Գազարի ու բազուկի հանրաքվե

25/11/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դաշնակցությունը երեկ ԱԺ-ում` «Սահմանադրական բարեփոխումներ. «Ազգային համաձայնության հնարավորություն» խորագրով խորհրդաժողով էր հրավիրել, որի նպատակն, ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի, հասարակության շփոթված պատկառելի զանգվածին առաջիկա երեք օրերին արագ կողմնորոշելն էր, որպեսզի հասարակությունն «իր համար ճակատագրական այս հարցում պասիվ դիտորդի դերում չհայտնվի»: Հանրաքվեի շուրջ «ազգային համաձայնություն» կայացնելու «ազգանվեր» մղումով դաշնակցականներն ԱԺ էին հրավիրել «ազատ մտածելակերպ սիրող» շուրջ 80 մտավորականների ու բուհերի ռեկտորների, սակայն նրանցից ներկա էին մոտ 30-ը:

Ա. Ռուստամյանը «մտավորականներին» խնդրեց գնահատական տալ «այո»-ի քարոզարշավին ու, որպես ազգի մտավոր «սերուցք»` ասել, թե ովքեր են ճիշտ` «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի քարոզողները: Ա. Ռուստամյանի հիասթափությունը մեծ եղավ, երբ ներկաներից ոչ ոք ելույթ ունենալու ցանկություն չհայտնեց: «Ազատ, առանց կաշկանդվելու արտահայտվեք: Երբ սկսեցիք արտահայտվել, խոսքը խոսք կբերի ու մեր քննարկումը հաստատ կծավալվի»,- ներկաներին համոզում էր պատգամավորը: Ա. Ռուստամյանն «ազատ, անկաշկանդ» արտահայտվելու մասին այնքան կոչեր արեց, որ նույնիսկ ամիսներ շարունակ «այո» քարոզող հայտնի մտավորականները սկսեցին ասել այն, ինչ իրականում մտածում են սահմանադրական փոփոխությունների մասին: «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ ինքն էլ դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչ է ասելու հանրաքվեի օրը քվեատուփին մոտենալիս, որովհետեւ համոզիչ հիմքեր կան եւ՛ «այո»-ի, եւ՛ «ոչ»-ի համար: Նա դժգոհ էր սահմանադրության հատկապես 10-րդ հոդվածից, որն, իր իսկ բնորոշմամբ` փոփոխվելուց հետո «կրտած հոդված է դուրս եկել»: «Դա վերաբերում է էկոլոգիային, բայց, երբ ԱԺ-ում քննարկում էին, դիմեցի Դաշնակցությանը, ասացին` «Օրինաց երկրի» հետ խոսի, «Օրինաց երկրի» հետ խոսեցի, ասում է` պետք է ուրիշին դիմես: Կես տարի անիմաստ պտտվել եմ»,- ասաց Կ. Դանիելյանը: Ռուս-հայկական համալսարանի նախագահ Արմեն Դարբինյանը, որն օրեր առաջ իր` «Արժանապատիվ ապագա» կուսակցության անունից «այո» էր քարոզում, երեկ դրական որեւէ բառ չասաց նախագծի վերաբերյալ: Անդրադառնալով Ա. Ռուստամյանի հավաստիացումներին, թե նոր սահմանադրությունը երկիրը կտանի զարգացման, նա հակադարձեց. «Դա մոտավորապես նման է մոլի ծխողի ամենօրյա խոստմանը, որ առավոտյան կարթնանա ու կթարգի: Այնքան էլ հավատալի չէ, որ մենք փոխում ենք երկրի ուղեգիծը»: Ի հավելումն` Կ. Դանիելյանն ասաց, որ ինքն էլ վստահ չէ, որ սահմանադրություն փոխելով երկրում ինչ-որ բան կբարելավվի: «Ես ուսանողների հետ Հրազդանի կիրճում 3000քմ անտառ-պուրակ էի կառուցել, ու այն հանձնել էինք քաղաքապետարանին: Բայց ԱԺ պատգամավորներից մեկը (խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է:-Լ.Ս.) այն քանդեց ու «Փարվանա» ռեստորան կառուցեց: Գործող սահմանադրությունն էլ նման բան թույլ չի տալիս»,- նկատեց Կ. Դանիելյանը` ավելացնելով, թե իշխանությունները սահմանադրություն, մի շարք օրենքներ, միջազգային կոնվենցիաներ ու կառավարության որոշումներ են խախտում` ասելով, թե «կա քաղաքական որոշում»: «Եթե քաղաքական որոշման արդյունքում նման օրենքներ են խախտում, ի՞նչ երաշխիք, որ նորն էլ չեն խախտի»,- դժգոհեց նա: Ա. Դարբինյանին նաեւ հետաքրքրում էր, թե ո՞վ է այս սահմանադրության իրական հեղինակը, ո՞վ է պատասխանատուն. «Չգիտենք, ո՞ւմ հետ քննարկենք այն,- հարցրեց նա` ավելացնելով,- այն ժամանակ հստակ գիտեինք, որ սահմանադրության հեղինակը Վլադիմիր Նազարյանն է, եւ նա էլ պատասխանատու էր դրա համար»: Հանգուցյալ Վ. Նազարյանի մասին խոսքերը դուր չեկան դաշնակցական Հրանտ Մարգարյանին. «Վլադիմիր Նազարյանը պատասխանատու չէր իր գրած սահմանադրության համար, նա ընդամենը պատվեր էր կատարել ու այն գրել էր որպես մասնագետ: Դա պատվեր է եղել, ու հիմա ասել, որ նա է հեղինակն ու պատասխանատուն եղել, այդպես չէ,- ասաց նա ու` տեսնելով, որ իրենց` «Ազգային համաձայնություն» վերնագրի տակ հրավիրած խորհրդակցությունը տապալվում է եւ իրենց ուզած` «այո»-ի հունով չի ընթանում, ասաց,- մեր հավաքի նպատակը պատասխանատու գտնելը չէ, մենք պետք է մեր չկողմնորոշված զանգվածին կողմնորոշենք»: Ներկաները զարմացած միմյանց հարցնում էին` «Ինչի՞, մեզ կանչել են, որ «այո» ասե՞նք»: Այնուհետեւ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը սկսեց բողոքել իշխանություններից` ասելով, թե մտավորականներին ու մասնագետներին հանրաքվեից չորս օր առաջ քննարկումների հրավիրելն արդեն ուշացած է, քանի որ իրենք այլեւս անզոր են որեւէ բան փոխել: «Մենք անընդհատ մասնագետներով փորձում էինք ձեռք բերել այդ նախագիծը` չէինք կարողանում, որովհետեւ այն դեռեւս չպետք է շրջանառվեր: Մի կերպ մի տեղից գտանք ու սկսեցինք մասնագետներով վրան աշխատել, բայց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, որը մեր դասախոսներից է, ասաց, որ անիմաստ ժամանակ մի վատնեք դրա վրա, որովհետեւ այն հոդվածները, որոնց վրա դուք աշխատում եք, արդեն փոփոխվել են: Այդպես էլ մենք չկարողացանք այդ նախագծի վերջնական տարբերակն ունենալ ու վրան աշխատել: Մարդ չենք գտնում, որի հետ հնարավոր կլիներ բանավիճել, ասեք` ո՞վ է հեղինակը, նրա հետ բանավիճենք: Էլ չեմ ասում մյուս մանր-մունր թերությունների մասին, որոնք ուղղակի ամոթ են»,- ասաց Գ. Ղազինյանը` ավելացնելով, որ սահմանադրության գաղափարը շատ «փոքր է, որպեսզի դրա շուրջ ազգային համաձայնություն կայանա»: Ստեղծված իրավիճակը փրկելու եւ իր` «ազատ, անկաշկանդ» արտահայտվելու կոչը լուրջ ընդունած մտավորականներին «այո» ուղու վրա բերելու համար Ա. Ռուստամյանը շփոթված ասաց, թե ինքը զարմացած է, որ նույնիսկ մտավորականներն ու մասնագետները չեն կարողանում գնահատել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Չեմ հասկանում` այդքան դժվա՞ր է պատկերացնել իրավիճակը: Մենք ունենք գազար ու բազուկ, եւ ասում ենք` ընտրեք կա՛մ բազուկը, կա՛մ գազարը: Մենք էս ենք բերել, բայց դուք ասում եք` չէ, մենք խնձոր ենք ուզում: Խնձոր չկա, կա