Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ նրա գործով անցնող մյուս ամբաստանյալների դատաքննությունը։ Մարտի 1-ին մեղադրողը կհրապարակի մեղադրական ճառը: Երեկվա նիստում եւս Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ մինչ դատական նիստը հայտարարել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի կարող չհիշել, որ հետապնդել է իրեն: Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանն ասել էր, թե չի հիշում, որ ինքն Օհանյանին հետապնդած լինի: Դա տեղի էր ունեցել այս գործով նախորդ դատական նիստից հետո, երբ Մ. Օհանյանը հայտարարել էր, որ իր եւ Ա. Սարգսյանի միջեւ տարաձայնություններ են ծագել, ինչի արդյունքում իր դեմ հետապնդում է սկսվել: