«Քաղաքական պրոցեսներին բանակի ներգրավումը ուղղակի թե անուղղակի եղանակներով անթույլատրելի եւ հակասահմանադրական է: Իրավունք չունեն, որովհետեւ, միեւնույն է, դա քաղաքական գործընթացներին անուղղակի մասնակցություն է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` խոսելով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի մասին, որի համաձայն` բանակը որոշ դեպքերում քաղաքական պրոցեսներին միջամտելու իրավունք է ստանում: «Այն տեսակետը, թե սա գործադիր իշխանությանը ձեռնտու է, ես առիթ եմ ունեցել գնահատելու քաղաքական ագռավություն: Վերահաստատում եմ իմ այդ միտքը եւ կռկռոցներից զատ` փաստում եմ հետեւյալը` գործադիր իշխանությանը նման իրավիճակներում շատ ձեռնտու կլիներ գործել այս օրենքի բացակայությամբ, եթե, Աստված մի արասցե, դրանք վրա հասնեն»,- ընդդիմությանը հակադարձել է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը` հաստատելով կառավարության այն մտադրությունը, թե այդ օրինագծի համաձայն` բանակը կարող է օգտագործվել զանգվածային անկարգությունների դեպքում: