապահում` 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ։ Խմելուց առաջ խառնեք։
Ստամոքսաբորբ. Նախաճաշից 40 րոպե առաջ դանդաղ ծամեք 1 գրամ խեժ, մոտ 5 րոպե անց խմեք մի քանի կում տաք ջուր։ Կան տվյալներ, որ 3 ամսվա ընթացքում սպիացել է ստամոքսի խոցը եւ նվազել են ռեւմատիկ ցավերը։
Մաշկային հիվանդություններ.1 ճ/գ խեժը եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ զտված արեւածաղկի յուղի մեջ, մինչեւ լուծվելը։ Օգտագործելուց առաջ թափահարեք, մշակեք խնդրահարույց հատվածները։
Ոգեթուրմ. 2 գրամ խեժը 2 շաբաթ թրմեք 100 մլ բժշկական 96 տոկոսանոց սպիրտի մեջ։
Ատամի ցավ. Լուծեք 10-20 կաթիլ` 100 մլ ջրի մեջ, ողողեք բերանը,
Պարոդոնտոզ.
– Լուծեք ջրի մեջ (1։3), քսեք լնդերին։
– Կանխարգելիչ նպատակներով. Լուծեք 15-20 կաթիլ 100 մլ ջրում, խմեք օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։