բազուկ ու գազար, էդքան դժվա՞ր է հասկանալը: Ժողովուրդ, դուք պիտի ընտրություն կատարեք գազարի ու բազուկի միջեւ»,- վերջնականապես զայրացավ Ա. Ռուստամյանը: «Նեղանո՞ւմ են, որ «այո» չենք ասում»,- շուրջբոլորը նայելով, զարմացած հարցնում էր Գ. Ղազինյանը: Ա. Ռուստամյանին օգնության հասավ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Հովհաննիսյանը` դաշնակցականներին խնդրելով նախ իր բարեկամական ուղերձը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա առաջիկա երկու օրերին «իր խոսքն ասի հասարակությանը», իսկ հետո «այո» քարոզողներին հորդորեց «ոչ» քարոզողներից մի քանիսին իրենց տեղը դնել. «Առաջիկա երկու օրերին հարձակողական տոն պետք է բարձրացնեք, քարոզչությունն իներտ անցավ, նրբանկատությունն ավելորդ էր, որովհետեւ այդ «ոչ»-ի մեջ ոչ միայն համոզված «ոչ»-եր կան, այլեւ աբիժնիկներ: Ես այդ քարոզարշավին չկամ, եթե լինեի` մեկ-երկուսի դիմակները կպատռեի: Եթե Քոչարյանը նրանցից մի քանիսին կանչեր ու պաշտոն տար, նրանք էլ այսօր «այո» կքարոզեին»,- ասաց «քաղաքական մեկնաբանը», որը խորհրդաժողովից հետո` դիմելով դաշնակցական Լեւոն Մկրտչյանին, անկեղծորեն խոստովանեց, որ ինքը ծանոթ չէ փոփոխությունների նախագծին եւ խնդրեց իրեն մեկ օրինակ տրամադրել: Ի դեպ, Ռ. Քոչարյանին իր խոսքն ասելու կոչ արեց նաեւ համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ Յուրի Հովսեփյանը` ասելով. «Սահմանադրության երաշխավոր նախագահը պետք է պարզաբանումներ տա ժողովրդին: Մեր իշխանությունները Նոր տարուց` Նոր տարի են միայն հանդես գալիս, շնորհավորում են ու վերջ»: Ներկաները դեմ էին նաեւ երկքաղաքացիության արգելքը վերացնելուն: Օրինակ, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ներկաներին հիշեցրեց, որ երկքաղաքացիությունն արգելված չէ միայն Հայիթիում եւ Ուգանդայում, իսկ վերջինիս նախկին նախագահն էլ «մարդակեր էր»: «Քոչարյանը հիմա է մարդակեր, բա էն ժամանակ ի՞նչ կանի», «մեղա, մեղա», «Ուգանդայի էս նախագահն էլ է մարդ ուտո՞ւմ», «վայ մե՜, հիմա էլ ա՞ ուտում»,- Ա. Այվազյանի վերոնշյալ հիշեցումից հետո ասում էին խառնաշփոթի մեջ ընկած ներկա գիտնականները, դասախոսներն ու մտավորականները:

Իսկ Վահան Հովհաննիսյանը ներկաներին կողմնորոշելու համար ասաց, թե հիմա հասարակության զգալի մասը չի կարողանում կողմնորոշվել, քանի որ իրենց «կաշառող, փող տվող չկա, դրա համար էլ շվարել են»: Վերջում Ա. Ռուստամյանից հետաքրքրվեցինք` արդյոք իրենց հրավիրած այս խորհրդաժողովն ավելի շատ «այո»-ի հակաքարոզչություն չէ՞ր, եւ սրանով իրենք արդյոք ավելի չապակողմնորոշեցի՞ն հասարակությանը: «Ո՛չ, մենք ուզում էինք, որ մարդիկ ազատ արտահայտվեն, ասեն այն, ինչ մտածում են: Մենք շոու, թատրոն չէինք ուզում»:

Հ.Գ. Սահմանադրության փոփոխված տարբերակի մասին գրեթե նույն տեսակետներն արտահայտեցին նաեւ «այո» քարոզող Ժողովրդական տնտեսագիտության համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբայր Ժորա Ջհանգիրյանը եւ այլք: Նրանցից ոչ ոք համոզված չէր, որ ինչպես` գործող սահմանադրությունը, այնպես էլ` նորը Հայաստանի իշխանությունները կիրառելու են: